Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակիցների հետ կապը ապահովվում է տարբեր վեկտորներով, որոնցից մեկը մեր  համալսարանն է». Բերտրան Վենար

Դեկտեմբեր 04,2020 20:00

Պրոֆեսոր Բերտրան Վենարը այս տարվա սեպտեմբերի 20-ից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) նոր ռեկտորն է: Նա ճանապարհ անցած գիտնական է, որի հետազոտական աշխատանքները վերաբերում են տնտեսական կեղծիքներին, կիբերանվտանգությանը, կոռուպցիային՝ հատկապես զարգացող երկրներում:

«Առավոտը» պրոֆեսորից հետաքրքրվեց, թե ինչ առաքելությամբ է եկել Հայաստանում Ֆրանսիական համալսարան եւ մյուս ռեկտորների նման ինքն ի՞նչ քար է դնելու համալսարանի հիմքում, հատկապես որ հարուստ կենսագրություն ունի՝ դասավանդել է Օքսֆորդի համալսարանում, Ֆրանսիայում զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ բարձրագույն կրթության բնագավառում, Հո Չի Մին քաղաքում հիմնել է CFVG դպրոցը, որն այժմ Վիետնամի առաջատար բիզնես դպրոցներից է, եղել է հրավիրյալ դասախոս Wharton-ի բիզնես դպրոցում (Փենսիլվանիայի համալսարան), IESE-ում (Իսպանիա), Լոնդոնի բիզնես դպրոցում եւ Քեմբրիջի համալսարանում եւ այլուր: Նրա անունը նշված է Who’s Who in the World հանրագիտարանների շարքում, որտեղ ներկայացվում են աշխարհի ամենաազդեցիկ անհատները:

«Նախ եւ առաջ իմ առաքելությունն այն է, որ պահեմ այն հաջողությունը, որ ունի Հայաստանում Ֆրանսիական համալսարանը եւ շարունակեմ զարգացնել: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կրթում է հայ երիտասարդներին՝ 5 ոլորտներում՝ իրավաբանություն, ֆինանսներ, կառավարում, մարքեթինգ, ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա: Ունենք նաեւ ավելի գլոբալ առաքելություն՝ նպաստել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Այժմ ապրելով Հայաստանում՝ ես գիտեմ, որ մեր համալսարանն իր ուրույն դերն ունի՝ զարգացնել հայ երիտասարդության ունակություններն ու կարողությունները, որպեսզի այդպիսով մասնակցենք Հայաստանի զարգացմանը»,-ասաց պրոֆեսորը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ քար է դնելու բուհի հիմքում, պրոֆեսոր Վենարը դա պայմանավորեց իր անցած ճանապարհով եւ փորձով. «Իմ փորձն ավելի շատ ֆրանսիական է: Ես Հայաստանում Ֆրանսիական համալսարանը համեմատում եմ Ֆրանսիայի համալսարանների հետ՝ ցանկություն ունենալով բարձրագույն կրթության նշաձողը բարձր պահել: Բացի Ֆրանսիայից, իմ փորձը կապված է նաեւ այլ երկրների հետ՝ Վիետնամ, Սինգապուր, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, բոլորովին վերջերս վերադարձել եմ Օքսֆորդից, որտեղ շարունակում եմ գործունեությունս՝ հեռակա կարգով: Մենք ֆրանսիական եւ եվրոպական համալսարանների գերազանցության փորձը բերում ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարան»:

Ռեկտորը նշում է, որ երկամսյա պաշտոնավարման ընթացքում փորձել է ամփոփել բուհի անցած քսան տարին, գրեթե 60 անհատական հարցազրույց ունեցել անձնակազմի հետ եւ 30 ժողով արել, իսկ այդ հանդիպումների նպատակն էր՝ հասկանալ, թե ամեն մեկն ինչպես է պատկերացնում բարձրագույն կրթության ոլորտը Հայաստանում եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դերն այդ համատեքստում, տեսլականը՝ հետագա զարգացման վերաբերյալ, մշակել ճկուն եւ մասնակցային ռազմավարություն:

Քանի որ իր նշանակմանը հաջորդել էր պատերազմը, հարցրինք՝ ի՞նչ տեսլական ունի համալսարանի ուսանողների եւ շրջանավարտների ուժերը՝ ՀՀ տնտեսության մեջ ներդնելու եւ առկա ճգնաժամերը հաղթահարելու առումով:

«Հայաստանը գտնվում է բազմատեսակ դժվարությունների մեջ՝ սոցիալական, սանիտարահիգիենիկ, ռազմական եւ տնտեսական…Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները եւ շրջանավարտներից պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնել են ռազմաճակատ, ունենք ուսանողներ, որոնք զինվորական ծառայության մեջ են: Ցավոք, մեր ուսանողներից 4-ը զոհվել են: Կամավոր ռազմաճակատ մեկնած մեր ուսանողները կրում են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կարեւորագույն արժեքները՝ ազնվությունը, անձնվիրությունը, անաչառությունը, որոնք կոռուպցիայի հականիշներն են: Նրանք սեփական կամքով մեկնել են ռազմաճակատ, մինչդեռ շատերի նման կարող էին մնալ տանը եւ հետեւել իրադարձություններին սոցցանցերով: Նրանք, սակայն, սեփական շահը մի կողմ են դրել՝ հանուն հանրային շահի, հանուն հայրենիքի: Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել օգնել իրենց, որպեսզի օր առաջ ինտեգրվեն ուսումնական գործընթացին եւ քաղաքացիական կյանքին»:

Ինչ վերաբերվում է տնտեսական դժվարություններին, նրա խոսքով, դա ավելի հեշտ է բացատրել. «Մենք ամեն տարի 200-ից ավելի շրջանավարտ ենք ունենում, որոնք մտնում են Հայաստանի տնտեսություն: Մեր նպատակը Հայաստանի մտավոր ներուժը, տաղանդավոր երիտասարդներին «գողանալը» չէ, մենք նրանց ֆրանսիական կրթություն ենք տալիս՝ գիտելիքները Հայաստանի համար ծառայեցնելու եւ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար»:

Ռեկտորը կարեւորեց նաեւ 2018-ին Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բացումը, որի նպատակն է կրթել ինժեներների, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի մասնագետների, որոնք կզարգացնեն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը:

Մեր դիտարկմանը, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մի կտոր Ֆրանսիա է Հայաստանում եւ ժողովրդավարական Ֆրանսիայի ներկայությունն է ապահովում, ինչը կարեւոր է հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի սերտացման առումով՝ հատկապես վերջին իրողությունների համատեքսում, ռեկտորը պատասխանեց, որ համալսարանը ոչ միայն հայ-ֆրանսիական բարեկամությունն է խորհրդանշում, այլեւ իր ուսանողների ու դասախոսների միջանձնային կապերով հայ-ֆրանսիական հարաբերություններն է ամրապնդում. «Մենք ունենք 2 գործընկեր՝ Ժան Մուլեն Լիոն- 3 եւ Թուլուզ-3 Պոլ Սաբատիե համալսարանները, որոնց դասախոսներն ամեն տարի գալիս են Հայաստան, շփվում են հայ ուսանողների հետ, հայ ուսանողներն էլ շփվում են ֆրանսիացի դասախոսների հետ, ինչը փոխադարձաբար հարստացնում է: Այս համագործակցությունը եւ ֆրանսիացի դասախոսների ներկայությունը UFAR-ում կարեւոր դեր ունեն նաեւ ֆրանսերենի եւ ֆրանկոֆոնիայի զարգացման առումով: Դա նաեւ ֆրանսիական, եվրոպական կրթական մեթոդների ներկայությունն ու փոխանցումն է հայկական կրթության մեջ: UFAR-ը ապահովում է կապը 450 մլն բնակչություն ունեցող Եվրոպայի, այսինքն՝ աշխարհի ամենամեծ տնտեսական ուժերից մեկի հետ՝ շնորհելով Ֆրանսիական դիպլոմ: Երբ Ֆրանսիայի կամ Եվրոպայի քաղաքացիները գալիս են Հայաստան, շփվում են հայ երիտասարդության հետ՝ մեկնելուց հետո դառնում են Հայաստանի դեսպաններ, որովհետեւ իրենց հետ տանում են տպավորություններ Հայաստանի մասին: Բացի այդ, մեր լավագույն ուսանողներին ամեն տարի ուղարկում ենք պրակտիկայի ֆրանսիա եւ այլ ֆրանկոֆոն երկրներ, ու այդ ուսանողները ոչ միայն UFAR-ի դեսպաններն են դառնում, այլեւ Հայաստանի»:

Ռեկտորից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի հարցը. «Որպեսզի Հայաստանում Ֆրանսիական համալսարանը շարունակի նպաստել Հայաստանի տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացմանը, շատ կարեւոր է Հայաստանի եւ Ֆրանսիայի աջակցությունը, որը մենք շարունակական ձեւով ստանում ենք: Մեր համալսարանը գերազանցության համալսարան է, եւ մեծ ցանկություն ունենք բացառիկ նախագծեր իրականացնել, սակայն շենքային պայմանները խանգարում են: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ամբիցիա ունի ստեղծելու տարածաշրջանային մասշտաբով կարեւորագույն Ֆրանկոֆոն կամպուս, եթե ունենա համապատասխան տարածք: Համալսարանն այս թեմայով համագործակցում է տարբեր գործընկերների հետ եւ ունի ԿԳՄՍ նախարարության աջակցությունը, ինչպես համալսարանի գործունեության մշտական աջակցությունը: Հատկապես ներկայիս համատեքստում շատ մեծ ակտիվության կարիք կա՝ պետք է շարժիչ ուժ լինել, եւ մեր ներդումն ունենալ երկրի զարգացման գործում»:

Որպես ամփոփում ռեկտորը շեշտեց, որ ներկայիս իրավիճակում շատ կարեւոր է ունենալ դաշնակիցներ, իսկ դաշնակիցների հետ կապը ապահովվում է տարբեր վեկտորներով, որոնցից մեկը հենց Հայաստանում Ֆրանսիական համալսարանն է. «Հայ-Ֆրանսիական բարեկամական հարաբերություններն իրական են, դրա ապացույցն է նաեւ այն, որ պատերազմական իրավիճակում ֆրանսիական հասարակական, մշակութային եւ պետական կառույցներ ու գործիչներ քանիցս ելույթներով հանդես եկան ի պաշտպանություն Հայաստանի: Բոլորիս նպատակն է զարգացնել հայ-Ֆրանսիական բարեկամությունը՝ կոնկրետ գործողություններով:

Մի օրինակ բերեմ՝ կապված կոնկրետ գործողությունների հետ: Ինչպես արդեն նշեցի, ունենք ուսանողներ, որոնք մեկնել էին առաջնագիծ, եւ նրանց ընտանիքները դժվար կացության մեջ էին: Երբ պատերազմը սկսվեց ու մեկ շաբաթից ավելի տեւեց, ես անմիջապես իմ թիմին խնդրեցի, որ սցենարներ մշակենք, որպեսզի ռազմաճակատ մեկնած ուսանողներին վերադառնալուն պես օգնենք վերաինտեգրվել ուսումնական պրոցեսին, այսինքն՝ սցենար-1. ի՞նչ է լինում, երբ պատերազմն անմիջապես ավարտվում է. սցենար-2՝ պատերազմն ավարտվում է երկու ամսից եւ սցենար-3՝ պատերազմն ավելի երկար է տեւում: Մենք համապատասխան ծրագիր մշակեցինք՝ հաշվարկելով այն գումարը, որը մեզ վրա նստելու է հավելյալ դասերի, դասախոսների վճարների եւ այլնի դեպքում, որպեսզի ուսանողներին կրկին ուղեկցենք համասարանական կյանք:

Յուրաքանչյուր ուսանող զինվորի դեպքը անհատապես ուսումնասիրվելու է, ոչ միայն համալսարանի շրջանակում ենք աջակցելու նրանց, այլեւ հոգեբանական աջակցություն է տրամադրվելու է: Բացի դասերը լրացնելը, մենք նաեւ ֆինանսական միջոցներ ենք գտել բարերարների միջոցով, որպեսզի կարողանանք վճարել տղաների տարեկան ուսման վարձը:

Բնավ կարեւոր չէ, թե տվյալ զինվորի ընտանիքը ինչ ֆինանսական ռեսուրսներ ունի, ամեն դեպքում իրենք մեծ զոհաբերություն են արել, ուսանողը մեկնել է ռազմաճակատ, մեծ սթրես է ապրել, եւ այն, ինչ արվում է, ամենաքիչն է, որ համալսարանը կարող է անել նրանց համար: Մենք չենք մոռանում նաեւ մեր 4 զոհերի ընտանիքներին, որոնց անձամբ եմ այցելել, իհարկե՝ մխիթարության կամ փոխհատուցման մասին չէ խոսքը: Մենք ընդամենը դրամական աջակցություն ենք տրամադրում այդ ընտանիքներին՝ մեկ տարվա ուսման վարձի չափով:

Դա նվազագույնն է, որ համալսարանը կարող է անել անձնազոհ երիտասարդների ընտանիքների համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031