Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ գիշեր սարերի միջով Հադրութից վազել են Մարտունի, Թորգոմը վիրավոր, բայց մինչև վերջ մնաց ընկերների հետ». կամավորի ընկերուհի

Դեկտեմբեր 06,2020 13:05

Բարի, հոգատար, հայրենասեր, անչափ ընկերասեր. այսպես է նկարագրում Մարտունիում զոհված կամավոր Թորգոմ Վարդանյանին նրա ընկերուհին՝ Սոնա Պետրոսյանը:

Թորգոմ Վարդանյանը ծնվել է Երևանում, որոշ ժամանակ ապրել է Ռոստովում, հետո նորից վերադարձել Հայաստան: Aravot.am-ի հետ զրույցում Սոնա Պետրոսյանը պատմեց՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան խոսել են՝ Թորգոմն ասել է՝ պատերազմ է սկսվել, պետք է գնամ: Սոնան հիշեց. «Ինքն ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր գրանցվել, որ գնար, բայց քանի որ չէր ծառայել, չէին տանում, պատերազմն էլ դե կարճ տևեց, այդպես էլ չգնաց: Այս անգամ ամեն տեղ գրանցվեց, ամեն ինչ արեց, որ գնար: Իր հորեղբոր տղան էլ է ծառայության մեջ այս պահի դրությամբ, ուզում էր հորեղբոր տղայի մոտ գնալ: Այդպես իրենց տարան Հադրութ: Ճիշտ ասած՝ ոչ ես, ոչ էլ իր ընտանիքի անդամներն էին ուզում, որ գնար, որովհետև ինքը շատ տաքարյուն է, մտածում էինք՝ հաստատ ինչ-որ բան կլինի իրեն այնտեղ, այդ պատճառով էլ իրեն ազատել էին բանակից: Բայց որոշեց, որ անպայման պիտի գնա…»:

Թորգոմը մեկ եղբայր ունի՝ 17 տարեկան: Սոնան հիշում է՝ Թորգոմն ասում էր՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք գնալ, պաշտպանել մեր հայրենիքը. ոչ մեկս չենք կարող նստել ու սպասել, որ թշնամին գա ու մտնի մեր տուն: Սոնան պատերազմի օրերին ամեն օր օրական երկու անգամ խոսել է Թորգոմի հետ, իհարկե, կարճ, բայց ամեն օր: Նա նշեց՝ ասել է գոնե արի, հանգստացի, մանավանդ, որ թույլատրվում էր, բայց Թորգոմն ասել է՝ չի կարող թողնել իր ընկերներին ու թեկուզ երկու օրով գալ, նստել Երևանում, անգամ վիրավոր, բայց հայրենի հողն է պաշտպանել:

Սոնան ասաց՝ հոկտեմբերի 28-ին վերջին անգամ է խոսել ընկերոջ հետ: Հազիվ հուզմունքն ու լացը զսպելով՝ նա հիշեց. «Պատերազմի ամբողջ ընթացքում Թորգոմը եղել է Հադրութում, իսկ հոկտեմբերի 28-ին գնացել է Մարտունի, հոկտեմբերի 29-ին զոհվել է: Ամեն օր օրական երկու անգամ զանգում էր, մի քանի րոպե էինք խոսում, ասում էր՝ երկար խոսելը վտանգավոր է, ինքն էր միայն մեզ զանգում: Մի քանի դրվագ պատմել էր իր ծառայությունից: Պատմել էր, թե իր հետ ինչ դեպք է տեղի ունեցել: Ինքը կանտուզիա էր ստացել, ուսն ու ոտքն էին վիրավորվել, բայց էլի չէր գնացել հիվանդանոց, չէր թողել ընկերներին: Հադրութում էր եղել, ԱԹՍ-ն իր գլխի վրայով էր անցել, ինքն ուշագնաց էր եղել, հետո որ արդեն արթնացել էր, իրեն թվացել էր՝ գերի է ընկել, ուզել էր ինքն իրեն պայթեցնել, որ գերի չընկնի, բայց հասկացել էր, որ իր զինակիցներն են կողքին: Ասում էր՝ ականջներից արյուն էր գալիս երևի մի երկու շաբաթ, բայց ոչ մի օգնություն չէր կարողանում հասնել իրենց, որ բժշկական օգնություն ցույց տային: Ոնց հասկացա՝ անգամ ցավազրկող դեղ չունեին, քանի որ իրենք երևի մի երկու շաբաթ եղել են շրջափակման մեջ, ոչ մի օգնություն իրենց չի կարողացել հասնել: Հոկտեմբերի 28-ին դուրս են եկել շրջափակումից, քանի որ հոկտեմբերի 28-ի առավոտյան, որ ինձ զանգեց, ասաց՝ ամբողջ գիշեր վազել են սարերի միջով, երևի թե վերջին երկու դիրքն էր Հադրութում մնացել: Իրենք այդտեղից ոտքով փախել են Մարտունի: Հրաման է եղել, որ պետք է լքեն այդ դիրքերը, և իրենք ամբողջ գիշեր փախել են ու հասել Մարտունի»:

Սոնան ասաց՝ Թորգոմի զինակից ընկերներն ասում են, որ իրենց սխալ ուղղությամբ են ուղարկել, և գնացել, ընկել են կրակի բերան: Հենց դա է պատճառը եղել, որ զոհվել են: Սոնան մանրամասնեց. «Երբ այդ ուղղությամբ գնացել են, գիշերը փորձել են մի քիչ հանգստանալ. ինչ-որ շինություն է եղել, տղաների մի մասը քնել է, մյուսները՝ հսկել: Թորգոմը քնած է եղել այդ ընթացքում, որ ԱԹՍ-ն եկել, ընկել է, շինությունը փլվել է բոլորի վրա, ու տղաների մի մասը մահացել է, ինքը ծանր վիրավորում է ստացել. բեկորը դեմքի շրջանից մտել է ականջը ու հետևով դուրս եկել, բայց իրեն Ստեփանակերտի հիվանդանոց են հասցրել, վիրահատել, բժշկական օգնություն ցույց տվել, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել նրա կյանքը փրկել»:

Սոնան մեզ հետ զրույցում պատմեց՝ Թորգոմը հոկտեմբերի 28-ի երեկոյան իրեն զանգել է ժամը 19:30-ին ու ասել. «Ասաց՝ լավ չեմ. ոնց որ կորել ենք, հետո կզանգեմ, ու այդքանն ենք խոսել: Հոկտեմբերի 29-ից որ լուր չունեինք, անհանգստացանք, իր ծնողներն են Թորգոմին փնտրել, նոյեմբերի 4-ին նոր իմացել ենք, որ զոհվել է: Ինքը թևի վրա դաջվածք ուներ, այդպես ենք գտել իրեն, քանի որ ինքն իր մոտ փաստաթղթեր չուներ. կորցրել էր: Ստեփանակերտից բերել էին Գորիս, Գորիսից էլ Աշտարակ: Իր ծնողներն են գտել»:

Սոնան արցունքն աչքերին ասում է՝ այս տարի որոշել էին ընտանիք կազմել: Տասը տարի միասին ընկերություն են արել, սակայն անընդհատ ինչ-որ բան խանգարել էր իրենց՝ ընտանիք կազմելու: Նա նշեց. «Թորգոմն ուզում էր ավելի կայանալ, հետո ամուսնանայինք: Որոշել էինք՝ այս տարի անպայման պիտի ամուսնանաք, թե չամուսնանանք, էլ չենք ամուսնանա: Սկզբում համավարակը, հետո արդեն պատերազմը խանգարեց…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Թորգոմ Վարդանյանի ընկերուհին՝ Սոնա Պետոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031