Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մայրս 40 սառած մարմին է հերթով ստուգել, որպեսզի տեսնի՝ մեր Աշոտն այդ մարմինների մեջ կա՞»

Դեկտեմբեր 04,2020 21:12

22 ամյա պայմանագրային զինծառայող Աշոտ Հայրապետյանից հարազատները լուր չունեն սեպտեմբերի 30-ից, նա պատերազմի ժամանակ ռազմաճակատի ամենաթեժ տեղում է կռվել։

Հարազատներն Աստծուն խնդրում են՝ գոնե գերի ընկած լինի։ «Ոչ մի ծնող դա չի ուզի, բայց մենք դա էլ ենք ուզում, միայն թե ողջ լինի, ֆիզիկապես լինի երեխան, տուն վերադառնա»,-ասում է Աշոտի մորաքույրը՝ Լիանա Սարգսյանը։

Նա Aravot.am –ի հետ զրույցում պատմում է, որ Աշոտը Գորիսի հետախուզական զորամասում էր ծառայում, սեպտեմբերի 27-ին Գորիսից առավոտ շուտ, ինչպես Լիանան է ասում, քնաթաթախ երեխաներին հանել են, տարել Ջաբրայիլ՝ Մեխակավան, մինչեւ սեպտեմբերի 30-ը երեխայի հետ կապ եղել է, այդ օրը կեսօրին Աշոտի վերջին զանգն է եղել։

«Մինչեւ հոկտեմբերի 2 լուր չունեինք։ Մտածել ենք հեռախոսի մարտկոցն է նստել, զանգում էինք հրամանատարին, ընկերներին, ասում էին՝ ամեն ինչ նորմալ է։ Հետո կցկտուր տեղեկություններով պարզվեց սեպտեմբերի 30-ին հրամանատարը հրաման է տվել՝ 7 զինակիցներով մտնել հակառակորդի դիրքերը, մտել են ու չեն վերադարձել։ Հետո այստեղից-այնտեղից լսած տեղեկություններով իմացել ենք, որ 7-ը վիրավորվել են ու ոչ մեկ չի գնացել նրանց հետեւից՝ փրկելու։ Պատճառաբանել են՝ վտանգավոր է, մեզ ավելորդ զոհեր պետք չեն»,-պատմում է Լիանան։

Նա եւ Աշոտի ծնողները վստահ են՝ 7 զինվորներին հնարավոր կլիներ փրկել, գոնե փորձեին։ Լիանան ասում է՝ ամբողջ զորամասը դեպքի մասին լռում է, իրենք կամավորներից եւ պատահական մարդկանցից են տեղեկություն են ստացել, ովքեր տեղանքում են եղել են։ Հրամանատարին էլ զանգում են, հեռախոսն անջատում է։

«Գիտենք, որ տղաներից մեկի հեռախոսը մինչեւ հոկտեմբերի կեսերը աշխատել է, պարբերաբար զանգեր է կատարվել, սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ կամ գերի են ընկել կամ ողջ են եղել ու սպասել են օգնության, որն այդպես էլ չի հասել»,-ասում է Լիանան։

Աշոտի ծնողները բոլոր հնարավոր կառույցներին դիմել են՝ Կարմիր խաչ, ՊՆ, հատուկ հանձնաժողով։ Լիանան ասում է՝ սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 13-ը որեւէ ցուցակում Աշոտն ու մյուս տղաները չեն եղել․ «Նոյեմբերի 14-ին, չգիտենք ինչ հիմքով, անհայտ կորածների ցուցակում են ներառել։ Մենք տարբեր տեսանյութերում փնտրել ենք, ե՛ւ ողջերի, ե՛ւ գերիներ մեջ, հստակ որեւէ բան չգիտենք, հստակ որեւէ բան չկա։ Միայն ընկերոջ հեռախոսի հասանելի լինելն է հիմք տալիս կարծելու, որ գուցե փրկելու հնարավորություն եղել է»։

Տղաների ծնողներն ու հարազատները մի քանի անգամ մեկնել են Գորիսի զորամաս, որտեղ տղաները ծառայության են եղել, պահանջել են հրամանատարի հետ հանդիպում, որպեսզի նա անձամբ պարզաբանի տեղի ունեցածը, սակայն ավելի բարձր հրամանատարական կազմը վստահեցրել է, թե կոնկրետ տվյալ զորամասի հրամանատարը դեռ դիրքերում է, չի վերադարձել․ «Իրենք էլ ոչինչ չգիտեն, մեզ ասում են՝ էնքան խառը օրեր էին, մենք ինչ իմանանք՝ ինչ է կատարվել»։

Աշոտ Հայրապետյանին, թեև ներառել են անհետ կորածների ցուցակում, ու մինչ օրս ծնողներին որեւէ հստակ բան չեն ասում, սակայն նրա աշխատավարձը վճարել-չվճարելու հարցում պաշտպանության նախարարությունը «զինվորականի ճշգրտությամբ» է աշխատում։

Աշոտի մոր հեռախոսահամարին միշտ ծանուցում էր լինում որդու աշխատավարձի փոխանցման մասին։ Լիանան վստահեցնում է՝ հոկտեմբեր ամսվա աշխատավարձը՝ 180 հազար դրամից այս անգամ փոխանցվել է ընդամենը 80 հազար դրամ, նոյեմբերինն ընդհանրապես չի եղել․«Զանգել եմ հաշվապահություն, ասում են՝ Աշոտ Հայրապետյանն այլեւս մեր կադրը չէ, աշխատանքից հանված է»։ Աշոտի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է ապրում, տղան այս պայմաններից ելնելով էր որոշել պայմանագրային զինծառայող դառնալ։

«Երկու տարի Օմարում է ծառայել, որպես ժամկետային։ Բանակից եկավ, զինվորական հագուստը հանեց, հետո նորից հագավ։ Երեխան ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել։ Քույրն էլ չորս տարի առաջ 16 տարեկանում մահացավ սրտի կանգից։ Մայրը 40 տարեկան է, մի երեխային կորցրել է, այս վշտին էլ չի դիմանա։ Գոնե գերի ընկած լինի, վերադարձնեն տղային։ Պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում, երբ արդեն հեռախոսային կապը կորել էր Աշոտի հետ, ընտանիքի անդամներով խմբերի էինք բաժանվել, ամենքս տարբեր հիվանդանոցներ ու դիահերձարաններ էինք գնում՝ Աշոտին փնտրելու։ Խեղճ մայրս 40 սառած մարմին է հերթով ստուգել, որպեսզի տեսնի՝ մեր երեխան այդ մարմինների մեջ կա՞»,-պատմում է Լիանան։

Այս անորոշությունը ընտանիքի վիշտն ավելի է սաստկացնում։ Լիանան ասում է՝ ՄԻՊ-ին էլ են դիմել։ ՊՆ-ն ներքին հետաքննություն էլ կարծես մտադիր չէ իրականացնել, Լիանան ասում է՝ դիմել են, բայց հստակ տեղեկատվություն չեն կարող տալ քանի դեռ ռազմական դրություն է, քանի դեռ հրամանատարական կազմը չի վերադարձել դիրքերից․ «Պաշտպանության նախարարությունը մեզ ասաց, որ երեխային արդեն գրանցել են որոնվող»։

Աշոտի հայրը 5 օր է Արցախում է, Լիանան ասում է պաշտոնական մարմիններին են դիմել, որպեսզի թույլ տան տղաների մարմինները փնտրեն, ասել են, որ Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների հետ այսօր կամ վաղը պետք է մտնեն տարածք տղաներին որոնելու։

«Աշոտը բացառիկ գաղտնապահ, զուսպ, շատ համեստ տղա էր, աչքերը միշտ տխուր բան կար, հոգսերի տակ կքած։ Քրոջ մահից հետո էլ ավելի ներամփոփ էր դարձել։ Այդպես էլ չիմացա՝ սեր ունե՞ր սրտում, ի՞նչ երազանքներ ուներ»,-անչափ հուզված ու արտասվելով ասում է Աշոտի մորաքույրը;

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ախ Տեր Աստված արհավիրք

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031