Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական կառույցներ` առանց հստակ նորմերի

Դեկտեմբեր 06,2020 09:50

«Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման և կառուցման ոլորտը կարգավորող, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նորմեր չկան։ Անհրաժեշտության դեպքում առաջնորդվում են Խորհրդային միության նորմատիվ փաստաթղթերով»,- սա մեջբերում է ՀՀ ԱԻՆ ուղղված մեր հարցման պատասխանից։

Ներկայումս ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է մի շարք նորմատիվ փաստաթղթերի վերանայման գործընթաց։ Կոմիտեն մշակել է ճարտարապետահատակագծային փաստաթղթերում պաշտպանական կառույցների և ստորգետնյա ավտոկայանատեղերի պարտադիր նախատեսման օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնք ներկայացված են Արդարադատության նախարարություն՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։

Իսկ մինչ այդ փոփոխությունները իրականություն դառնան, մենք պետք է բավարարվենք ունեցածով։

Ապաստարանի ծանր ու սև դուռն է բացվում։ Դռնից այն կողմ սրահ է՝ տարրական պայմաններով․ վերանորոգված է, կա լուսավորություն, ջրի պաշար և բջջային կապի հնարավորություն։ Անհրաժեշտության դեպքում այստեղ պատսպարվել հնարավոր է։ Այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից մի քանի օր անց Երևանի վարչական շրջանների ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները միասին շրջայցեր են կազմակերպել պաշտպանական կառույցներում, շենքերում, ստուգել՝ ինչ կարգավիճակում են դրանք ու մաքրման աշխատանքներ կազմակերպել։

Վարչական շրջաններից մեկի ղեկավարն ասում է՝ տարիներով կուտակված շատ խնդիրներ կան, պաշտպանական կառույցներն իդեալական վիճակում չեն։

Ըստ ՀՀ Կառավարության՝ բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին որոշման, որ գործում է դեռևս 2000թ․-ից, արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումն իրականացվում է այնպիսի պաշտպանական կառույցներում, ինչպիսիք են՝ ստորգետնյա հատուկ շինությունները` ապաստարաններ, թաքստոցներ (հակաճառագայթային, պարզագույն, նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ), մետրոպոլիտեն, և բնակելի ֆոնդի տարածքները (առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես հակաճառագայթային թաքստոցներ, նկուղներ, կիսանկուղներ):

Արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը ներկայացնում է պաշտպանական տարբեր կառույցներում պարտադիր նվազագույն պայմանները։

Ասում է՝ եթե պաշտպանական կառույցը նախատեսված է երկարաժամկետ պատսպարման համար, ապա ներսում պետք է առնվազն երեք օր ապրելու հնարավորություն ու պայմաններ ստեղծված լինեն։

«Առհասարակ, ապաստարանը 2 մեծ խմբի է բաժանվում։ Այն տարածքը, որտեղ լինելու են մարդիկ, պետք է լինի նաև կառավարման կետը, բուժկետը։ Դա կոչվում է հիմնական տարածք։ Իսկ օժանդակ տարածքում պետք է լինի, օրինակ, ջրի պաշար՝ խմելու և տեխնիկական այլ հարցերի համար, պետք է ապահովել սանհանգույցների որոշակի քանակ՝ տղամարդկանց և կանանց համար։ Պետք է լինեն որոշակի քանակությամբ տախտակներ, որոնց վրա կարելի է նստել, պառկել, հանգստանալ»։

Ապաստարաններն այն կառույցներն են, որոնք պետք է պաշտպանեն հակառակորդի հավանական զինատեսակների բոլոր խոցող գործոններից։
ՀՀ ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանն ասում է՝ նորմատիվներ չունենալը ճիշտ չէ, մանավանդ, որ Արցախյան այս պատերազմը ցույց տվեց, որ բնակիչները հնարավոր է՝ ստիպված լինեն երկար ժամանակ անցկացնել պաշտպանական կառույցներում և չկարողանան դուրս գալ։

Բացվում է Երևանի ապաստարաններից մեկի ևս մի դուռ։

Կանաչավուն պատին կարդում ենք՝ «По гражданской обороне граждане СССР обязаны знать и уметь…» (խմբ․՝ Քաղաքացիական պաշտպանության մասին ԽՍՀՄ քաղաքացիները պարտավոր են իմանալ և կարողանալ ․․․) գրությունը, որին հաջորդում է գիտելիքների ու կարողությունների երկար ու հստակ ցանկը։

Կան նաև այլ ցուցանակներ, որոնք զգուշացնում են ,թե ինչ վարք պետք է դրսևորի քաղաքացին քիմիական զենքի կիրառման դեպքում և ինչ օգտագործի․ «Жидкость ядовита и опасна для глаз !», «Год выпуска 1979» (խմբ․՝ «Հեղուկը թունավոր է և վտանգավոր աչքերի համար», «Արտադրման տարեթիվը՝ 1979»)։

Երկարաժամկետ պատսպարման համար նախատեսված այս ապաստարանում, սակայն, պարտադիր համարվող սանհանգույցն, օրինակ, բարվոք վիճակում չէ։

«Նկուղներն, օրինակ, պարզագույն թաքստոցներ են և նախատեսված են կարճաժամկետ պատսպարման համար։ Պարզագույն թաքստոցներ են նաև գետնանցումները, մետրոպոլիտենը, խորացված այլ հատվածները։ Շենքի ներքևում գտնվող նկուղում ամենակարևորը պետք է լինի նստելու տեղ, առաստաղի բարձրությունը 1,9 մետրից ցածր չպետք է լինի, բնակիչներին խորհուրդ է տրվում խմելու ջրի և սննդի որոշակի պաշար վերցնել իրենց հետ, այլ խիստ պահանջներ չկան։ Բացի այդ, բոլոր հիմնակություններին, որոնց հետ աշխատում ենք, ևս խորհուրդ ենք տալիս գոնե պարզագույն թաքստոցներ ունենալ, որտեղ առկա է նստելու հնարավորություն, կապի որոշակի միջոց և ջրի պաշար։ Սանհանգույցի առկայությունն էլ ցանկալի է, ոչ՝ պարտադիր»,- ասում է Էդան Սնգրյանը։

Մեկ այլ թաքստոցի դուռ է բացվում։ Այն կարճաժամկետ պատսպարման համար է, կա միայն լուսավորություն ու նստելու հնարավորություն։ Կապի որևէ հնարավորություն և ջրի պաշար չկա։

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շարքում են նաև պաշտպանական կառույցների շինարարությունը և պահպանումը, անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը և պահպանումը, սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը և պահպանումը, քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:

Վարչական շրջաններից մեկի ղեկավարը նշում է, որ ոչ բոլոր ապաստարաններն ունեն պահանջվող հագեցվածությունը։

«21-րդ դարում այնպիսի զենքեր են կիրառվում, որ տարիներ առաջ շենքերը կառուցելիս ոչ մեկը չի նախատեսել, որ պիտի նման տեսակի զենքերից էլ պաշտպանվենք։ Հիմնականում բեկորային պայթյունների համար են նախատեսված ապաստարանները։ Օրինակ քիմիական զենքի կիրառման  դեպքում չկա երաշխիք, որ բոլոր ապաստարաններում անվտանգությունն ապահովված է»։

Համեմատաբար բարվոք վիճակում գտնվող ապաստարանում կարելի է և՛ երկարաժամկետ ապաստանել, և՛ կարճաժամկետ։ Դեղատուփեր, ջուր, հեռախոսակապ, օդափոխության համակարգ, յուրաքանչյուր դեպքի համար՝ պատասխանատու անձ։

Մյուս թաքստոցն, ասում են, մաքրել են։ Բնակիչները գիտեն, անհրաժեշտության դեպքում այստեղ են գալու՝ կարճաժամկետ։ Ներսում, սակայն, տեղ-տեղ կուտակված աղբ ու սարդոստայններ կան։ Լուսավորություն չկա, օդափոխության համակարգ` նույնպես. այստեղ 5 րոպե անցնկացնելն անգամ դժվար է։

Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ պատերազմի մեկնարկից օրեր անց սկսել են իրազեկման գործընթաց, որ բնակիչներն իմանան՝ որտեղ պատսպարվել։

«Շենքերի մուտքերին փակցված ինֆորմացիոն թերթիկներ կան, որոնք մարդկանց հուշում են՝ ուր գնալ, ինչ վերցնել իրենց հետ»։

Հանուն ճշմարտության նշենք, որ ոչ բոլոր շենքերի վրա փակցված թղթի վրա կար թաքստոցի մասին տեղեկություն։

Եթե անհրաժեշտություն լինի, բոլոր բնակիչներին հնարավո՞ր է տեղավորել պաշտպանական կառույցներում։

Հարցին ղեկավարը պատասխանում է այսպես․ «Իրավիճակը գերազանց չէ, բայց՝ վատ էլ չէ։ Չեմ կարող ասել, որ ընդհանրապես չենք կարող, բայց չեմ էլ կարող ասել, թե ամբողջությամբ, լիարժեք կարող ենք ապահովել բոլորին»։

Խնդիրը, նրա խոսքով, նաև այն է, որ վարչական շրջանի բնակիչների հստակ թվի մասին իրենք տեղեկություն չունեն։ Ասում է՝ գուցե մեկ բնակարանում գրանցված է 5 հոգի, բայց փաստացի բնակվում է 1-ը կամ էլ ընդհանրապես՝ ոչ մեկը։ Բացի այդ, նկուղ ունենալու դեպքում, սեփական սեկտորում բնակվողները  առաջին հերթին հենց դա պետք է ապաստարան դիտարկեն։

Նշում է՝ նաև կարևոր է ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ, որ խուճապի մատնվելու փոխարեն գնա այնտեղ, ուր հորդորել են գնալ։ Ասում է՝ քանի՞սը կանեն այդ գործողությւոնները, քանի՞սը՝ ոչ։

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածն ասում է՝ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է: Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում:

Պետությունը պատրաստ եղե՞լ է վերոնշյալ գործառույթի հարցում։

Պետական կառույցների ներկայացուցիչները դժվարանում են միանշանակ պատասխան տալ։

«Պետությունը և՛ պատրաստ է, և՛ պատրաստ չէ։ Կան քաղպաշտապանության միջոցառումներ, որոնք իրականացնելու համար լիազորությունների բաշխում է կատարված։ Կառավարությունն իր անելիքն ունի, քաղաքապետը՝ իրենը, մարզպետը՝ իրենը, կազմակերպություններն ու քաղաքացին՝ իրենցը։ Օրինակ, եթե կա օրենք, ուրեմն Կառավարությունն իր խնդիրը լուծե՞լ է, երևի թե ոչ, համապատասխան պլանները մշակված են բոլոր մակարդակներում, սա բավարա՞ր սահման է, երևի թե էլի ոչ, բնակչության մեծ մասը գիտի՞ տարբեր իրավիճակներում իր անելիքը, կրկին քիչ է»։

Ասում է՝ երբ նայում են օրենսդրական դաշտին, փաստաթղթերի մշակվածությանն ու քանակությանը, թվում է, թե ամեն հարցի պատասխան կա, բայց երբ իջնում են կատարողների՝ բնակչության մակարդակի, որին էլ պիտի նպատակաուղղված լինեին միջոցառումները, տեսնում են, որ իրենց կամ հետաքրքիր չէ, կամ բավարար իրազեկված չեն, իսկ, երբ իրազեկվածության մակարդակը ցածր է, ցածր է նաև պաշտպանվածության մակարդակը։

Սոֆի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031