Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից». Գագիկ Ծառուկյան

Դեկտեմբեր 05,2020 16:20

Այսօր Ազատության հրապարակում հանարահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը նրա փոխարեն կարդաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ծառուկյանին այսօր կրկին ԱԱԾ են կանչել:

Ծառուկյանն ԱԱԾ-ից այսպիսի ուղերձ է հղել. «Այսօր Ազատության հրապարակում ես պետք է լինեի ձեր կողքին, պետք է խոսեի ձեզ հետ մեր երկրին պատուհասած իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու տարբերակների մասին: Բայց, ինչպես գիտեք, հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այժմ գտնվում եմ ԱԱԾ-ում, ինձ նորից կանչել են հարցաքննության:

Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ: Նախկինում ասել եմ, նորից կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետեւանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած շուրջ հարյուր հազար արցախցիների բարկությունից, զավակ կորցրած ծնողների ցասումից»:

Ըստ Ծառուկյանի, Փաշինյանը շարունակում է քաղաքական հետապնդումները, ու իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլին անգամ. «Ես դեռ ամիսներ առաջ կանխատեսում էի, որ Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում: Ես դեռեւս 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ այս իշխանությունները պետք հեռանան, դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր, դա մոտալուտ վտանգը կանխելու իմ քայլն էր»:

Ծառուկյանն ուղերձում նշել է, որ նոր իշխանությունը, իհարկե, չի կարող Արցախը հետ բերել, բայց գոնե նվազագույնի կհասցնի խայտառակ փաստաթղթի հետեւանքները, մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ կլինեն. «Այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակ պարտությունից հետո փոխանակ ներողություն խնդրի ու լուռ հեռանա, նա ամեն օր փորձում է արդարանալ, փորձում է իր խայտառակ պարտությունը բարդել մեկի վրա՝ մեղավոր է բանակը, հրամանատարները, Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք ինքը: Դա թուլամորթության եւս մեկ դրսեւորում է: Սեփական պարտությունն ընդունելու համար մարդ պետք է արժանապատվություն ու թասիբ ունենա»:

Ըստ Ծառուկյանի, պետք է ազգային փրկության կառավարություն ստեղծել ու փորձել փրկել այն, ինչ կա Արցախից, պետք է ռազմագերիների հարցերով զբաղվել, պրոֆեսիոնալ մարդկանցով ոտքի կանգնեցնել երկիրը: Միայնակ որեւէ քաղաքական ուժ չի կարող երկրում բան փոխել,եթե մեկը նման բան կասի, ուրեմն «ավանտյուրիստ» է. «Օր առաջ պետք է փոխվի բանակցողը, որ ՌԴ-ի հետ համատեղ կարողանանք չեզոքացնել վտանգները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031