Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԿՀ պետը չէր նշել, թե համաներումը չկիրառելու համար հիմք է հանդիսացել հանցագործությունների՞, թե՞ դատավճիռների համակցության առկայությունը

Դեկտեմբեր 05,2020 12:30

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր՝ 2019թ. հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ մինչեւ Ազգային ժողովի կողմից համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին:

Իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն էլ, եթե քրեակատարողական ծառայության եւ պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Վարչական դատարանում առկա են պատիժը կրողների բողոքներ, հայցապահանջներ արդարադատության նախարարության գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների պետերի դեմ, կապված վաղաժամկետ պայմանական ազատման, Համաներման մասին որոշումը չիրականացելու հետ:

«Առավոտի» տեղեկություններով, Արամ Վարդանյանը հոկտեմբերի 15-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի՝ օգոստոսի 17-ի «Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոց կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գործի դատաքննությունը նշանակվել է գալիք տարվա փետրվարի 18-ին, դատավորն է Մհեր Պետրոսյանը, իսկ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող Կարեն Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ քրեակատարողական հիմնարկի` 2020 թվականի մայիսի 19-ի համաներում չկիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու եւ իր նկատմամբ «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013 թվականի համաներման ակտը կիրառելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատավոր Ռոբերտ Մաքեյանն այն վերադարձնելու մասին որոշում է կայացրել, տվել տասնհինգօրյա ժամկետ, դատարան կրկին ներկայացնելու համար:

Շատ հետաքրքիր գործ է Հովհաննես Կարապետյանի գործը: Այն կիրառման առումով երբեմն կրկնվում է, այլ դատապարտյալների գործերով էլ: Հովհաննես Կարապետյանի ներկայացուցիչը դատարան դիմելով հայտնել է, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հովհաննեսը քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Պատժի կրումից խուսափելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հովհաննեսն ինքնակամ ներկայացել է հետախուզումն իրականացնող մարմնին: Այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ քրեական գործով, որպես մեղադրյալ իր նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, որպես խափանման միջոցը: Մեկ տարի առաջ հայցվորին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հոդվածով եւ ուշագրավ է, որ նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, սակայն նա տեղափոխվել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` պատիժը կրելու: Հայցվորը դիմում է ներկայացրել այդ քրեակատարողական հիմնարկի պետին եւ խնդրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2013 թվականի դատավճռով նշանակված պատժից 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով ազատելու վերաբերյալ: ՔԿՀ պետ Է. Գրիգորյանը որոշում է կայացրել «Համաներում չկիրառելու մասին»: Ըստ հայցվորի, ՔԿՀ պետը «Համաներում չկիրառելու մասին» որոշման մեջ պարզապես վկայակոչել է Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետը, սակայն չի նշել, թե համաներումը չկիրառելու համար հիմք է հանդիսացել հանցագործությունների, թե դատավճիռների համակցության առկայությունը:

Տվյալ դեպքում, հայցվորը քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար արդեն իսկ դատապարտվել էր, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի երկրորդ մասով առաջադրված մեղադրանքի առկայությունն էլ չէր վկայում հանցագործությունների համակցության մասին: Ի դեպ, նմանատիպ մեկ այլ գործով էլ, նախկինում դատվածը, վկայակոչել էր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի վեցերորդ մասը, համաձայն որի, պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաեւ մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Հովհաննես Կարապետյանի գործով վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը: Եվ պատահական չէ, որ օրենսդիրը հանցագործությունների համակցության կանոններով պատիժ նշանակելու համար պարտադիր պայման է սահմանել մինչեւ դատապարտվելը կատարված հանցագործության համար մեղավոր ճանաչվելը: Ըստ նրա ներկայացուցչի դատարան ներկայացրած հայցապահանջի` «Ակնհայտ է, որ համաներում չկիրառելու մասին որոշումը կայացնելու պահին հայցվորի մեղավորությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ հաստատված չի եղել, հետեւաբար` հանցագործությունների համակցության կանոններով պատիժ նշանակելու մասին խոսք լինել անգամ չի կարող: Քրեակատարողական հիմնարկի պետը հնարավոր է՝ ենթադրել է, որ հայցվորին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, հետագայում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու է դատարան, դատարանը դատական քննությամբ հաստատելու է հայցվորի մեղավորությունը եւ կայացնելու է մեղադրական դատավճիռ, որի պայմաններում վերջնական պատժի ժամկետին հաշվեկցելու է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը եւ միայն դրանից հետո է հնարավոր քննարկել հայցվորին պատժից համաներմամբ ազատելու հարցը: Ստացվում է, որ հայցվորն անորոշ ժամանակով պետք է սպասի մինչեւ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի հերքվելը կամ առաջադրված մեղադրանքի համար դատապարտվելը»: Այսինքն, դատավճիռների համակցության մասին խոսք կարող էր լինել միայն այն դեպքում, երբ Հովհաննեսը կամ Հովհաննեսները դատապարտվելուց հետո կատարեին նոր հանցանք եւ այդ հանցանքի կատարման համար դատարանը նրա նկատմամբ որոշեր պատիժ նշանակել: Ուշադրության արժանի էր այն, որ եթե հայցվորի վերաբերյալ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի երկրորդ մասով քրեական գործն ուղարկվեր դատարան եւ դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակեր, ապա դատարանը չէր կարող պատիժ նշանակել դատավճիռների համակցության կանոններով, քանի որ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով դատավճիռների համակցության կանոններով վերջնական պատիժ կարող է նշանակվել, բացառապես այն դեպքում, երբ վերջին արարքը հայցվորը կատարած լիներ առաջին արարքի համար դատապարտվելուց հետո:

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աղվան Վարդանյանի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Առաքելյանի կողմից կայացված թիվ 58 որոշումն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք՝ Ա. Վարդանյանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացնել պարտավորեցնելու պահանջների մասին: Դատական գործընթացները շարունակվում են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031