Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող շարունակական վանդալիզմի մասին

Դեկտեմբեր 04,2020 22:30

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Դեկտեմբերի 3-ին ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես եկավ ելույթով։

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը ցավով արձանագրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է համաշխարհային մշակութային ժառանգությունը պաշտպանելու վեհ առաքելությամբ, անկարող և նույնիսկ անզոր է մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կանխելու համար, ինչի ականատեսը եղանք վերջին ամիսների ընթացքում, երբ Արցախը դիմակայում էր թուրք-ադրբեջանական կոալիցիայի, նրանց դաշնակիցների, Սիրիայից ներգրավված հազարավոր վարձկան ահաբեկիչների զինված ագրեսիային, որի ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայ ժողովրդի համար կարևոր պաշտամունքի վայրը և 19-րդ դարի ճարտարապետության գլուխգործոցը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծեց, որ նույնիսկ այն պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը տարածաշրջանի ժառանգության պաշտպանությանն ուղված իր հերթական կոչն էր անում, տեղեկատվություններ և փաստեր էին ստացվում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող շարունակական վանդալիզմի մասին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նիստի մասնակիցներին փոխանցեց հայկական կողմի այն մտահոգությունները, որ այդ զարհուրելի գործողությունները հայկական մշակութային ժառանգության հանդեպ կկրկնվեն զանգվածաբար Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո տարածքներում, միաժամանակ հիշեցնելով Նախիջևանի հայկական ժառանգությանը բաժին հասած ճակատագիրը, որն անխնա ոչնչացվեց։

Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծեց անհապաղ միջամտելու կարևորությունը և այդ պատճառով Հայաստանը դրական է ընդունել Գլխավոր տնօրենի առաջարկը՝ տարածաշրջան նախնական առաքելություն գործուղելու վերաբերյալ և պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել այս նախաձեռնությանը։

Փաստելով, որ Հաագայի Կոնվենցիայի Երկրորդ արձանագրությունը չունի վերահսկման գործառնական որևէ մեխանիզմ, ՀՀ ներկայացուցիչը հայտնեց, որ Հայաստանը, որպես Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության Կոմիտեի անդամ, Կոմիտեի աշխատանքների շրջանակներում ներկայացրել է որոշման նախագիծ, ուղղված այդ բացը լրացնելուն, անդամ երկրներին հրավիրելով սատարել այդ նախագիծը։

Ամփոփելով իր խոսքը, ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ պետք է մոբիլիզացվել՝ հնարավորություն տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ին գործելու արտակարգ իրավիճակներում, երբ մարդկության մշակութային ժառանգությունը վտանգված է։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031