«5-րդ ալիքին» տված հարցազրույցում անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի թեզին՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Հարց է առաջանում՝ պաշտպանության նախարարի այդ թեզը որևէ առնչություն ունե՞ր Գլխավոր շտաբի կարծիքի հետ, թե՞ չուներ։ Իրենք իրար հետ գոնե քննարկո՞ւմ էին մեր հնարավորությունները, թե՞ չէին քննարկում։ Ո՞նց էր վարչապետի մոտ համալրվում այս երկու մոտեցումը՝ Գլխավոր շտաբի եւ Պաշտպանության նախարարի։ Բայց սա մի կողմ դնենք։
Ըստ էության, մենք հնչեցրել ենք Պաշտպանության նախարարի միջոցով Ադրբեջանի նկատմամբ այնպիսի սպառնալիք, որի ամենից կարճ չեզոքացման ճանապարհը Թուրքիայի ներգրավումն է պատերազմի մեջ։ Դու ասում ես մի բան, որի համար բավարար ուժ չունես, որին ընդունակ չես գնալու, բայց քո խոսքով դու դրդում ես քո թշնամուն Թուրքիայի հետ շատ ավելի ինտեգրված պաշտպանական համակարգում համագործակցության։ Եվ մենք տեսանք դրա արդյունքը։ Ինչո՞ւ եք դատարկախոսության զբաղվել, եթե, այսպես ասած, տակը բան չունեիք։ Եվ սա ևս արվում էր կառավարության անդամի կողմից, և վստահաբար կարող ենք ասել, որ վարչապետի գիտությամբ։
Կարելի է մի շարք այլ օրինակներ բերել։ Այս ամենը, համադրության մեջ, միասին ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել։ Իսկ եթե այդպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը։ Ի դեպ, կարելի էր այդպես պահել միայն այն պարագայում, երբ դու ունես այնպիսի առավելություն, այնքան ուժեղ ես, որ կարող ես, կոպիտ ասած՝ թքած ունենալ նման կարգի նրբերանգների վրա։ Բայց այդպես չէ ռեսուրսների առումով, բնակչության քանակի, բյուջեի ծավալի, ՀՆԱ-ի առումով այդպես չէ։ Եվ կրկնեմ՝ մեր իշխանությունը, գիտակցելով թե չգիտակցելով, արել է ամեն ինչ այդ պատերազմը անխուսափելի դարձնելու համար։ Սա փաստ է»։
ՀՀ երկրորդ նախագահի ձևակերպմամբ, հատո՞ւկ է արվել այս ամենը, նպատակադրվա՞ծ, թե՞ ապիկարության հետևանք է, հնարավոր չի լինի պարզել այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը կլինի իշխանություն. «Ակնհայտ է փաստը, պատճառները․ գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար՝ այդ բացատրությունը ունենալու ենք միայն հաջորդ իշխանությունների ժամանակ։ Հնչում են տարբեր ինֆորմացիաներ՝ տարբեր մարդկանց կողմից։ Ես այդ փաստի ապացույցները չունեմ, դրա համար չեմ ուզում մտնել այդ տիրույթ»։
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր էր հաղթել այս պատերազմում, կամ գոնե հնարավո՞ր էր ոչ կապիտուլյացիոն ակտ ստորագրել,այլ ավելի բարենպաստ պայմաններով որևէ փաստաթուղթ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Չեմ կասկածում, որ հնարավոր էր։ Ստիպված պետք է իմ պատասխանը կոնկրետացնեմ, քանի որ տվյալ դեպքում առանց կոնկրետացման՝ ուղղակի հնարավոր չէ բացատրել թե ինչու։
Առաջին․ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, թե ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու ապագայում։ Ինչո՞ւ մենք ընդհանրապես պատրաստ չէինք նման պատերազմի, չէ՞ որ այդ ինչպիսինն է լինելուն բոլորի համար ակնհայտ էր։ Հայտարարում էին, թե օդը լիարժեք փակված է, բայց պարզվեց՝ օդը լիարժեք բաց է ՝ադրբեջանական օդուժի, ԱԹՍ-ների համար։ Հիմա կատարված սխալները, որոնք, ի դեպ, հնչեցվել են նաև զինվորականների կողմից։ Մենք այս երկուսուկես տարում լիարժեք չենք փորձել իսկապես փակել օդը»։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, դա հաստատ հնարավոր էր. «Օրինակ՝ 120 մլն դոլար պարգևավճարի փոխարեն պետք էր այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են անօդաչու սարքերի դեմ՝ ՏՈՌ համակարգերը։ Ակնհայտ է, որ գնվեցին ՍՈՒ 30-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել։ Չեն գնել հրթիռներ… Սու 30-ի հետ չեն եղել և չէին կարող լինել հրթիռներ։ Պարզվում է, ինչպես ասաց նաև Մովսես Հակոբյանը, կա կառավարության որոշում, որ այդ տիպի հրթիռները չեն կարող վաճառել երկրից դուրս։ Եթե չգնեին այն մետաղի ջարդոն «ОСА АК»-ները, 30, թե 40 տարվա, որոնք ուղղակի չաշխատեցին։ Այդ գումարները կային, կար պայմանավորվածություն Ռուսաստանի հետ ՏՈՌ համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց։ Պարգևավճարները վարչապետի որոշումով բաժանեցին, ՍՈՒ 30-երը գնեցին վարչապետի որոշումով, մինչդեռ այդ գումարը նախատեսված էր ՏՈՌ համակարգի համար։ Եվ ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն գործարքը՝ ОСА-ների համար, ևս վարչապետի գիտությամբ էր կայացվել։
Ըստ էության՝ մենք ճիշտ որոշման արդյունքում ի վիճակի ենք եղել լիարժեք փակել օդը։ Եվ սա նորություն չէ, ուղղակի փորձում եմ տարբեր տեղերում հնչեցված և արդեն փաստ համարվող հանգամանքները կապել իրար։ Երկրորդ` ամենից կոպիտ սխալներից մեկն այն փաստն է, որ երրորդ օրը դադարեցրել են համալրումը կանոնավոր բանակի՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։ Խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես միայն վերջերս իմացա, որ վարչապետի հատուկ որոշում կար դրա համար»։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն հերքվել.. «Չէր կարող հերքվել, և դա փաստ է: Ես այդ փաստը տեսնում էի։ Գիտե՞ք մենք 1992-94 թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություններ թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որոնք իսկապես շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի ինչ-որ բան, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը»։
Նախագահը պարտության այլ պատճառներ էլ նշեց. « Ըստ էության, մեր ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ, իրենք մխրճվեցին մեր առաջնագծով և ուղղակի հյուսիսում հաջողվեց կանգնեցնել և նոր բնագիծ կառուցել՝ Մատաղիսի շրջակայքներով, Թարթառ գետի աջափնյա բարձրունքների վրա և հյուսիս՝ դեպի Եղնիկների դիրքերը։ Ով գիտի Ղարաբաղը կամ պատկերացնում է քարտեզը, կարող է նաև պատկերացնել՝ ինչի մասին եմ ես խոսում։ Հարավում ընդամենը 14 կմ-ի վրա մենք չդիմացանք հենց առաջին օրը հետ քաշվեցինք, երկրորդ օրը և այդ 14 կմ-ով ադրբեջանցիները զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջեբրայիլ, հյուսիս, հետո Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերինի, Կուբաթլու, Զանգելան, և ամբողջ այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Հիմա պատճառը՝ ինչո՞ւ, որովհետև փորձել են մի ռազմական օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար։ Դա նույն այն օպերացիան էր, որի մասին վարչապետը հրճվանքով պատմում էր РБК-ի իր հարցազրույցի ժամանակ՝ հոկտեմբերի 7-ին՝ հեսա կորպուրսը շրջապատեցինք, ջախջախեցինք և սա կփոխի ամբողջությամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ