Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադամ Հուսեյինն էլ մնաց իշխանության, հետո կախեցին». Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 05,2020 01:05

«Մենք կառավարություն ենք խաղաղապահներին կի՞ց։ Այդ խեղճ մարդիկ՝ անհետ կորածների ու գերիների հարազատները չգիտեն՝ ուր գնալ։ Գնում են պաշտպանության նախարարություն, էնտեղից գալիս են կառավարություն, էնտեղից գնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Ես չեմ լսել մեկ պաշտոնյայի, չեմ տեսել դեմքը, չեմ լսել ազգանունը, որը պատասխանատու է դրա համար։ Ամեն անգամ մեկ նոր մարդ է դուրս գալիս, մի նոր բան է ասում այդ մարդկանց։Եվ ամբողջ հույսը, որ Պուտինը այս հարցը պետք է լուծի։ Բա դուք ո՞վ եք…Դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը, մտածեք ժողովրդի մասին»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում տարակուսանք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե  ինչպիսի՞ն է տեսնում հաջորդ իշխանությանը եւ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարած անցումային ժամանակավոր կառավարության ու վերջինս հնարավոր ղեկավար Վազգեն Մանուկյանին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Պատմության մեջ հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեյինը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։

Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։Վարչապետի դեմքը մարմնավորում է մեր խայտառակ պարտությունը։ Իր՝ ամեն անգամ լայվ դուրս գալով, ամեն անգամ էկրանին երևալով կամ ֆեյսբուքում մի պոստ դնելով՝ ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Եվ ժողովրդին, պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը։ Այլ կերպ չի կարող լինել»։

Ռոբերտ Քոչարյանը հավելեց. «Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարին նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք դատապարտված ենք ամեն օր այդ ցավը վերապրե՞լ։ Գոնե ժողովրդի նկատմամբ, եթե մի փոքր հարգանք ունես, հեռացիր։ Երաշխիքնե՞ր են պետք քո անվտանգության, ասա, որ երաշխիքներ պետք է տալ, այդ, այսպես ասած՝ «հումանիտար միջանցքը» պետք է տալ։ Թիմ կոչեցյալ մարդիկ պետք է հասկանան, որ Հուսեինի պես չեն կախելու։ Բայց հեռացիր, ուղղակի ազատեք այս ժողովրդին ձեր կերպարներից։ Սա օրվա պահանջ է»։

Ինչ վերաբերում է լուծումներին, այս մասին էլ նշեց. « Ակնհայտ է, որ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք, և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար։ Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել։

Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն… Եվ իհարկե՝ նաև կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին այս ծանր առաքելության մեջ»: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր բոլոր հնարավորություններով փորձելու է անել ամեն ինչ, որ այս ծանր ժամանակահատվածը երկիրը հաղթահարի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031