Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր ժամը 12․00-ի սահմաններում այցելել է Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց հացադուլ հայտարարած Գյումրու թիվ 2 դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանին ու ազատամարտիկ Տիգրան Չամաքյանին՝ հորդորելով դադարեցնել այն ու ընտրել բողոքի արտահայտման այլ ձև։ Սրբազանը երկար զրույց է ունեցել իր հոտի ներկայացուցիչների՝ հացադուլավորների ու նրանց մոտ հավաքված անձանց հետ։
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Տիգրան Չամաքյանը, Սրբազանի հորդորը չէին կարող մերժել, հակառակ դեպքում նա ևս կնստեր հացադուլի։
«Սրբազանն ասաց՝ եթե չդադարեցնեք հացադուլը, ես ևս ստիպված կլինեմ ձեր հետ հացադուլի նստելու, ով ով, բայց մենք չէինք կարող Սրբազանի խոսքը գետնով տալ։ Կանցնենք բողոքի այլ ձևի, ես օրինակ՝ վաղը կմասնակցեմ հանրահավաքի», -ասաց Տիգրան Չամաքյանը։
Հիշեցնենք, որ դաշնակցական Հովհաննես Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 30-ի երեկոյան՝ Լաչինի փրկօղակի հանձնումից երկու ժամ առաջ, մեկ օր անց նրան էր միացել ազատամարտիկ, մանկավարժ Տիգրան Չամաքյանը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ