Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին իր ելույթում ասաց. «Հայրենիքի փրկության շարժման գլխավոր նպատակն է փրկել հայրենիքը եւ հեռացնել Նիկոլին, համաձա՞յն եք: Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրած լինեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինելու: Եթե Նիկոլին հեռացրած լինեինք պատերազմի օրերին, այդ պատերազմի ելքը մեր համար ավարտվելու էր հաղթանակով: Եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ: Նիկոլի ամեն օր ավել մնալը փորձանք է մեր պետության համար»:
Նա ասաց, որ Փաշինյանի հեռացումով հնարավորություն ենք ունենալու ՀՀ-ում հաստատել կայունություն եւ համերաշխություն, քանի նա կա, հայ արժանապատիվ որեւէ մարդ չի հանդուրժի նրա ներկայություն: Երկրորդը՝ հնարավորություն կստեղծվի պաշտպանել մեր պետականության շահերը, քանի որ թուրքին հաձնված ղեկավարը չի կարող պաշտպանել մեր շահերը:
Երրորդ՝ կկանխվի մեր երկրին սպառնացող սոցիալ-տնտեսական կոլապսը եւ հումանիտար աղետը:
Չորրորդ՝ Փաշինյանի հեռացումով հնարավորություն կստեղծվի մեր երկրում իրականացնլ ազատ, արդար ընտրություններ:
Կարդացեք նաև
Ըստ Իշխան Սաղաթելյանի, Փաշինյանը փորձելու է արտահերթ ընտրություններ կազմակերպել ու այդ ընտրություններում նորից վերարտադրվել: Բայց կա մեկ ճանապարհ՝ նա պետք է հեռանա ու վերջ, որեւէ այլ տարբերակ ընդունելի չէ:
Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանին փոխարինելու է Վազգեն Մանուկյանը, մարդ, ով իր անցած ճանապարհով, իր կարողությամբ մեր երկրում կբերի համերաշխություն եւ հանդարտություն. «Վերջին 30 տարվա մեջ ՀՀ նորանկախ պատմության մեջ տեղի է ունեցել երկու հիմնական ընդդիմադիր ուժերի համախմբում, մեկը՝ 96-ին, մեկը՝ այս օրերին ու երկուսն էլ տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի շուրջ: Մենք մեզ թագավոր, կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրելու ենք ադեկվատ մարդ, ժամանակավոր կառավարություն, որն ի վիճակի կլինի դիմակայել մարտահրավերներին»:
Նա ասաց, որ դրան ի վիճակի են հասնել հայ ժողովրդի զանգվածային ճնշումների միջոցով. «Մեզ այս օրերին շատ են հարցնում՝ ի՞նչ պետք է անի ժամանակավոր կառավարությունը, որը չի անում այսօրվա իշխանությունը: Պետք է անի այն, ինչ երկուսուկես տարի առաջ այս հրապարակում խոստացավ Նիկոլ Փաշինյանը եւ խաբեց ժողովրդին»:
Նա ասաց, որ այլասերված կոնվենցիաները տեղ չեն ունենալու, հայ եկեղեցին, հայ գրականությունը, եկեղեցու պատմությունը պահպանելու են, ի տարբերություն Փաշինյանի վարած քաղաքականության:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ