Լրահոս
Օրվա լրահոսը

Հրով լինի, սրով լինի, պիտի գնան վաղ թե ուշ․ առաջնագծում գտնվողների մտորումները

Դեկտեմբեր 06,2020 11:35

Չեմ հիշում որեւէ դեպք, երբ հարցազրույցի գնացած լինեմ ու չստացվի։ Չստացվի թերեւս այն պատճառով, որ հանդիպելով այդ մարդկանց՝ փոխվում է նախապես ծրագրածդ։ Երեքն էին ու նրանց ընկերությունը սկսվել էր առաջնագծում՝ կապանցի Սասունը, սիսիանցի Յուրոն եւ թալինցի Լյովը։

Սասունն ու Յուրոն 1990-ական թթ․ հայ-ադրբեջանական հակամարտությանն են մասնակցել։ Չեն համեմատում այս ու այն պատերազմները։ «Սխալ է համեմատելը, ժամանակ է փոխվել, զարգացել է տեխնիկան»,–ասում են նրանք։ Ո՛չ իշխանական են, ո՛չ էլ իրենց խոսքով՝ «17 թե՞ 16, գուցե արդեն 15 դարձած կուսակցությունների շարժման համակիրը»։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, պահել ենք հողը, կռվել ենք ու կռվելու ենք»,–հայտարարում են նրանք։ Հեշտ չէր․ աչքների առաջ ընկերների կորուստ։ Նահատակվում էին տղերքը․ մեր զրուցակիցների խոսքով՝ իրենցից ամեն մեկը սպասում էր, որ հերթական զոհը ինքը կլինի։ Բայց Աստծո կամոք դեռ պայքարելու են։

«Մի օր ավտոյով տղերքին հաց էինք տանում։ Անօդաչու թռչող սարք հայտնվեց այդ պահին ու Յուրոյի մաման զանգեց; Մամ, ես լավ եմ, տուք հունց ըք, ինչ կա–չկա Սիսիանում»,–արդեն ծիծաղելով պատմում է Սասունը։

Յուրան իր հերթին զարմանում է ու հակադարձում ընկերոջը՝ ասելով․ «Բա ի՞նչ անեի, ասեի մամ, վախում եմ, բեսպիլոտնիկ ա ֆռֆռում»։ «Էտ անտերի ձենը նենց մի տեսակ ա, որ գալիս պտտվում է, մի քանի վայրկյան ա տեւում, բայց ոնց որ մի քանի ժամ»,–ասում է Լյովան։

Մահվան աչքերին բազմաթիվ անգամ նայած այս տղերքը հիմա ազատ են, մի քիչ ժամանակ ունեն, կարելի է եւ խմել։ Առաջինը նահատակ տղերքին են հիշում, հետո իրենց հրամանատար, գնդապետ, «Հայրենիք»-ի շքանշանակիր, Հայաստանի ազգային հերոս Գարեգին Պողոսյանի կենացն են խմում, որի ռազմական հմտությունների շնորհիվ իրենց ջոկատը շատ բանի հասավ։

Երրորդ բաժակով երեխաների կենացն են խմում, որ պահանջատեր մեծանան։ «Սյունեցի երիտասարդը պիտի իմանա հողի արժեքը, պատմությունը, թե ում հողի համար է պայքարում, ինչի համար է կռվում։ Այ էդ ժամանակ հաստատ ոչ մի բանակ մեզ չի հաղթի։ Ոչ միայն զենքով պիտի կռվենք, այլ գաղափարի համար էլ պիտի պայքարենք։ Զենք կա, կռվող չկա»,–ասում է Լյովան։

Տղերքը խոսում են, մտահոգություններով կիսվում իրար հետ, քննարկում վաղվա տեսլականը։ Հիմա էլ են ծառայության մեջ։ Պատերազմը չի ավարտվել։
Պիտի գնան՝ հրով լինի, սրով լինի։ Զենքով լինի, խաչով լինի՝ պիտի գնան վաղ թե ուշ․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031