Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գյուրջինյան. «Արմատական բարեփոխման անհրաժեշտություն կա ինչպես կրթության ասպարեզում առհասարակ, այնպես էլ մասնավորապես հայերենի և օտար լեզուների ուսուցման ոլորտներում:»

Դեկտեմբեր 05,2020 00:37

ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը գրում է իր ՖԲ էջում.

Սիրելի՛ ընկերներ, այս երկու օրը հիվանդ եմ (չարաբաստիկ վարակը ինձ էլ «բռնեց»), բայց ուզեցի մի քանի մտորումներ գրի առնել, որպեսզի յուրաքանչյուրին առանձին չգրեմ: Խնդիրը օրերս բուհերի ընդունելության քննությունների հաստատված առարկայական ցանկն է:

Փաստ է, որ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի (ընդունվել է 1993 թ. մարտի 30-ին) 2-րդ` «Կրթության լեզուն» հոդվածի 5-րդ պարբերությունում կա այսպիսի նախադասություն. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: «Լեզվի մասին» օրենքը գործում է, այսինքն՝ ենթակա է կատարման:

Կրթական համակարգը էական փոփոխությունների՞ է ենթարկվել այս տարիների ընթացքում, և օրենքը լրացնելու կամ արդիականացնելու անհրաժեշտությո՞ւն կար, պիտի առաջարկվեր քննարկումներ կազմակերպել և այլն: Այդպիսի առաջարկություն չի եղել:

Անկախ այս ամենից՝ կան մի շարք հարցեր:

Ներկայիս շտեմարաններով ու հարցաթերթիկներով ունենո՞ւմ ենք արդյոք հայերենի իրական իմացության մասին քիչ թե շատ հավաստի տեղեկություն:
Օտար լեզուների մասնագետներից հայերենի պատշաճ իմացություն չակնկալելը (չպահանջելը) արդարացվա՞ծ է արդյոք: Կարծում եմ՝ ոչ: Օտար լեզու լավ իմացողների արած համաժամանակյա ձախողված թարգմանությունների ականատեսն ենք եղել քանիցս: Ի դեպ, այս հարցը սոսկ ընդունելության քննության հարց չէ, քանի որ վերոհիշյալ թարգմանիչները վեց տարվա բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ են (համարվում): Դա համալսարանական կրթության ցավալի արգասիքն է:

Մեծագույն և առայսօր անլուծելի խնդիրը հայոց լեզվի ուսուցման նյութն է, մեթոդները, մոտեցումները, գործնականությունը, այժմեականությունը, առնչությունը մասնագիտությանը: Սկսած ավագ դպրոցից: Նայե՛ք ավագ դպրոցի դասագրքերը, կհամոզվեք: Նայե՛ք դասագրքերի տեղը բռնած շտեմարանները, կրկին կհամոզվեք:
Նաև տեսե՛ք, թե բարձրագույն դպրոցում հայերեն դասավանդողների մեջ ինչպիսի՛ մարդիկ կան: Գիտնական չէ, հայերեն կանոնավոր խոսք անգամ չունի, գրաբարն ու արևմտահայերենը կողքով են անցել, մանկավարժի ավյուն և եռանդ չունի… Շատերն ուսանողներին ուղղակի տալիք չունեն:

Եվ այլն, և այլն:
Տարիներ շարունակ այս խնդիրները չեն լուծվել, միայն կուտակվել են:

Արմատական բարեփոխման անհրաժեշտություն կա ինչպես կրթության ասպարեզում առհասարակ, այնպես էլ մասնավորապես հայերենի և օտար լեզուների ուսուցման ոլորտներում: Համալիր այդ փոփոխության ընթացքում էլ անհրաժեշտաբար անդրադարձներ կարող են լինել «Լեզվի մասին» օրենքին: Գուցեև: Բայց միայն ի շահ հայերենի, նախ և առաջ հայերենի:
Եվ ամենակարևորը. վեր պիտի կանգնենք անձնական և խմբային շահերից, տեղ չտանք քաղաքական շահարկումների, անկեղծ լինենք ինքներս մեր, աճող սերնդի, ազգի և երկրի առջև: Ու հայերենի, որ մեր ամենահարազատն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031