Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյանը գտնում է՝ եթե կրթությունը բարեփոխվի հօգուտ քաղաքացու, մարդիկ կձերբազատվեն քաղաքական կուռքեր ստեղծելու վատ պրակտիկայից

Դեկտեմբեր 05,2020 19:47

Մենք չունենք կայուն, գիտության վրա հիմնված կրթական բարեփոխումներ: Չունենք չափանիշներ՝ ինչ կրթություն ենք ուզում, ինչպիսի կրթական համակարգ է պետք է Հայաստանի պես երկրին: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Մեդիա կենտրոնում» պարոն Խաչատրյանն անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին, թե հետպատերազմյան իրավիճակում ինչ պետք է փոխել:

Նրա խոսքով, այդ բարեփոխումները նման են խարխլված հիմքով շենքի, որի 7-րդ հարկում կոսմետիկ վերանորոգումներ են անում. «Հայաստանի համար կրթական համակարգը պետք է ստեղծենք հիմքից: Այսօր այդ հիմքերը խարխլված են»,-ասաց պարոն Խաչատրյանը՝ նշելով, որ այսօր, այս մոտեցմամբ դեռեւս չենք կարող ստեղծել կրթական նորմալ համակարգ:

Նրա խոսքով, 2015 թվականից հետո Հայաստանը չունի կրթության զարգացման ռազմավարություն: Նա մեծ սխալ համարեց ոլորտների միավորումը՝ մշակույթը, գիտությունը, երիտասարդության հարցերը, սպորտը. «Իբր կարողանում էինք կրթության հարցերը լուծել, մի հատ միավորեցինք մշակույթի, գիտության, սպորտի հարցերը։ Երբ այդքան ոլորտները մի տեղ ես բերում, պարզ է, որ հասարակության թիրախը մի ոլորտի նկատմամբ սաստկանում է: Ասել ենք՝ չի կարելի նման բան անել, որովհետև Հայաստանը չունի կայացած համակարգեր: Դրանք պետք է կայացնել՝ նոր միացնել: Երբ համակարգը չի աշխատում, բայց բեռը մեծացնում են, ավելի ծանր վիճակի մեջ են դնում»:

Սերոբ Խաչատրյանի համոզմամբ, նախ՝ պետք էր ինստիտուտները զարգացնել, ինչը հեղափոխությունից հետո էլ տեղի չունեցավ, եղածներն էլ, ըստ նրա՝ քանդվեցին, մատնվեցին անորոշության:
Որպես օրինակ՝ պարոն Խաչատրյանը մատնանշեց գնահատման եւ թեստավորման կենտրոնը, որն արդեն 2,5 տարի է՝ տնօրեն չունի: «Բոլոր տեղերում անորոշ շիլաշփոթ է»,-ասաց նա:

Կրթության փորձագետը կարծում է, որ վերջին 20 տարիներին հանրակրթությունը չի կարեւորվել եւ պատճառներից մեկն էլ այն է եղել, որ ոլորտը ղեկավարող նախարարներից ոչ մեկը չի ունեցել հանրակրթության՝ դպրոցական, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետի գիտելիքներ:

Սերոբ Խաչատրյանը գտնում է, որ կրթությունը բարեփոխելու համար պետք է հասարակության հետ աշխատանք, երկխոսություն. «Մենք լսո՞ւմ ենք ուսուցիչներին, դաստիարակներին, տնօրեններին, ծնողներին, չենք լսում: Բայց կրթությունը հասարակական դաշինք է»: Պարոն Խաչատրյանը անթույլատրելի է համարում նաեւ այն, որ վերջին տարիներին քաղաքական առճակատումը՝ «սեւեր-սպիտակներ», բերվել եւ դրվել է կրթության համկարգում:

Ըստ նրա, հեղափոխությունից հետո շարունակվեցին «հներ-նորեր» բանավեճերը. «Ընդ որում սելեկտիվ ձեւով, պարզվեց՝ որոշ հներ լավն են իսկ որոշ հներ վատ են, որոշ հներ պետք է մնան, որոշ հներ պետք է գնան, բայց թե ինչ չափանիշներով էր որոշվում՝ պարզ չէ»: Փորձագետի խոսքով, մինչ այժմ կրթական բարեփոխումները իրականացվել են ռասպլանտացիայի սկզբունքով․ «Ինչ որ մի տեղից մի բան վերցել՝ բերել ենք, բայց չենք կարողացել աշխատացնել, որովհետեւ չեն եղել այն մարդիկ, որոնք պիտի աշխատեցնեին: Պետք են մարդիկ, որոնք այդ բարեփոխումը թղթից կվերածեն գործի: Ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞ւր են: Կրթության ոլորտում պետք է լինեն մարդկանց կամ ինստիտուտների մի խումբ, որը պետք է պահի ընդհանուր քաղականության մի գիծ: Չպիտի թույլ տան կրթության ոլորտը ենթարկեն քաղաքական ցնցումների: Այդ գիծը պետք է պահեն մասնագիտական կառույցները, որպեսզի ոչ մի նախարար իր մերձակա շրջապատով չկարողանա փոփոխել»:

Հարցին՝ ո՞ր երկրի կրթական մոդելը պետք է ընդօրինակել, Սերոբ Խաչատրյանն ասաց, որ չկա մի երկիր, որից պետք է կրկնօրինակել, դարձնել մերը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է ստեղծի կրթության իր համակարգը: Փորձագետի համոզմամբ Հայաստանի կրթության հենասյուները պետք է լինեն երկուսը՝ այնպիսի կրթությունը, որը կձեւավորի հուզական հասունություն ունեցող քաղաքացի եւ ինտելեկտուալ խոնարհություն.

«Մենք չենք կարողանում բանավիճել, իրար լսելու մշակույթ չունենք, անմիջապես կամուրջներ ենք այրում: Հայաստանում ունենք ինտելեկտուալ խոնարհության պակաս. ով կիսատ- պռատ սովորում է, մի երկու բան գիտի մտածում է՝ ամեն ինչ գիտի: Պոռոտախոսությունը, մեծամտությունը գալիս է նրանից, որ չունենք ինտելեկտուալ խոնարհություն»:

Այդ երկու հատկությունը մեր քաղաքացիների մեջ զարգացնելու պարագայում, փորձագետը համոզված է, որ վերջապես կձերբազատվենք կուռքեր ստեղծելու շատ վատ պրակտիկայից: Նրա խոսքով, ՀՀ բնակչության մեծ մասն ունի քաղաքական կուռքեր. «Կուռքը քեզ կապում է եւ, ըստ էության, արդյունքում կուրացնում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031