Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն ու համայնքի ավագանու 15 անդամներից 13-ը հայտարարություն են տարածել՝ պահանջելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Aravot.am-ի հետ զրույցում Կապանի ավագանու անդամ Մանաս Կարապետյանը նշեց, որ հրաժարականի պահանջը ինքնանպատակ չէ, այլ պահի հրամայականն է։
«Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային անվտանգությունը։ Իրավասությունից չբխող գործառույթ է արել՝ համաձայնագիր կնքելով, Սյունիքից տարածք հատկացնելով թշնամուն՝ ճանապարհի անվան տակ։ Խախտել է սահմանադրական կարգը։ Ձախողել է տնտեսությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Մանաս Կարապետյանը։
Ավագանու անդամը հույս ունի, որ մարզի այլ համայնքների ղեկավարներ եւ ավագանու անդամներ կմիանան հայտարարությանը։
Կարդացեք նաև
Ի դեպ, հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կապանը միակ քաղաքային համայնքն էր, որտեղ պարտվեց «Իմ քայլ»-ի թեկնածու, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ Վերջինիս հաղթեց անկուսակցական 33-ամյա Գեւորգ Փարսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ