Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորների միջազգային օր Գյումրիում (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 06,2020 00:03

Գյումրիում այսօր նշվեց կամավորների միջազգային օրը, որը դեռ 1985 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից։ Միջոցառման կազմակերպիչները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն և ՄԱԿ-ի Բանկչության Հիմնադրամը շնորհակալագրեր և մրցանակներ շնորհեցին Գյումրիում գործող 9 տարբեր կազմակերպությունների՝ արտակարգ իրավիճակների պայմաններում աչքի ընկած կամավորներին։


Միջոցառմանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Խրախուսվեցին այն բոլոր անհատները, որոնք հայրենիքի համար նեղ պահին իրենց կամավորական աշխատանքի միջոցով աջակցությունն էին ցուցաբերել թե՛ զինվորներին, ու թե՛ Արցախից Հայաստան տարհանված ընտանիքներին։
Միջոցառման ընթացքում կամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ «Կամավորական աշխատանքի մարտահրավերները և դրանց լուծումները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով քննարկում։

Գյումրու ԵՆԿ հ/կ նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր առաջնորդած կառույցը 2008 թվականից սկսած՝ դեկտեմբերի 5-ը դարձրել է Հայաստանում ամեն տարի նշվող տոներից մեկը․ կամավորական աշխատանքի մշակույթը Հայաստանի Հանրապետությունում տարածելը իրենց ռազմավարական նպատակներից է։ Այս կառույցը մեծ թվով կամավորների է հյուրընկալում տարբեր երկրներից։

Մեր զրուցակիցն ասաց, որ իրավիճակով պայմանավորված՝ այս տարի որոշել էին չնշել տոնը, սակայն պատերազմական իրադրությունն ավելի ու ավելի է արմատացրել այն միտքը, որ Հայաստանն իրականում կամավորական աշխատանքի հսկայական ներուժ ունի, և մեր պետությանը սատար կանգնողները հենց կամավորներն են եղել՝ ոմանք առաջնագծում, մյուսներն էլ՝ թիկունքում, ուստի աշխատանքը պետք է արժևորել։

«Կամավորական աշխատանքը, որ տեղի ունեցավ քովիդի տարածումից հետո և ավելի մեծ թափով շարունակվեց արցախյան գոյամարտի ժամանակ, ստիպեց մեզ, այնուամենայնիվ, նշել օրը, արժևորել կամավորների անգնահատելի աշխատանքը և ազդակ տալ, որ սա սկիզբն է։ Կամավորական աշխատանքի առաջին փուլն ավարտել ենք, բայց մենք ունենք հսկայական անելիքներ, քանի որ այսօր՝ հետպատերազմյան վիճակում հսկայական աշխատանք ունենք անելու Արցախից տեղահանված ընտանքիներին աջակցելու համար, և դա ոչ միայն հագուստի, պարենի մասով է, այլ նրանց մեր հասարակության մեջ լիովին ներգրավելու։ Նրանք, հայ լինելով հանդերձ, ունեն մշակութային առանձնահատկություններ, լեզվական ռանձնահատկություններ, աշխարհայացքի հսկայական տարբերություններ, և մեր այս հայրենակիցների հետ լուրջ աշխատանք պետք է իրականացնենք, որ ներառվեն և դառնան մեր հասարակության լիիրավ անդամ»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում կամավորությունը գնալով արժևորվում է և իրավական հիմքերի վրա դնելու խնդիրն է առաջ գալիս․ այն ժամանակի ընթացքում մարդկանց համար դարձել է ոչ միայն կարիքավորներին բարեխղճորեն աջակցելու, այլ ինքնակայանալու, ինքնակրթվելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու միջոց։

Արթուր Նաջարյանըը պատմեց, որ երբ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն սկսել է «Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնությունը, իրենց՝ որպես կամավորներ, միացել են տարբեր տարիքային խմբի մարդիկ՝ 12-13 տարեկանից սկսած մինչև 85 տարեկան, և երբ հարցրել են՝ ինչու ես ուզում կամավորական աշխատանք իրականցնել, պատասխանել են՝ իմ ինքնաբավության, ինձ մարդ զգալու համար։ Փոքրիկները սկսել են ծանր անիվներ հավաքել կենտրոնի բակում, իսկ 80 տարեկան մի տատիկ գուլպաներ է գործել զինվորներին՝ ասելով՝ ես ձեր կամավոր զինվորն եմ, ուղղակի տանից եմ աշխատում։

«Թիկունքում զինվորին, արցախցուն սատար կանգնելու մեծ ցանկությունը դրսևորվեց տարբեր ձևով։ Կամավորական աշխատանքի միջոցով շատերը փորձում էին իրենց պիտանի զգալ և ամեն կերպ ջանում էին աջակից դառնալ։ Այս ամիսների ընթացքում չի եղել սեռային աշխատանքի որևէ բաժանում․ կամավոր վարորդ կանայք ունեինք, ունեինք ծանր գործ անող աղջիկներ․ իրենց կանացիության տակ մեծ ուժ ունեին, որն ուղղակի անգնահատելի է։ Դա տեղի ունեցավ, որովհետև արվում էր «հանուն»-ի․ մենք գիտեինք հանուն ինչի, և դա ամենկարևոր էր»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը երկար տարիներ զբաղվել է կամավորական աշխատանքով, մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև 2020 թվականը կամավորականության թեմայով, մասնավորապես կամավորության մասին օրենք ունենալու, նրանց իրավունքները պաշտպանելու առումով ավելի շատ հետաքրքրված էր հասարակական ոլորտը։

«2020 թվականին ելնելով տարվա բարդ առանձնահատկություններից, երբ տարին սկսվեց համավարակով, այնուհետ ունեցանք պատերազմական իրողությունը, կամավորական ռեսուրսն իրապես՝ սկսած աջակցության գործառույթների իրականացումից վերջացրած կամավորության գերադրական աստիճանով՝ հայրենիքի պաշտպանության գործառույթով, այն իր ամբողջaկան սպեկտորով բացվեց։

Մեր հասարակությունում կամավորների պակաս չեղավ, աջակցության գործառույթներ, որոնք մարզպետարանում էին հայտարարվում՝ թե՛ քովիդի բուժման կազմակերպման, և թե՛ պատերազմական փուլում, մենք որևէ անգամ մարդկային ռեսուրսի պակաս չենք ունեցել։ Շատ կարևոր ամրագրում է, որը գալիս է հաստատելու դիմացինի, հարևանի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացողությամբ երիտասարդ լավ սերունդ է աճում։

Բայց պիտի նշեմ, որ միայն երիտասարդները չէին, բոլոր տարիքային խմբի ներկայացուցիչներ կային բոլոր փուլերում։ Եվ այսօր կամավորության միջազգային օրը ԵՆԿ-ն լավ հնարավորություն է ստեղծել մեկ անգամ ևս վերահաստատելու, որ կամավորականությունն անշահախնդիր ինչ-որ բան դեպի լավը փոխելու մեծ ձգտում է, որի անունը մենք կամավորականություն ենք տալիս։ Այն մեր հանրության բնութագրող մշակույթի մի մասն է, բաղկացուցիչ մի մասն է․ և այս միջոցառումները հաստատում են, որ այո՛, որպես քրիստոնյա ազգ, որի հիմնական առաքելությունն է այդ գաղափախոսությամբ շարժվելը, կամավորությունը հենց աստվածահաճո ամենալավ դրսևորումն է։
Եվ մենք ուրախ ենք, որ ունենք հրաշալի սերունդ և որ մեր շուրջն ապրում են հրաշալի մարդիկ, որոնք շատ լավ գիտակցում են և շատ ակտիվ այդ կենսակերպով ապրում են և օգնում են մեր երկրին առաջ գնալու»,-ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031