Ասկերանի Խրամորթ գյուղի 52-ամյա բնակիչ Աբել Համբարձումյանը ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանական գերեվարությունից ազատվելուց հետո փորձում է վերականգնվել մղձավանջից, որի միջով անցել է գերեվարության օրերին։ Ֆիզիկական ցավեր ունի, ծեծի հետևանքով կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք, դժվարությամբ է տեղաշարժվում։ Աբելին խնամում է պատերազմի օրերին Գյումրի տեղափոխված ընտանիքը՝ կինը, որդին ու դուստրերը։ Աբելը մինչև հիմա չի հավատում, որ տուն է վերադարձել, գերության օրերին էլ ոչ մի վայրկյան նման հույս չի փայփայել։
NEWS.am-ի հետ զրույցում Աբելը հիշում է՝ ինչպես համագյուղացու հետ գերեվարվեցին նոյեմբերի 28–ին։
«Երեկոյան մոտ ժամը 5-ին ընկերս եկավ, ասաց՝ մի հատ գնանք, դաշտը նայենք, ցորենը դաշտից հանենք։ Գնացինք, մտանք դաշտ, որոշեցինք՝ որ կարելի է վարել, հետ դառնալուց մութ էր արդեն, որոշեցինք մյուս ճանապարհով գնալ, գիտեինք, որ այնտեղ դիրքեր ունեն, ուղղակի ստացվեց այնպես, որ ուղիղ դեպի իրենց գնացինք մինչեւ ճանապարհը թեքվելը, հենց ուզեցինք թեքվել՝ շրջափակեցին մեզ մոտ 15-20 զինվորականներ։
Կանգնեցրին, թե բա ի՞նչ եք անում, ասացինք՝ ոչ մի բան, եկանք դաշտը նայելու, մեզ իսկույն պառկեցրին գետնին, ձեռքերիցս բռնած քարշ տվին պոստ, Ռամիզի ավտոն էլ բերին պոստ, իրենց մոտ նստեցրին, ամեն մեկիս մի բաժակ թեյ տվին, ասում էին՝ հանգիստ եղեք, բաց ենք թողնելու ձեզ։ Ռամիզն ասաց՝ տղերք, եկել ենք՝ դաշտին նայենք, գնացեք, մեքենայում գարեջուր կա, վերցրեք, խմեք։ Այդ ընթացքում նրանք զանգում են իրենց հրամանատարին։ Մեկ էլ տեսանք՝ երկու մեքենաներ եկան, իրենց գնդապետն էր, եկան, թե ի՞նչ եք անում այստեղ, նույն ձեւով պատմեցինք։ Մոտ 2-3 րոպեի ընթացքում ասացին՝ արի մեզ հետ, նստացրեք մեքենան, դիմակը քաշեցին գլխիս, ինձ տարան մի ՈՒԱԶ, մյուսին՝ այն մեկը։
Կարդացեք նաև
Դա տեւեց մոտ 25 րոպե, չգիտեինք՝ ուր են տանում, տարան մի դպրոցական հին սենյակ, դիմակները հանեցին, ամեն մեկիս մի աթոռի նստեցրին, ոտք ու ձեռքերս կապեցին ու մինչեւ առավոտյան ժամը 8-ը այդպես պահեցին։ Առավոտյան մեզ նստեցրին մի ԶԻԼ՝ ճաղավանդակներով, էլի դիմակները գլխներիս հագցրած, մոտ 2-3 ժամ տեւեց այդ ճանապարհը։ Հետո մեքենայից մեզ իջեցրին, երկուսիս նստեցրին ՆԻՎԱ-ի հետեւը, իրենք էլ վարորդի հետ՝ դիմացը։ Սա տեւեց մոտ 1-1,5 ժամ։ Հետո նորից իջեցրին, նորից ճաղավանդակներով ԶԻԼ գցեցին, ինձ՝ մի բանտախուց, Ռամիզին՝ մյուս։
Երկու թիկնապահ էին մեզ հսկում, արդեն դիմակներս հանել էին, ոչինչ տեսանելի չէր։ Ճանապարհը տեւեց մոտ 4 ժամ։ Մտանք մի բակ, այնտեղ մեզ իջեցրին, տեսանք, կարդացինք, որ ռազմական ոստիկանությունում ենք, մտածեցինք՝ երեւի Կիրովաբադ կամ Բարդա են տարել, չէինք իմանում, որ Բաքվում ենք։ Ձեռնաշղթաները հագցրին, կապեցին ջեռուցման խողովակից, դուռը փակեցին, գնացին մինչեւ առավոտ։ 8։30-9-ին նորից եկան բացեցին, դիմակները հագցրին գլխներիս, ձեռքերս շղթաներով կապեցին, տարան նստեցրին ինչ-որ փոքր մեքենա ու տարան քննչական մարմին։
Այնտեղ դիմակները հանեցին, երկու գնդապետ են, 7-8 հատուկջոկատայիններ՝ դիմակներով, մեզ նստեցրին աթոռներին ու սկսեցին հարցաքննել՝ ի՞նչ տարիք ունեք, ինչո՞ւ եք եկել դիրք։ Իմ հագին կար սպայական վերարկու, ասացին՝ դա որտեղի՞ց է, ասացի՝ վերարկու է էլի, տաքության համար հագել եմ։ Ասաց՝ ոչ, դուք հետախույզներ եք, եկել եք դիրքերը հետախուզելու, որ դիրքը վերացնեք, մի խոսքով՝ գործ էին սարքում գլխներիս։ Ռամիզին դուրս բերեցին սենյակից, ինձ սկսեցին հարցաքննել։ Հարցրին՝ քանի՞ տարեկան ես, ասացի՝ 52, ասաց՝ ուրեմն 90-ականների կռիվներին մասնակցել ես, ասացի՝ չեմ մասնակցել, դուք եք սկսել կռիվը, մեր գյուղը վառեցին, մենք բարձրացանք սարը, 1,5 տարի այնտեղ էինք ապրում, պատմեցի՝ ինչ կար:
Լավ ծեծեցին, 5-6 ժամ հարցաքննությունն ընթացավ, ծեծում էին, գցում, նորից բարձրացնում, հարցնում, եթե իրենց ուզածը չես ասում, նորից են ծեծում, ինչպես ինքն է ուզում, այդպես պիտի լինի։ Ծեծողները գնդապետերից մեկն էր եւ հատուկջոկատայինները։ Ամեն անգամ երկաթից ձեռնոցներով 7-10 անգամ ձախ կողիս են խփել, հետո՝ 2-3 անգամ աջ երիկամիս։
Հետո մեզ նորից նստացրին մեքենան, ինձ տարան այլ մեկուսարան, Ռամիզին՝ ուրիշ։ Գոռում էին, հայհոյում, երեկոյան մի փոքր կտոր հաց էին տալիս, ջուր չկա, զուգարան չկա։ Շատ անմարդկային պայմաններ 3 օր շարունակ։ Նրանց թիրախը ես էի տարիքիս պատճառով, թե դու պիտի ասես, որ Խոջալուի կռվին մասնակցել ես, հրամանատարն էլ այս մարդն է եղել, ձեզ հրամայել են, որ Խոջալուում կոտորեք։ Ասել եմ՝ ես այնտեղ չեմ եղել, գոնե ծանոթ մա՞րդ, ասել եմ՝ ոչ։
Ես չէի պատկերացնում, որ կարող է՝ հետ գամ, որովհետեւ ով գնում, գալիս էր բանտում, գոռում էր՝ մեր մատաղացուները ո՞ղջ են դեռ, չէի վախենում, արդեն սովոր էի։ Ասաց՝ քեզ 2 օր ժամանակ, ամեն ինչ լավ է լինելու։ Մեզ հետ բերեցին բանտ, հաջորդ օրը առավոտյան կիրակի էր, չէին տանում, մեկ էլ 3-4-ի կողմերը դուռը բացեցին 4 ջոկատայիններ, մի 2 անգամ ոտքով խփեցին, գլուխս այնքան ուժեղ խփեցին ջեռուցման խողովակին, որ ճռթաց, ընկա։ Մի քանի վայրկյան տեւեց, հանեցին, դիմակը քաշեցին գլխիս, ձեռնաշղթաներըով կապեցին, նստացրին մեքենան, բայց երկար ճանապարհ էինք գնում, իմ հաշվարկով քննչական չէինք գնում, արդեն մեկ ժամը անցել էր։
Թուրքերեն խոսում էին, հասկանում էի, որ ասում են՝ դեպի Հայաստան են գնում, ընկերս հակառակն էր հասկացել, ասացի՝ քիչ խոսիր, մեզ տանում են փոխանակելու։ Տարան մի բանտ, վերելակ նստացրին, իջեցրին, լավ ծեծեցին, հիմնականում հետեւից ոտքերիս էին խփում։ Երկուսիս մերկացրին, երկու կողմից նկարեցին, բայց առանձին, իրար չենք տեսել։ Ինձ նոր քաղաքացիական տաբատ եւ հողաթափեր տվեցին, տարան առանձին բանտախցեր, ուտելիք տվեցին առաջին անգամ, մի խնձոր եմ մենակ կերել։ Կես ժամ անց դուռը բացեցին, թե բա՝ շուտ հացը հավաքիր, նորից վերելակ նստեցրին, տարան ռազմական ոստիկանության նոր մեքենաներ՝ առանձին բանտախցերով։
Ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են մեքենան, քանի որ անցակետում էինք։ Ասացին՝ սրանց տանում ենք Հայաստանի կողմերը, ես այդտեղ արդեն ուրախացա, հասկանում էի։ Ձեռքերը ճաղավանդակներից գցում են ներս, մի երկու անգամ լավ խփում երկուսիս գլխին, ասում են՝ ինչո՞ւ եք տանում, բերեք այստեղ, հարցերը լուծենք, ասում են՝ չէ, թողեք՝ տանենք։ Տանում են, մոտ 2 ժամ անց ուղղաթիռների ձայներ ենք լսում, ընկերս ասաց՝ խաբել են մեզ, ուրիշ տեղ են տանում։ Կես ժամ անց դռները բացեցին կոստյումով հագնված մարդիկ, ձեռնաշղթաները հանեցին, մեր հագուստներն ուղղեցին, ասացին՝ մի վախեցեք, մեզ հետ հանգիստ եկեք։ Նայում եմ՝ ինքնաթիռ է՝ դուռը բաց, ռուսական զորքը կանգնած, մոտ 5 հոգի, գեներալ Մուրադովը եկավ մեզ բարեւեց, ասաց՝ տղերք, ո՞նց եք, ամեն ինչ լավ է, հանգիստ մտեք ուղղաթիռ։ Ռամիզը չէր համբերում, հարցրեց՝ պարոն գեներալ, մեզ ո՞ւր եք տանում, ասաց՝ ո՞նց ուր, Հայաստան։ Այդտեղ ավելի ուրախացանք։ Գիշերը 1-ին մեզ իջեցրին Էրեբունի հիվանդանոց, այնտեղ մեզ հայ սպաները դիմավորեցին, տարան իրենց մոտ, զանգեցին հարազատներին, խոսեցինք»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում