Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Շահնազարով. Հայաստանը պետք է հստակ գիտակցի, որ իր գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է. «Ազգ»

Դեկտեմբեր 05,2020 09:11

Արդեն երկար տարիներ ռուսական մի շարք հեղինակավոր եւ վարկանիշային հաղորդումների քաղաքական բանավեճերում հաճախակի կարելի է լսել մեր հայրենակից, հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, 1998 թվականից «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակների եռակի դափնեկիր Կարեն Գեորգիի Շահնազարովին, որի արտահայտած մտքերի, կարծիքների եւ գնահատականների հետ, հատկապես ղարաբաղյան արյունալի իրադարձությունների ընթացքում, ոչ միշտ էր համամիտ հայ հանրության մի զգալի հատվածը:

Անուրանալի է, սակայն, մեկ փաստ. Ռուսաստանում մեծ ճանաչում վայելող ռեժիսորի խոսքը պարունակում է ամենատարբեր բնագավառներ ներառող գիտելիքների վիթխարի շտեմարան եւ նրա վերլուծական միտքը մեծ ընդունելություն ունի հասարակության լայն շրջանակներում:

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայկացնում Կարեն Շահնազարովի հետ «ԱԶԳ»-ի բացառիկ հարցազրույցը:

– 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները Համաձայնագիր ստորագրեցին` դադարեցնելով հազարավոր զոհեր խլած 44-օրյա պատերազմն Արցախում: Մինչ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, Ադրբեջանը երեք անգամ խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորածությունները` գիշեր-ցերեկ ռմբակոծում էր Լեռնային Ղարաբաղի, իսկ որոշ հատվածներում նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, ինչի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում եւս կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ եւ բազմաթիվ ավերածություններ: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչո՞ւ չկատարեց հրադադարի նախկին պայմանավորվածությունները:

– Առաջին հերթին կցանկանայի ուշադրություն հրավիրել մի կարեւոր փաստի վրա. այս ամբողջ խառնաշփոթ, հոգեմաշ ու տասնամյակներ ձգվող պատմության մեջ կար մի կարեւոր հանգամանք` Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, որը, ի դեպ, ոչ ոք երբեւէ չի հերքել: Այդ թվում` հենց Հայաստանը:

Միամտություն կլիներ ենթադրել, որ Ադրբեջանն այս հարցը կթողներ չլուծված: Վաղ թե ուշ նա փորձելու էր հետ վերցնել իր տարածքները: Չարժեր հույսեր փայփայել այն փաստի վրա, որ նման անորոշությունը կարող էր հավերժ ձգձգվել: Ըստ ամենայնի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ներկայիս պահը համարեց առավել «հարմար» այդ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար: Նախ` Ամերիկայի Միացյալ Նահանգները զբաղված է նախագահական ընտրություններով եւ այսօր գործնականում իրեն դուրս է մղել միջազգային ասպարեզից:

Երկրորդը` Եվրոպայում նույնպես բարդ իրավիճակ է` համաճարակ, բազմաթիվ խնդիրներ: Գումարած այդ ամենին` Ադրբեջանը զգաց հարաբերությունների որոշակի սառեցում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, մասնավորապես այն փաստը, որ Հայաստանի նոր ղեկավարության գործելաոճում սկսեցին հստակ աչքի զարնել արեւմտամետ միտումները: Բնականաբար, Ադրբեջանն ու նրա թիկունքին կանգնած Թուրքիան, վերլուծելով ու կշռադատելով բոլոր դրական եւ բացասական ազդակները, որոշեցին, որ այժմ հարվածելու ամենահարմար ժամանակն է:

Եվ պետք է ասեմ, որ դա նրանց հաջողվեց: Իմ կարծիքով, Հայաստանը բաց թողեց տարածքային վեճը պատերազմից առաջ լուծելու հնարավորությունը, կորցրեց փոխզիջման գնալու հնարավորությունը: Թեկուզ բարդ, դժվարին փոխզիջման: Եվ իվերջո, Հայաստանը պետք է վաղուց պատրաստ լիներ այն իրողությանը, որ Ադրբեջանը օրերից մի օր փորձելու է այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ցավոք, մենք տեսանք, որ երկիրը եւ, առաջին հերթին, քաղաքական ղեկավարությունը, պատրաստ չէին նման սցենարի:

– Դուք հետեւո՞ւմ էիք պատերազմի ընթացքին, ինչպիսի՞ խոհեր ու մտքեր էին պաշարել Ձեզ, ի՞նչ դիտարկումներ, սխալներ, թերություններ կարող եք առանձնացնել հայկական կողմից, փաստորեն, կապիտուլյացիայի ենթարկվելու փաստի առնչությամբ:

– Այո, ես հետեւել եմ պատերազմական գործողությունների ու բոլոր իրադարձությունների ընթացքին: Անկեղծ ասած, ես ակնկալում էի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, խորապես գիտակցելով սպասվելիք վտանգները, ավելի լավ պատրաստված կլինեն պատերազմին: Իհարկե, ես ռազմական փորձագետ չեմ, բայց ակնհայտ էր, որ ռազմական գործողություններին նախապատրաստվելու մակարդակը լավագույնը չէր:

Ես կարծում էի, որ Արցախը վաղուց վերածվել է մի հզոր, ամրակուռ եւ անառիկ տարածքի, որն ունակ է դիմակայել յուրաքանչյուր հարձակման: Ավելին, դրան նպաստում է նաեւ տեղանքը. այն սիրիական անապատ չէ: Բայց ցավոք, տեսանք, որ Հայաստանն ու Ղարաբաղը անակնկալի են եկել: Վերցնենք թեկուզ անօդաչու թռչող սարքերը, որոնք անխնա հարձակվում էին հայկական անպաշտպան դիրքերի վրա:

Պարզվում է, որ զինվորական ղեկավարությունը ոչ միայն անպատրաստ էր, այլեւ նման սցենար ընդհանրապես հաշվի չի առնվել: Որտե՞ղ էր նայում հետախուզությունը, տարիներ շարունակ ի՞նչ էր մտածում ռազմական ղեկավարությունը: Հասկանալի է, որ հայ զինվորը, Ղարաբաղի ժողովուրդը հերոսաբար պաշտպանվում էր: Նրանք կռվեցին հերոսաբար, այնպես, ինչպես կարող էին, անմնացորդ, մինչեւ վերջին շունչը: Բայց, ակնհայտորեն, Ադրբեջանն ավելի լավ էր պատրաստված:

– Տարիներ առաջ նշել էիք, որ հպարտանում եք Ձեր հայկական արմատներով, անունով, եւ, մանավանդ, արցախյան ծագմամբ հայտնի ազգանունով, որի ճշգրիտ ձեւը Մելիք-Շահնազարով է: Նշել էիք նաեւ, որ Ձեր տանը պահպանվում են 19-րդ դարասկզբի փաստաթղթեր, որոնցում Ձեր նախապապը` ռուսական բանակի շտաբս-կապիտան, Ղարաբաղի գավառը Ռուսաստանի կայսրության կազմը մտնելուց հետո, Ալեքսանդր Առաջին կայսրից խնդրում է օգտագործելու համար իրենց տոհմին վերադարձնել Մելիք-Շահնազարովներին պատկանող հողակտորները եւ կայսերական հրովարտակով հաստատել հողերին տիրապետելու տոհմական իրավունքը: Դուք նշել էիք նաեւ, որ այդ փաստաթղթերը Ձեր տոհմում փոխանցվում են սերնդեսերունդ` ավագ որդիներին:

Ի՞նչ ապրումներ ունեցաք 1992-ին` Շուշիի ազատագրումից հետո, եւ ինչպիսի ապրումներ ունեք այսօր` Շուշին կորցնելուց հետո:

– Հորս կողմից իմ արմատներն, իսկապես, գնում են դեպի ղարաբաղյան հնամյա ակունքները, ես Մելիք-Շահնազարովների ազնվական ընտանիքի շառավիղներից եմ: Այո, մեր ընտանիքում մենք խնամքով պահում ենք ձեր ասած փաստաթուղթը: Եվ, իհարկե, այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, չի կարող ինձ անտարբեր թողնել: Դա իմ մի մասնիկն է, դրանցում ամփոփված են իմ գերդաստանի պատմության եւ նրա ավանդույթներիսուրբ մասունքները:

– Ես հորիցս շատ եմ լսել, որ Շուշի բերդաքաղաքը մինչեւ 20-րդ դարի սկիզբը կարեւոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային եւ տնտեսական կյանքում:

– Ես ուշի ուշով հետեւում եմ վերջին ամիսներին կատարվող իրադարձություններին, անհանգստանում ու ցավում եմ: Միեւնույն ժամանակ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, սովետական եւ ռուս կինոռեժիսոր, հայրենիքս այստեղ է, կյանքս այստեղ է անցել: Իմ նախնիները հավատարմորեն ծառայում էին Ռուսաստանին, իսկ հետո` Խորհրդային Միությանը, ես նույնն եմ անում` իմ ուժերի եւ հնարավորությունների սահմաններում: Հայ ժողովուրդն այսօր հայտնվել է բարդ, դրամատիկ իրավիճակում, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է տեղյակ լինել երկրի զարգացման համար այլ հնարավորություններ փնտրելու անհրաժեշտության մասին: Եվ երկրի զարգացումը հնարավոր է միայն, Ադրբեջանի ժողովրդի հետ փոխզիջման դեպքում:

Ես Լեռնային Ղարաբաղում մշտական պատերազմի կողմնակից չեմ, կողմնակից չեմ այն մտայնության, երբ ասում են` այժմ ադրբեջանցիները հաղթել են, իսկ հայերը ուժ են կուտակում հետագա պատերազմի, վրեժխնդրության համար եւ այլն: Ո՛չ: Հայաստանը փոքր երկիր է, որը գտնվում է հարեւանական բարդ միջավայրում: Գործնականորեն` շրջափակված:

Ուզենք, թե չուզենք, որպեսզի երկիրը զարգանա, հարկավոր է փոխզիջումներ փնտրել հարեւանների հետ: Պետք է կենտրոնանալ ոչ թե պատերազմի, այլ փոխադարձ տնտեսական համագործակցության վրա: Ի վերջո,պատերազմները մոռացվում են, ցավը հանդարտվում է: Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ խաղաղությունն այսօր այլընտրանք չունի, պետք է բացառել նոր պատերազմը: Հակառակ դեպքում, ամբողջ երկիրը կարող է կործանվել: Հայաստանը պետք է նաեւ հստակ գիտակցի, որ իր գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է, իսկական դաշնակիցը: Հասկանալի է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի իր մեծ շահերը:

Դա հսկայական երկիր է, որը մասնակցում է համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացներին եւ ունի իր հստակ մարտավարությունը: Ռուսաստանից չի կարելի պահանջել, որ գործ ունենա միայն Հայաստանի հետ: Բայց եւ անուրանալի է` Ռուսաստանը կրկին ապացուցեց, որ Հայաստանի միակ եւ իրական դաշնակիցն է: Ոչ Ֆրանսիան, ոչ էլ Ամերիկան, որոնց հանդեպ այդքան շատ հույս էր փայփայում Հայաստանի հատկապես էլիտար հանրությունը, մատը մատին չտվեցին Հայաստանին օգնելու համար: Եվ նրանք մինչեւ այս պահը ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ մտածում են, որ դրանով իրենք կօգնեն… Ռուսաստանին: Ահա եւ այսպիսի հարաբերություններ:

Հետեւությունը պետք է անի Հայաստանը:

Զրույցը վարեց Գոհար ԲՈՏՈՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031