Պատերազմի արդյունքում իրենց տները կորցրած ընտանիքները անորոշության մեջ սպասում են լուրերի։
Ընտանիքներից մի քանիսը ժամանակավորապես բնակվում են Տավուշի մարզի հյուրանոցներից մեկում։ Պայմաններից չեն բողոքում, ասում են՝ ամեն ինչով ապահովված են, միայն, թե ամեն դեպքում՝ իրենց տունը չէ, ուզում են վերադառնալ Արցախ։
Հյուրանոցի դատարկ միջանցքներին շունչ են տալիս ընտանիքների երեխաները, որոնք վազում են այս ծայրից մյուսը։
Կարդացեք նաև
Լրագրողների այցն էլ իրենք էին ծնողներին ազդարարել, պարզապես՝ շփոթել էին՝ կարծելով, թե իրենց ուսուցիչներն են եղել։
Դեկտեմբերի 4-ին երեխաներից Դենիսը դառնում է 8 տարեկան։ Դենիսի ընկերները որոշել են, որ 8-ամյակը տղան պետք է հավուր պատշաճի տոնի։ Նրանք նախապես պատրաստել են շղթաներ, որով և զարդարում էին ճաշարանը։ Շղթաները ամրացնում էին ճաշարանի ջահերին։ Հասակն էլ չէր խանգարում երեխաներին զարդարել ճաշարանը․ նրանցից ամենաակտիվները երկու աթոռները իրար վրա էին դրել և ամրացնում էին զարդարանքները։
Իսկ դեկտեմբերի 4-ին արդեն տոն էին նախապատրաստել իրենց ընկերոջ համար՝ պատրաստվում էին երգել, պարել, ասմունքել և ապահովել ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների և հարազատների տոնական տրամադրությունը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի