Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ հրամցվող սուտը քայքայեց բանակը». ՀՀ երկրորդ նախագահ

Դեկտեմբեր 04,2020 23:50

«5-րդ» ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսելով պատերազմի ժամանակ ձախողված օպերացիայի մասին, որի ընթացքում ջախջախվել էին հարավում գործող բանակային կորպուսը և Ստեփանակերտի գունդը, դրանում մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ասաց, որ այդ օպերացիան իրականացվել է վարչապետի հրաhանգով. «Դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար, մինչդեռ մարդիկ ասում էին, որ պետք է հյուսիսի պես այդ ուժերով նոր բնագիծ կառուցել և պահել, պաշտպանվել։

Ընդամենը պետք էր պաշտպանվել տասը օր այդ ճնշումը կանգնեցնելու համար, բայց ընտրեցինք մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ զինված ուժերի ողնաշարի ջարդման: Գիտե՞ք ինչ էր այդ Լելե-Թեփե սարը՝ իբր թե մեկը տվեց, մենք հետ վերցրինք, ֆեյսբուքյան լայքերը գերակայեցին առողջ տրամաբանությանը և տվյալ օպերացիայի պարագայում ունեցանք մի քանի տասնյակ մարդկային կյանքեր և մի քանի տասնյակ խփված և այնտեղ թողնված զրահատեխնիկա: Շատ ծանր հետևանքներ ունեցավ դա ամբողջ պատերազմի համար: Կան մի շարք այլ հանգամանքներ նույնպես, որոնց մասին ևս կարելի է խոսել։ Չգիտեմ՝ այդքանն էլ երևի հերիք է ասել, որ այո, մենք ի վիճակի ենք եղել կրել այս պատերազմը»:

Հարցին՝ արդյոք իր ասածից բխում է, որ պարտության մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Բոլոր սխալ որոշումները կայացվում էին մեկ մարդու կողմից: Այդ գնումները․..օրինակ, զինվորականներն ասում էին՝ մեզ պետք չեն այդ ՍՈՒ-երը, ասում էր՝ չէ, սա ենք ուզում: Ենթադրում եմ, որ պարադի ժամանակ այդ ՏՈՌ համակարգը այդքան տպավորիչ չէ, ինքնաթիռները, այսպես եռագույն ծուխ հանող սարքերով երևի ավելի տպավորիչ են՝ միգուցե քաղաքացու օրը նշելու համար»: Բանակ մտած չարչրկված ելակի թեմային էլ անդրադարձ եղավ. «Մինչև հիմա ասում են՝ այդ ելակը շատ լավ էր․.. Երկու տարի ծառայել եմ սովետական բանակում, ելակի երես չեմ տեսել, բանակն՝ ուր, ելակն ուր…»:

ՀՀ երկրորդ նախագահը հավելեց. «Ի դեպ, ամբողջ ֆրոնտի մյուս հատվածով, որտեղ կար կանոնավոր բանակ, որտեղ դիմացել են այդ ճնշմանը, հարձակման առաջին մի քանի օրվա ընթացքում և այդ բնագիծը պահպանվել էր գրեթե ամբողջ պատերազմի ժամանակ, վերջում սկսվեց ուղղակի քայքայվել, որովհետև իրենք սկսել են Ջեբրայիլով հարավից հյուսիս բնագիծը ջարդել՝ կողքից հարվածներով: Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել: Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը»:

Նա վստահ է, որ կարելի էր խուսափել կապիտուլյացիայից: Նախագահի խոսքով. «Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ, ամեն օր, հարձակվող բանակը, հաջողություններ ունեցող բանակը ոչ մեկը չի կանգնեցնում, ոչ մեկը: 1993-94 թվականներին ինձ վրա ահռելի ճնշում է եղել մեր առաջխաղացումը կանգնեցնելու համար, չի հաջողվել և կրկնում եմ՝ ոչ մի բանակ չէր կանգնի, մենք պարտավոր էինք մեկ շաբաթ, տասը օր, երկու շաբաթ կանգնեցնել այդ ճնշումը, որից հետո շատ ավելի հեշտ կլիներ կնքել զինադադարի պայմանագիրը, որը շատ ավելի բարենպաստ կլիներ մեզ համար: Եվս մեկ հարց, որի մասին ոնց որ բավարար չափով չի խոսվել, այն սուտը, որը ամեն օր հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի օրերին, այնպիսի խզում մտցրեց պատերազմի նկատմամբ պատկերացումների մեջ Արցախում, Հայաստանում, առաջին գծում, որն ուղղակի քայքայեց մեր բանակը:

Երբ առաջին գծում զինվորը տեսնում է՝ ինչ է կատարվում, զինվորի ծնողները կարծում են, թե այստեղ Գետաշեն ենք վերցրել, Շահումյան, շուտով Քուռ գետի վրա ենք դուրս գալու, սա բերում էր նրան, որ առաջին գծի զինվորը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, այսպիսի ստերի տարափից հետո մարդիկ դադարում էին վստահել պետությանը, մարդիկ մտածում էին, թե ինչ է կատարվում, որ մենք մի մեծ խաղի մաս ենք, թե մենք ով ենք, իսկ զինվորի համար պետության ներկայացուցիչը սպան է: Եվ անվստահությունը պետության նկատմամբ անմիջապես տարածվում է անվստահության այդ սպայի նկատմամբ:

Բազմաթիվ էին դեպքերը, երբ  զինվորը չէր ենթարկվում սպաներին, հատկապես մոբ ռեսուրսից, նաև համացանցում այնպիսի դրվագները շատ էին։ Ես չեմ հիշում այդպիսի դեպքեր 1992-94 թվականներին, երբ մարդիկ դիրքեր չգնան: Համոզված եմ, որ պատճառն այդ սուտն է: Այդ սուտը բանակում չէր հորինվում, այդ սուտը հորինվում էր հայտնի ՊՈԱԿ-ում, եւ դուք գիտեք, թե ում է ենթարկվում այդ ՊՈԱԿ-ը: Այս բոլոր պատճառները, որ ես նշում եմ, բանակում ծնված պատճառներ չեն, սրանք քաղաքական իշխանության սխալների արդյունք են, հետևաբար՝ մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում, մեր կառավարությունը, այդ քաղաքական թիմն է պարտվել, որովհետև իրենց քայլերը բերեցին նման հետևանքների»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031