Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում կազմակերպվել է հակամարտության ընթացքում անհետ կորած խաղաղ բնակիչների և զինծառայողների որոնման ու փոխանակման աշխատանքներ: Աշխատանքն իրականացվում է բացված թեժ գծի միջոցով:
Ռուս խաղաղապահների տելեգրամյան էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին այդ կապով տեղեկություն է ստացվել այն մասին, որ Խրամորթ գյուղում անհետ կորել են Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում և տեղափոխվել Բաքու:
Ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել նրանց վերադարձնելու վերաբերյալ: Դեկտեմբերի 4-ին Համբարձումյանը և Խաչատուրյանը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օդանավով տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանային ծառայությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ