Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ֆեյսբուքյան տիրույթի քննարկումները հաշվի առնելով՝ կարելի է հուսահատեցնող եզրակացության գալ՝ մենք պետության կարեւորությունը չենք հասկանում։
Նույնիսկ այն անպատկերացնելի հարվածը, որ ստացանք, նույնիսկ երկրի գլխին կախված՝ շոշափելիության աստիճան իրական վտանգը բավարար չեն, որ մի պահ կանգ առնենք եւ մի կողմ դնենք այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած մեր անձնական վերաբերմունքը։
Երկրին սպառնացող վտանգների ժամանակ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, բոլոր հակասություններն ու անձնական վերաբերմունքը մի կողմ դնելով, հանդիպել է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Վերջիններս նույնպես գնացել են այդ շփումներին։ Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը (երկու խիստ իրարամերժ գործիչներ) միասին Մոսկվա պետք է գնային։
Կարդացեք նաև
Բայց այս մարդկանց հետեւորդները ոչ մի կերպ՝ աչքի առաջ ունենալով պետության գլխին կախված վտանգն անգամ, չեն կարողանում ձերբազատվել իրենց հին հաշիվներից, համակրանքներից ու հակակրանքներից։
-Լեւոն Տեր-Պետրոսյանի հակառակորդները շարունակում են հակառակվել նրան։ Ավելի կատաղի են դառնում՝ տեսնելով, որ նա ճիշտ էր, որ իրականացան նրա կանխատեսումները։ Ակնհայտն ընդունել, փաստի հետ հաշվի նստել չեն ցանկանում։ Փակում են աչքերն ու ականջները։
-Ռոբերտ Քոչարյանին-Սերժ Սարգսյանին մերժողները շարունակում են մերժել նրանց ու սարսափել նրանց հնարավոր վերադարձի հնարավորությունից ու այդ սարսափով պայմանավորել պետության ապագան։
-Վազգեն Մանուկյանի հակառակորդները շարունակում են հակառակվել նրան։ Չեն էլ քննարկում անգամ՝ կկարողանա՞ լուծել առաջադրված խնդիրները, թե՝ ոչ։ Դեմ են նրա դերակատարմանը եւ՝ վերջ։ Չեն սիրում։
-Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չեն ցանկանում ընդունել փաստը, որ Փաշինյանն է ստեղծված իրավիճակի ու ծագած խնդիրների միակ պատասխանատուն, նաեւ՝ որ նա չի կարող, ի վիճակի չէ լուծել այդ խնդիրները եւ հակադրվում ու հայհոյում են այլ տեսակետ ունեցողներին։
Ստացվում է՝ կամ մեր ուզածը թող լինի, կամ ոչինչ էլ թող չլինի։
Հետաքրքիր է, ինչ կլիներ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գային։