Լրահոս
Օրվա լրահոսը

«GPS-ն Արցախն Ադրբեջան է ցույց տալիս, թողնեինք` դուրս գայինք». Թաթուլ Հակոբյան

Դեկտեմբեր 04,2020 21:21

«Ավելի տգետ եւ ավելի անպատասխանատու բան դժվար է գտնել, քան GPS համակարգով սահմանների հստակեցումն է: Դա զրո գիտելիք է դեմարկացիայի, դեմիլիտացիայի, միջազգային հարաբերությունների մասին: Դե որ այդ համակարգով ենք որոշելու, այդ համակարգը շատ վաղուց Արցախն Ադրբեջան է ցույց տալիս, թողնեինք`դուրս գայինք: Թվում էր, թե ոչ, բայց պարզվեց, որ իշխանությունը կարող է այսքան անպատասխանատու եւ տգետ լինել եւ սա դեռ վերջը չէ, ցավոք»,- այսօր «Հոդված 3» ակումբում  հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի խնդիրների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին, Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնությունից անմիջապես հետո առաջ եկան սահմանների հստակեցման խնդիրներ: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ սահմանը պետք է ճշգրտվի բանակցությունների եւ հատուկ հանձնաժողովների միջոցով, սակայն, օրեր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանները ճշգրտվում են GPS համակարգերով: Խնդրին հայկական կողմը բախվեց Սոթքում:

Թաթուլ Հակոբյանը պատերազմի օրերին է անցել ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով: Անցել է մի քանի անգամ, առաջին անգամ, երբ պաշտոնական Երեւանի խոսնակները «գյոռբագյոռ» էին անում, իսկ արդեն Զանգելանում մարտեր էին ընթանում: Հասնելով Դավիթ Բեկ`զարմացել է, որովհետեւ այնտեղ էլ էին մարտեր ընթանում, իսկ Երեւանում հաղթական տրամադրություններ էին դեռ: «Ադրբեջանցիները հասել էին Դավիթ Բեկի դիմացի սարը: Խորհրդային տարիներին հենց այդ սարի վրայով էր սահմանն անցնում»,-ասաց Թաթուլ Հակոբյանը` հավելելով, որ տպավորություն ունի, թե ադրբեջանցիները մոտենում են նախկին Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի սահմաններին, որն, ի դեպ, անգամ խորհրդային տարիներին չափազանց վիճարկելի է եղել: Իբրեւ Տավուշի բնակիչ, նա լավ է հիշում, թե 1980-ականներին Տավուշի հատվածում ինչ կռիվներ էին գնում սահմանի համար:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ուսումնասիրությունների արդյունքում հասկացել է, որ սահմանը դիմացինի հանդեպ սպառնալիք է կամ ռազմավարական տարածք է, որը աշխարհակառուցման փիլիսոփայություն է: «Ես չգտեմ, թե մենք ինչպե՞ս ենք այս հարցին վերաբերվում: Սահմանն անվտանգության խնդիր է, մեր հարաբերությունների դեպքում`առաջին հերթին: Ինձ հասկանալի են սահմանամերձ բնակչության տագնապները: Սա ոչ թե պատմական անվտանգության խնդիր է, այլ հենց հիմա գործող վտանգ»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Նա հիշեցրեց իրավիճակներ, երբ խորհրդային տարիներին սահմանների վիճելի հարցերը հասել են մինչեւ Մոսկվա, այնտեղից հորդորել են`հայերին եւ ադրբեջանցիներին` իրար հետ համաձայնության գալ, որն այդպես էլ չի եղել: Մենք ունենք քարտեզագետներ, վերլուծաբաններ, որոնց, բանախոսի կարծիքով, այժմ պետք է ներգրավել տարվող աշխատանքներում, որոնք անպայման պետք է ընթանան արխիվների ուսումնասիրությունների հիման վրա: Իր համար խնդիր է նաեւ սահմանամերձ բնակավայրերի դասակարգումների հարցը, սահմանային բնակչության ճակատագիրը: Հիշում է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անգամ, ադրբեջանական կողմը մարդկանց պատանդ էր վերցրել, որոնք հետո պետք է վաճառվեին, տեղի հայ բնակչության անասուններին էին քշել եւ տարել: Իր պատկերացմամբ, այս պահն խնդիրը լուծվում է ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստանի, Ղարաբաղի մասնակցությունը, համենայնդեպս տեսանելի չէ, ուստի, կարծում է, որ պետք է ՌԴ ներկայացուցչության միջոցով հստակեցնել խնդիրները: «Քանի դեռ իրավիճակը նոր է, քանի դեռ սպառնալիքներ կան եւ այդ տարածքների բնակչությունն ամենայն հավանականությամբ չեն վերադառնալու, չի բացառվում երրորդ երկրի կողմց այս տարածքներ այլ աշխարհայացքներով, վարքով եւ նպատակներով բնակչության այստեղ բերելը, այս պահին սահմանների խնդիրը պետք է հետաձգել մինչեւ հարցի վերջնական լուծումը, ասենք` հինգ կիլոմետրանոց տարածությամբ: Այլապես, երեք երկրների կողմից ստորագրված հայտարարությունը լոկալ կռիվների հիմք է, ինչը ՌԴ-ին այս պահին պետք չէ`անկախ նրանից, թե այս պատերազմում ՌԴ-ի մասնակցությունն ինչ նպատակներ էր հետապնդում»,-ասաց նա` հավելելով, որ վստահ է, որ սահմանների հարցում ուղղորդողը Թուրքիան է:

Այս ցավոտ խնդիրն, իր պատկերացմամբ, հայկական կողմի համար թողնված է տեղական ինքնապաշտպանությանը, ադրբեջանական կողմի համար`արագ յուրացման նպատակ է հետապնդում:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էլ խոսեց այս հարցերում կադաստրի կոմիտեի ներգրավվածության մասին: Ասաց`մինչեւ 2018 թվականը կադաստրի կոմիտեն ներկայացված է եղել վրացական սահմանի հետ դեմարկացիոն հանձնաժողովի միջպետական հանձնաժողովում, որտեղ նույնպես վիճելի խնդիրներ կան: 2018-ից նոր կառավարությունը, ենթադրում է անփութության կամ չիմացության պատճառով, դուրս է թողել կոմիտեն միջպետական հանձնաժողովից, որը մասնագիտական հարցերում կարող էր կողմնորոշիչ լինել: Այս պարագայում`չգործող պետական համակարգը եւ պատերազմը`իր բերած խնդիրներով, իր համար միանգամայն պարզ են դարձնում իրավիճակը: Նա հավատում է այն տեղեկություններին, որ սահմանազատման աշխատանքները կատարում են հայկական բնակավայրերի տեղի բնակիչները`ադրբեջանցի զինվորների հետ, քանի որ պետության կատարած աշխատանքը չի երեւում. Եթե արվեր`կերեւար:

GPS-ը, ըստ բանախոսի գործիքներից մեկն է, բայց բնականաբար, դա հեռախոսով չի արվում, դա ոչ ճշգրիտ գործիք է: Կան տարբեր պրոֆեսիոնալ գործիքներ էլ, որոնք օգտագործվում են դաշտային պայմաններում աշխատանքի համար:

Գլոբալ խնդիրներից մեկը նա համարում է այն, որ սահմանների հետ մեր հարաբերությունները, նաեւ Հայաստանի ներքին վարչատարածքային բաժանումը, տեղի է ունենում սահմանների նկարագրությամբ, որը 150 տարվա վաղեմության ձեւակերպում է: 21-րդ դարում այլ համակարգեր կան, որոնք պետք է օգտագործել: «Նաեւ խնդիրն այն է, որ մենք միշտ շատ փնթի ենք վերաբերվել մեր սահմանների պաշտպանության կոորդինատներին, այդ թվում նաեւ Արաքսի ափից վայրագ ձեւով ավազ վերցնելով եւ օգտագործելով, մեր սահմաններն ենք փոքրացնում»,- ասաց Սարհատ Պետրոսյանը:

Հիմա, Ադրբեջանի հետ աշխատանքներում, եթե միջպետական հանձնաժողով հնարավոր չէ ձեւավորել, ապա, իր կարծիքով,  Հայաստանի կողմից պետք է լինեն պետական եւ անպայման ոչ պետական ներկայացուցիչներ, քանի որ պետությունն այս վիճակում չունի հանրային վստահություն, այլապես սա անհասկանալի եւ վտանգավոր  հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ բացառված չէ կրքերի բորբոքումը: Նրա համոզմամբ, պետությունը չի կարող նստել եւ լայվերով զբաղվել,  պետություն իր պոզիտիվ պարտավորությունները պետք է կատարի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031