Երկար տարիներ թերթ խմբագրած վարչապետի տիկինը օրեր առաջ գերիների եւ անհետ կորածների մայրերի հետ հանդիպման մասին գրել էր․ «Մենք հնարավորն ու անհնարինն անում ենք նրանց շուտափույթ վերադարձի համար»: Հոգեւոր ամայացման, գաղափարական անապատացման կնիք կա այդ անորոշ խոստման՝«հնարավորի» եւ «անհնարինի» միջակայքում… խեղճ ականջներ:
Բայց դրանից հետո՝ հոգի, քանզի բարոյապես սնանկ կառավարիչների, պետական գործիչների՝ հասարակ մահկանացուներիս ճակատագիրը որոշող բարձրյալների սին խոստումն ու ճռճռան խոսքը ցավեցնում է մեր հոգին, անդարմանելի հետք է թողնում. Նրանք, որոշակի առիթների ժամանակ են «պատիվ անում» ընդունել, ունկնդրել մեզ, իրավիճակից օգտվելով ներկայանում են գթասիրտ ու սրտացավ, իսկ մենք՝ կարիքից ելնելով, դեռ հավատում, հանդուրժում ենք:
Մեր երկրի խարիսխն էլ չկա. երազանքներ ու իդեալներ փայփայող 18-25 տարեկանները ննջում են Եռաբլուրում, նրա՞նք են պարտվել, թե՞ նրանց ընտանիքները, որ ամենաբարձր ու թանկ իդեալի՝ հայրենիքի համար կյանքն են նվիրաբերել: «Պարտվել ենք բոլորս»: Զոհվածների հարազատները, երկիր կորցնողները ձեր ամբարտավանությունը տեսնելով կարող են նման բան ասել, բայց իշխողներդ՝ ոչ: Ձեր խոսքը պիտի ինքնաքննադատությունը լինի, միա՛յն: Կամ էլ՝ զղջումը: Իսկ ավելի հատու՝ հրաժարականը: «Համաժողովրդական, համազգային պահանջ չկա»… լացից խզված մեր ձայնը չեք լսում, գիտենք, իսկ ձեր ներքի՞ն ձայնը… Ձեր ցինիզմն օրեցօր անտանելի է դառնում:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում