«Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողության պատասխանատվությունը, հետաքրքիր գործընթաց է սկսվել ՀՀ-ում: Ով, կներեք, չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր եւ մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարությունը»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, ով ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից եւ բանակցությունները տեղափոխել ՀՀ-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է Ղարաբաղի հարցին տարածքային ենթատեքստ տալու մեջ՝ մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցը տարածքային վեճի ենթատեքստ ստացավ այն ժամանակ, երբ ՀՀ-ն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն: Դա տեղի է ունեցել ավելի քան քսան տարի առաջ: Երեւի ժամանակը ջնջում է հիշողությունը եւ ոմանք երեւի որոշել են օգտվել այդ առիթից»,-նշեց Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ՝ մեղադրում են, թե այս պատերազմը ՀՀ դիվանագիտական ձախողումն էր. «Ոչ մեկ չի հարցնում՝ Ղարաբաղի հարցում ՀՀ-ն ե՞րբ է դիվանագիտական հաջողություն ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր: Դիվանագիտական հաջողությունը 95թ. ԵԱՀԿ գագաթնաժողո՞վն էր, որից հետո միջազգային հանրությունն ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է ունենա: Կամ, 98թ.-ին բանակցությունների սեղանին դրված ընդհանուր պետություն փաթե՞թն էր, որում ՀՀ-ի առաջ դրվում էր 7 տարածք հանձնելու պահանջը, եւ որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն: Կամ Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, պարզվեց, խայտառակ բան են՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս պետք է լինի այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնի: Դիվանագիտական հաջողությունը կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ ՀՀ ղեկավարը հարցազրույց էր տալիս ու ասում, թե պատրաստ էին յոթ տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում»:
Ըստ Փաշինյանի՝ նման մակարդակով դիվանագիտություն վարածներն այսօր իրենց են մեղադրում դիվանագիտությունը ձախողելու համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ