Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող մի խումբ ֆրանսիացի բժիշկների՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։
Առաքելության պատասխանատու դոկտ․Լևոն Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց արցախյան պատերազմի ընթացքում հումանիտար և բժշկական օգնության նպատակով կազմակերպված առաքելության շրջանակներում Ֆրանսիայից բժիշկների արդեն երրորդ խմբի այցելության արդյունքների, վիրավորում ստացածների ապաքինմանն ուղղված ծրագրերի և այդ նպատակով ձևավորված համագործակցության մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց ֆրանսիացի բժիշկների ազնիվ հանձնառությունը՝ նշելով, որ նմանօրինակ մարդասիրական ծրագրերը մեծ օգտակարություն ունեն և կարևոր զորակցություն են հայ բժիշկներին վիրավոր զինվորականների բուժման գործում։
Կարդացեք նաև
Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի իշխանություններին և մասնավորապես նախագահ Էմանուել Մակրոնին այն կարևոր աջակցության համար, որ պատերազմի առաջին օրերից ցուցաբերվել է Արցախի ժողովրդին։ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց նաև այն ուշադրությունը և հարգանքը, որ ֆրանսիացի ժողովրդի կողմից դրսևորվում է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ։
Ֆրանսիացի բժիշկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական օրհնության և գնահատանքի համար։ Ապա քննարկվեցին առկա անհրաժեշտություններն ու կարիքները, անդրադարձ կատարվեց այս ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերին, մասնավորապես վերջին տարիներին Մայր Աթոռի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության համատեղ ջանքերով իրականացվող վերջույթների պրոթեզավորման ծրագրին։ Կարևորվեց նմանօրինակ ծրագրերի կազմակերպումը ներգրավմամբ նաև մարդասիրական զանազան կազմակերպությունների, որպեսզի հնարավորություն ընձեռնվի վիրավոր զինծառայողներին վերադառնալու լիարժեք կյանքի։ Այդ գործընթացում անհրաժեշտ նկատվեց բուժման մեջ գտնվողների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպումը և դրանում ընդգծվեց նաև Եկեղեցու մասնակցության կարևորությունը։
Վերջում Հայոց Հովվապետն աղոթեց խաղաղության համար՝ հայցելով Երկնավորից, որպեսզի որևէ ազգ և ժողովուրդ այլևս չապրի նման ցավ և պատերազմի աղետալի հետևանքների ողբերգություն։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի