Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. Այս փաստաթուղթն, իմ համոզմամբ, իրավական տեսանկյունից առ ոչինչ փաստաթուղթ է. «Ազգ»

Դեկտեմբեր 05,2020 08:40

Այն, ինչ տեղի ունեցավ հայռուսադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, մինչեւ հիմա ցնցման մեջ է պահում հայ ժողովրդին հայրենիքում եւ սփյուռքում: Այդ մասին ավելի մանրամասն զրուցել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ.

– Ստորագրված զինադադարի եռակողմ հայտարարության սահմանադրականությունը, հայկական պետությունների շահերին համապատասխանությունն ի վերջո ինչպես պետք է ստուգվի, ով պետք է դա անի՝ նախագա՞հը, Ազգային ժողո՞ վը:

– Սահմանադրականություն ստուգելու ընթացակարգ չկա, մեխանիզմ չկա: Եթե դա միջազգային պայմանագիր լիներ՝ իրավունքի ուժով դա կունենար իր ընթացակարգը, այն է՝ կառավարությունը կուղարկեր ՍԴ, ու նոր կգար Ազգային ժողով վավերացման, եթե միջազգային պայմանագիր է: Բայց մեր վարչապետը որոշել է, որ սա միջազգային պայմանագիր չէ, հայտարարություն է, չի բերել միջագային պայմանագրերի դաշտ, եւ միջազգային պայմանագրից տարբեր ընթացակարգով է տարել:

Այս փաստաթուղթն, իմ համոզմամբ, իրավական տեսանկյունից առ ոչինչ փաստաթուղթ է՝ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ: Մի պարզ պատճառով՝ եթե դա միջազգային փաստաթուղթ է, ապա հակասում է միջազգային պայմանագրերի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային, իրավունք չստեղծող փաստաթուղթ է: Սա մեկ, երկրորդ, եթե դա միջազգային պայմանագիր է եւ ուժի մեջ մտած չէ՝ հետեւաբար չի կարող կիրառվել, որովհետեւ պիտի գնա ՍԴ, գա Ազգային ժողով՝ վավերացվի, հետո նոր ուժի մեջ մտնի:

Երրորդ՝ եթե անգամ այդ գործընթացներն իրականացվեն՝ այնտեղ ամրագրված են այնպիսի կարգավորումներ, որոնք հակասում են ընդհանուր միջագային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ էթնիկ զտումների արգելքին, որը միջազգային իրավունքի ողնաշարային սկզբունք է: Այդ հակասություններն ունեցող թուղթն է հիմա իրականացվում:

– Հիմա իրավական ի՞նչ ճանապարհ կա՝ այդ հայտարարությունը իրավական առերեսման ենթարկելու, դուք ասում եք՝ լսումներ ենք անում (դեկտեմբերի 7-ին), դա գործուն որեւէ ազդակ չունի իր մեջ, որպեսզի գոնե այն դրույթները, որոնք մեր երկու պետությունների անվտանգությանը սպառնալիք են՝ վերանայվեն:

– Չկա սահմանադրական որեւէ գործիք, որը հնարավորություն կտար չկնքված-չվավերացված փաստաթղթի վավերականության որոշումը: Իսկ դեկտեմբերի 7-ին «Լուսավոր Հայաստանի» կազմակերպած խորհրդարանական լսումների գլխավոր նպատակը քաղաքական հարթակ չունեցող փողոցում խոսողներին բերել քաղաքական ամբիոն՝ այս իրավիճակից դուրս գալու ելքերի եւ մեր տասներեք կետանոց ծրագրի շուրջ խոսակցություն ծավալելը:

– Միջազգային ատյաններից ո՞ր մեկը կարող է հայտարարությունը չեղարկել:

– Ոչ մեկը: Ո՞վ կարող է գոյություն չունեցող փաստաթուղթը չեղարկել: Ստորագրող մարդն իրավունք ունի՞ Արցախի հետ կապված հողային զիջումներ անել, չունի: Օրինակՙ կարող է ՀՀ վարչապետը կամ նախագահը Մոզամբիկ պետության հետ կապված տարածքային զիջումներ անել, չի կարող , չէ՞: Բա ինչ սահմանադրականության հարց բարձրացնենք մի փաստաթղթի վերաբերյալ, որը հրապարակման իսկ պահից իրավական արժեք չունի:

– Այսինքն՝ իրավական առումով քայլ չկա՞ հիմա անելու:

– Ազնվորեն ասե՞մ՝ իրավական ճանապարհ չի եղել եւ չկա, այդ փաստաթուղթը իրավական փաստաթուղթ չէ: Արձանագրող փաստաթուղթ է, արձանագրող սուբյեկտներն էլ, առնվազն Հայաստանի Հանրապետությունը, իրավասություն չի ունեցել նմանատիպ փաստաթղթի տակ ստորագրելու:

– Իրավաբաններով որ հավաքվում եք՝ ի՞նչ ելք եք մտմտում:

– Տեսեք՝ իրավաբաններին 30 տարի ոչ մեկը բանի տեղ չդրեց, որովհետեւ մենք գործիքներ ու մեխանիզմներ առաջարկել էինք Արցախի հարցի լուծման ուղղությամբ, եւ այդ գործիքները պարզ էին. երեսուն տարվա մեջ միջազգային հանրությանը համոզել եւ ապացուցել, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի: Բայց հակառակն էր տեղի ունենում՝ մեր գործընկերները միջազգային հանրությունից ասում էին՝ հանգիստ նստեք, գործողություններ մի կատարեք: Օգտվում էր Ադրբեջանը՝ անընդհատ աշխատելով այն ուղղությամբ, որ ապացուցիՙ ՀՀ-ն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքը, եւ այստեղ ինքնորոշման իրավունքի մասին խոսք լինել չի կարող:

Եվ միջազգային ատյաններում իր խավիարային դիվանագիտությամբ կամ այլ եղանակներով բանաձեւեր էր ընդունել տալիս: Այդ թղթերը կուտակվում էին, որեւէ մեկը որեւէ բան չէր անում, քանի որ հայկական կողմի իրավաբաններին ասում էին՝ դուք լռեք, մենք Մինսկի խմբով բանակցում ենք, այն դեպքում, երբ Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ հույս չէին ներշնչում, որ ի վերջո հայանպաստ որոշում պետք է կայացվի:

Ես չգիտեմ՝ մերոնք ինչի վրա էին հույս դրել: Հիմա այս իշխանությունը ոնց որ թե պետք է գիտակցեր՝ խնդիրը իրավական լծակներով պետք է հարստացնեինք այնքան, որ Ադրբեջանը չկարողանա այսպիսի քայլերի դիմել, երկուսուկես տարի ոչինչ չարվեց՝ էլի իրավաբաններին որեւէ կարեւոր արժեք չտրվեց խնդրի հետ կապված: Եվ երեսուն տարվա մեր աշխատանքը հիմա ջուրն է ընկել: Ես այդ ջուրն ընկած աշխատանքը վերականգնելու մասին եմ ընդամենը խոսում: Դրա համար մեզ պետք է օգներ բանակը, որ գոնե մենք չկորցնեինք այդ տարածքները, հետն էլ իրավագիտական ու դիվանագիտական աշխատանք կատարվեր: Իսկ հիմա կորցրել ենք այդ տարածքները եւ պետք է մտածենք վերականգնելու մասին: Այժմ Ադրբեջանն է ապօրինաբար զավթել Շուշին եւ Հադրութի շրջանը, եւ նա պետք է այդ տարածքներն անհապաղ ազատի:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031