«Մեզ մեղադրում են, որ պատերազմից չկարողացանք խուսափել: Խուսափող էիք, 2016թ.-ի պատերազմից խուսափեիք: Կարողացաք, կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որում նա ասում էր՝ ինքը լիներ, պատերազմ չէր լինի, դիվանագիտական ապուշություններ՝ եւս:
Փաշինյանը հարցադրում արեց. «Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց: Որովհետեւ մեզ ասվում էր՝ քանի որ նախկինում ՀՀ-ն քանիցս խոստացել է բանավոր վերադարձնել տարածքները եւ չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունն ու ժամկետների նշումը: Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրելով: Դրանով՝ պատերազմից առաջ կամ մեկնարկին: Ի դեպ, պատերազմի հենց առաջին օրը ԱԺ ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը եւ ասել եմ՝ ի՞նչ գնով: Այդ ժամանակ ինչո՞ւ չէիք հայտարարում, որ պետք է կանգնեցնել պատերազմը»:
Փաշինյանի խոսքով. «Հիմա պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին: Կողմնակից էիք՝ հանձնեիք: 2016թ.-ին, 17-ին հանձնեինք, պատերազմը կանխեիք ու հարցը լուծեիք: Ապրիլյանից հետո գիտեիք, թե ինչն ինչոց է: Ոմանց թվում է, թե «5+2»-ն Ադրբեջանը հալած յուղի տեղ է ընդունելու: Դա դեռ պետք է համաձայնեցվեր, քննարկվեր, ստորագրվեր: Արդեն հանրահայտ մեթոդով՝ որ պահին Ադրբեջանը համաձայներ դրան, ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին…Ապշած եմ ոմանց վրա, ովքեր իրենց մեծ դիվանագետ համարելով՝ չեն ուզում այս պարզ բաները հասկանալ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ