«Որոշակի առաջընթաց ունենք, եւ ըստ էության՝ համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրն է՝ գործել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է, այլեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում պարզվեն գերեվարվածների նոր անուններ, նրանց վերադարձի խնդիրներ չծագեն: Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն: Կարծում եմ՝ հաջողություններ կունենանք»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է անհետ կորածներին, Փաշինյանի խոսքով՝ նրանց ճակատագիրը պարզելը դանդաղ, բայց ընթանում է. «Ծանր է մանրամասները ներկայացնելը, բայց հանրությունն ունի պատասխանների կարիք: Նոյեմբերի իննից հետո հաջողվել է դուրս բերել ավելի քան վեց հարյուր մարմին, եւ հինգ հարյուրը գտնվում են ճանաչման փուլում: Ցավոք, դրանք անհետ կորած համարվողների մարմիններն են: Ճանաչման գործընթացն ընթանում է ԴՆԹ նմուշառմամբ: Ցավոք, դա ժամանակատար է: Նոյեմբերի իննից այս կողմ նույնականացվել եւ հարազատներին է հասցվել 135 մարմին»:
Կարդացեք նաև
Փաշինյանի խոսքով՝ կա անհետ կորածների եւս մի խումբ, որոնց առնչությամբ մանրամասներ բարձրաձայնել չի ցանկանում, բայց կոնկրետ աշխատանք է արվում. «Հիմա այդ աշխատանքի մասին չեմ կարող խոսել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ». Վարչապետի այս պնդումը, թե «ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն»՝ արդեն իսկ հարցադրումների տեղիք է տվել, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը պետք է վերադարձնի նաև Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնց «Ադրբեջանն արդեն բավականին երկար ժամանակ ցանկանում է ստանալ հերոսացնելու համար, ինչպես եղավ հայ սպայի մարդասպանի դեպքում»:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար:
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին 22 տարվա ազատազրկման: