Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը կղզու նման շրջափակման մեջ է

Դեկտեմբեր 04,2020 20:50

Ասկերանի շրջանի ամենասահմանամերձ Խրամորթ գյուղն այսօր կղզու նման մնացել է շրջափակման մեջ։

Բնակիչներին չնայած կանչում են իրենց տները, սակայն տեղացիներն իրենց ապահով չեն զգում։

Խրամորթ գյուղի ուսուցչուհի Արմինե Միրզոյանը իր քրոջ ընտանիքի և երկու երեխաների հետ պատերազմի ժամանակ երկար ճանապարհ անցնելուց հետո հասել է Դիլիջան։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արմինեի ընտանիքը բակից պարզ տեսել է։

«Ամուսինս քնած էր, ես գնացի ասեցի, որ պատերազմը սկսել է։ Մեր գյուղից Աղդամը պարզ երևում է ու տեսնում էինք, թե ինչպես է Աղդամում ծուխ ու կրակ բարձրացել»,- պատմում է Արմինեն։

Մի քանի ժամում գյուղում սկսել են տարհանել տեղացիներին, քանի որ թշնամին շատ մոտ է եղել։

«Մենք չենք պատկերացրել, որ նման կռիվ կլինի, մենք միշտ մտածել ենք, որ կլինի զենքի կռիվ, բայց սա այլ պատերազմ էր և մեզ վերևից էին ռմբակոծում»,- նշում է ուսուցչուհին։

Տանից միայն անձնական փաստաթղթերը վերցրած Արմինեն համագյուղացիների և երեխաների հետ լքել է գյուղը, իսկ ամուսինը շտապել է ռազմաճակատ.

«Երբ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես երեխա էի, հիշում եմ, որ ծնողներս ասում էին, որ պետք է տանից միայն փաստաթղթերը վերցնել, իսկ մնացած իրերը կգտնեք։ Մոտ քսան հոգանոց համագյուղացիներով նստեցինք ավտոբուս ու գնացինք սկզբում Սևան, որտեղ մնացինք երկու օր ու հետո տեղափոխվեցինք Երևան, այնտեղ էլ մի ամիս մնալուց հետո մեզ բերեցին Դիլիջան. Ամուսինս հենց առաջին օրվանից գնաց ռազմաճակատ ու 50 օրից ավել մնաց սահմանում»։

Չնայած նոյեմբերի 10- ին կնքված եռակողմ հրադադարի պայմանագրով Խրամորթ գյուղը մնացել է Արցախի տարածքում, սակայն շրջակա մնացած տարածքները գրավել են ու գյուղը կղզու նման մնացել է շրջափակված։

Արմինեի խոսքով՝ իրենց հիմա կանչում են հետ, սակայն ընտանիքն իրենց այլևս ապահով չի զգում, սակայն չվերադառնալու դեպքում էլ Հայաստանում մնալու տեղ չունեն.

«Մեր կողքի գյուղում թշնամին մտել ու քաղաքացիներին ծեծել է, ու հիմա մեզ ասում են գնացեք ապրեք։ Ես էնտեղ ապահով չեմ զգում ինձ, ոչ էլ երեխաներիս եմ ուզում այնտեղ ապրեն, որովհետև ամուսինս, եթե դիրքերում լինի ու թշնամին գա մտնի մեր տուն ի՞նչ ենք անելու։ Ես գնալու տեղ էլ չունեմ, որ ասեմ գյուղ չգնամ, կարամ էստեղ մնամ։ Ես դպրոցում ուսուցչուհի եմ ու հիմա ինձ կանչում են, որ գնամ, բայց ես, եթե հնարավորություն ունենայի չէի գնա, բայց ինձ ասում են քո տունը կա, կարաս գաս ապրես։ Եթե մեզ տուն տային Հայաստանի գյուղերից մեկում, ես հետ չէի գնա, բայց ես ապաստարան չունեմ ու ստիպված պետք է վերադառնանք»։

Արմինեն պատմում է, որ գյուղի տունն անգամ իրենց սեփականությունը չէ և այն իրենց տրամադրել են դպրոցում դասավանդելու պայմանով, վերջինս վստահ է, որ անգամ ռուս խաղաղապահների առկայությունը իրենց ոչ մի ապահովության երաշխիք չի տալիս։

Այս պահին ընտանիքը նախատեսում է վերադառնալ գյուղ՝ այլընտրանք գտնելու հույսով։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031