Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Ես ուզում եմ զանգել «Լուսավորի» տղաներին եւ հարցնել՝ ինչի՞ համար է այս բերմունդյան եռանկյունին, այս ի՞նչ երրորդ գագաթ են ստեղծում»․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2020 11:16

Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին, հիշեցրեց, որ նման, այսպես կոչված, խառը տիպի կառույց է գործել նաեւ 1996 թվականին․ «Դա ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի խումբն էր, որը գործում էր գրեթե նույն նպատակով, երբ կասկած էր առաջացել ղարաբաղյան տարածքների հարցում առաջին նախագահի ժամանակ։ Այն ժամանակ էլ կառույցը գործել է վերկուսակցական սկզբունքով, չկար քաղաքական ուժի գերակշռություն, եւ մասնակիցներից յուրաքանչյուրը հավասար ձայնի իրավունքով մասնակցել է որոշումների կայացմանը։ Այն ժամանակ էլ մի քանիսը նախաձեռնող խմբում էին, մյուսները՝ իմ պես, հրավիրյալի կարգավիճակում։ Հիմա էլ մարդիկ են, որոնք համախմբվել են գաղափարախոսության շուրջ, իսկ փաստաթուղթն ընդունվել է կոնսենսուսով»։

Մեր դիտարկմանը, թե փաստաթղթի բովանդակությունը, թեկնածուին տեղում քննարկման արդյունքո՞ւմ են որոշել, Ալավերդյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ ներկայացվել է տեքստը, որի շուրջ եկել են համաձայնության։ Ընդգծեց, սակայն, որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ընդունվել է առանց առարկությունների։

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունից հետո ԼՀԿ-ն հայտարարեց, որ իրենց թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Լարիսա Ալավերդյանի համար անհասկանալի է նման պահվածքը։

«Գիտեք, ես ուզում եմ զանգել «Լուսավորի» տղաներին եւ հարցնել՝ ինչի՞ համար է այս բերմունդյան եռանկյունին, այս ի՞նչ երրորդ գագաթ են ստեղծում»,- ասում է նա՝ նկատի ունենալով իշխանություն-ընդդիմադիր բեւեռ եւ ԼՀԿ եռանկյունին։ Դիտարկմանը, որ ԼՀԿ-ում կասկածներ ունեն Վազգեն Մանուկյանի անցյալի եւ նախկինների հետ կապերի հարցում եւ կարծում են, որ Մանուկյանը չի կարող արդար-ազատ ընտրությունների երաշխավոր դառնալ, Ալավերդյանն արձագանքեց․ «Վազգեն Մանուկյանն ունի անցած ճանապարհ, եւ կարեւոր չափանիշն է, որ չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Սա շատ կարեւոր արգումենտ է, եւ միայն այս պարագայում կարելի է հավակնել»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի օրոք պաշտոն ստանձնելու, հետեւաբար այսօր անկողմնակալ լինելու կասկածներին, Ալավերդյանը հիշեցրեց, որ նա երկրի առաջին վարչապետն է եղել․ «Սա միայն փաստում է նրա փորձառության մասին, որ կարող է բոլորի հետ աշխատել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031