«Ինձ համար անընդունելի է այս մոտեցումը, դա ճիշտ աշխատաոճ չէ: Գոնե այս պատերազմից հետո փոխենք մեր աշխատաոճը: Եթե հիմա էլ ենք շարունակելու նույն ձեւով աշխատել… սա էլ դաս չեղա՞վ մեզ: Ես մտածում էի՝ նախարարությունը կասի՝ հարգելի գործընկերներ, երկրում ծանր վիճակ է, եկեք միասին քննարկենք, խելք-խելքի տանք, բայց չէ, էլի հին ձեւերով, գաղտնի, արագընթաց: Այդպես չի կարելի, նորից անվստահություն է ստեղծվում նախարարության հանդեպ: Եվ նորից նախարարությունը հայտնվում է հարվածի տակ: Չեմ հասկանում լա՞վ է այդպես, եթե անընդհատ նախարարությանը թիրախավորում են»,-այսօր, անդրադառնալով կառավարության նախորդ նիստում չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նա «Մեդիա կենտրոնում» խոսեց կրթության ոլորտի խնդիրներից եւ թե ինչ է պետք փոխել հետպատերազմյան իրավիճակում: Նախագիծն ավելի քան մեկ տարի է՝ հանրային լսումների փուլով էր անցնում, որի շուրջ մի շարք մտահոգություններ կային:
«Ինչո՞ւ չի կարելի մարդկանց հետ նստել՝ քննարկել: Այս փուլում, երբ մարդկանց հետ համերաշխություն է պետք, կարող էր ժեստ լիներ՝ որ տեսեք կառավարությունն ուզում է քննարկի: Սա տգեղ աշխատաոճ է եւ այդ ոճով ոչինչ չի փոխվի»,-ասաց պարոն Խաչատրյանը:
Խոսելով բովանդակությունից՝ կրթության փորձագետը նկատեց. «Ասել, որ մինչեւ հիմա ռեկտորներն ընտրվում էին, իսկ հիմա նշանակելու են, ցավոք, մինչեւ հիմա, Հայաստանում այն տարբերակն էր, որ ռեկտորները նշանակվել են հետո են ընտրվել: Այսինքն՝ այդ խորհուրդն ընդամենը վավերացրել է իշխանության թեկնածուին»: Նրա խոսքով, կամաց-կամաց այդ արատավոր պրակտիկայից պետք է հետ կանգնել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ