Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի, չէին լինի դիվանագիտական ապուշությունները». Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 05,2020 00:25

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում արված այն գրառմանը, որ եթե տարածքներն հանձներ առանց պատերազմի, մարդիկ կասեին «Նիկոլ, դավաճան», ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Պետք է նորից խոսեմ այն ստերի մասին, որոնք հրամցնում էին մեր ժողովրդին: Առաջին օրից, որ մենք հաղթում էինք, եթե մի տեղ հետ ենք գնացել, ապա տակտիկական նահանջ էր, թշնամուն օղակ մտցնելու և հետո ջախջախելու համար․ այդ սուտը բանակը չէր տարածում, Արծրունն էր հնչեցնում զինվորական հագուստով: Այդ սուտը ես գիտեմ որտեղ էր պատրաստվում։

Գերագույն գլխավոր հրամանատարը իր հորինած ստերի գերին էր դարձել։ Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին, բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է:

Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքդ ես գերի դարձել քո ստերին:  Մեկ սուտ ծնում է մեկ ուրիշ սուտ, մեկ ուրիշ սուտ ծնում է մեկ ուրիշը, դա հայտնի բան է… Դու պարտավոր էիր պատերազմը կանգնեցնել չորրորդ օրը»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ եթե ինքը լիներ Փաշինյանի փոխարեն այլ կերպ կվարվեր. «Առաջինը, եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի, չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա, ի դեպ, խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա:

Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեյին փոխեցին, շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմը կազմակերպելու առումով, իրականում այդպես էլ եղավ հետագայում: Հիմա չէր լինի այդ պատերազմը։ Իսկ, այնուամենայնիվ, եթե լիներ, վստահաբար ասում եմ՝ չէինք պարտվի, որովհետև չէինք ունենա այն կոպիտ սխալները, որոնք ուղղակի կանխորոշեցին այդ պատերազմի ելքը:

Եզրակացությունը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին, թե՝ լավ չեք արել, էս չեք արել, էն չեք արել: Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախչում․.. Քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախչողներին, ո՞ւմ են պատժել…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031