Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի ստացած ժառանգության եւ Շուշիի անկման առեղծվածի ու դատվող գեներալների մասին

Դեկտեմբեր 05,2020 00:50

5-րդ ալիքին տված հարցազրույցում խոսելով այն մեղադրանքների մասին, թե իշխանությունը վատ ժառանգություն է ստացել նախկիններից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց.«Այս 2,5 տարվա ընթացքում մի ճշմարիտ խոսք լսած կա՞ք այս իշխանությունից, ես չեմ լսել: Վերջում ոնց որ ասաց, որ ինքն է մեղավոր, ու սա ադալժենիայով՝ կոպիտ ասած, թե ոնց որ հա էլի, որ տենց եք ասում՝ հա: Ո՞վ է մեղավոր… Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում ու պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էր ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի պայմանավորվածություններ ձեռք բերեր: Այդ տեսանկյունից շատ լավ ժառանգություն է ստացել՝ եւ բանակցային գործընթացում, եւ բանակում»:

Ինչ վերաբերվում է Շուշիի ընկնելու առեղծվածին, այս մասին էլ ասաց. «Ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, թե ոնց Շուշին հանձնվեց, ինձ համար ավելի մեծ հարց է առաջացնում, թե ոնց իրենք հայտնվեցին Շուշիի մոտակայքերում: Ջաբրայիլից պիկապներով ոտքով մտել են Հադրութն են գրավել, Հադրութից Էդիլու, այնտեղից մտել են Ֆիզուլի, Ֆիզուլիից գրավել են Տող գյուղը, Մեծ Թաղլարը, անցել են Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, ամբողջ Ասկերանի ենթաշրջան, Ավետարանոց ու շրջակա գյուղերով, հասել են Քարինտակ: Եվ ոչ մի տեղ այդ ամբողջ ընթացքում, դա տևեց մոտավորապես մի երկու շաբաթից ավելի, որևէ տեղ նոր բնագիծ չի կառուցվել, փոքր ուժերով փորձում էինք ինչ-որ բան անել այնտեղ: Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանն առաջարկեց ամբողջ ֆրոնտի պատասխանատվությունն իր վրա դնել, չդրեցին: Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, թե ինչու այդպես եղավ…

Խոսում էր ինչ-որ օպերացիայի մասին, նույնիսկ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեկ օպերացիա ենք պատրաստում, որով թշնամին կջախջախվի հենց այդ տարածքներում, ուժեր են կուտակել, հավաքներ, խորհրդակցություններ են արել։ Այդպես էլ որևէ օպերացիա տեղի չունեցավ և հայտնի չէ, թե ինչու…

Շուշիի հետ կապված ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան, որևէ ռազմական փորձագետ չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց այնտեղ, և չեմ կարծում, որ հիմա մենք ի վիճակի ենք դա պարզել այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը մնա իշխանության: Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը, ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա և միայն այդ պարագայում հենց իրենք զինվորականները պետք է ճշմարտությունն ասեն»:

Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց, որ իրեն, ըստ էության բանտում էին պահում Արցախը հանձնելու համար: Ապա հավելեց. «Ինձ համար հասկանալի չէր, թե ինչու հերոսական ճանապարհ անցած 3 գեներալ-գնդապետները հայտնվել են մեղադրյալի աթոռին, բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների, գնդապետների նկատմամբ: Բանակում կադրային փոփոխություններ կատարվեցին ու հետևողականորեն փորձված գեներալների, զինվորականների մի մասը հեռացվեցին։ Ես ենթադրում եմ, որ սա բանակը գիտակցված քայքայելու մի գործընթաց է, ուղղակի չէի կարողանում կողմնորոշվել՝ սա զուտ բանակի նկատմամբ անվստահության խնդի՞ր էր, որը գալիս էր դասալիքի կողմից, թե սա մեկ այլ՝ ավելի մեծ ծրագրի մի մաս է:

Եվ կարծում եմ, որ այդ քրեական գործերը և այն փորձերը, որով վարկաբեկում էին տարբեր սպաների՝ իբրև կոռուպցիոն գործարքների մեջ, արվում էր մեկ նպատակով՝ վարկաբեկել բանակը…Փաստ է, որ դա էապես ազդեց նաև այս պատերազմի ժամանակ սպայական կազմի և գեներալների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա»:

Հարցազրույցի ժամանակ անդրադարձ եղավ զոհերի, գերիների ու անհայտ կորածների թվերը չհրապարակելուն: Քոչարյանի համոզմամբ. «Հնարավոր չէ, որ պետությունը չիմանա զոհվածների, անհետ կորածների, գերիների թիվը։ Եթե կառավարությունն աշխատում է Կարմիր խաչի հետ, ապա անհնար է, որ Կարմիր խաչը գերիների թվերին չտիրապետի…Վերջապես իրենք իրականացրել են զորահավաք, կա բանակ, կան ցուցակներ, կոնկրետ մարդկանց հավաքագրել են, ուղարկել են Ղարաբաղ։ Հիմա մեկ ամիս անց իրենք չե՞ն կարողանում հասկանալ, թե՞ ով է հետ եկել, ով՝ ոչ…Երբ պետությունը ստախոս է դառնում, հետևանքները ողբերգական են յուրաքանչյուր քաղաքացու համար»:

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ իր հարազատներից մեկը եւս զոհվել է Մարտակերտում, նա տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի քրոջ թոռն է՝ Հենրի Հարությունովը, որը 20 տարեկան էր, ժամկետային զինծառայող. «Զոհվել է հոկտեմբերի 28-ին, հուղարկավորվել է այստեղ՝ Եռաբլուրում նոյեմբերի 12-ին։ Մինչև երեկ զոհվածների ցուցակում այդ երիտասարդի անունը չկար։ Սրա անունն ի՞նչ դնեմ, փնթիությո՞ւն…Այս ի՞նչ արհամարհանք է այդ մարդկանց նկատմամբ…Կամ քանի՞ ընտանիք է ստացել այն 10 միլիոն դրամը, որ հասնում է զոհվածներին կամ առաջին կարգի հաշմանդամներին։ Դուք գիտե՞ք թիվը։ Չնչին թիվ է, եթե չեմ սխալվում՝ հարյուր, թե ինչքան։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031