Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Ավինյանը հովանավորչությամբ տնօրեն է նշանակե՞լ․ Գյումրու թիվ 25 դպրոցի կոլեկտիվը բացատրություն է պահանջում նրանից

Դեկտեմբեր 04,2020 18:50

Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի անձնակազմը, զայրացած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ցածր ձայներ հավաքած թեկնածուին՝ Իրինա Բաղդասարյանին տնօրեն նշանակելու փաստից, այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում։

Նրանք բացատրություն են պահանջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, նշում են, որ չնայած մեր երկրի համար բարդ ու պատասխանատու փուլ է, սակայն անկարող են լռել, քանի որ ամիսներ շարունակ իրենց ձայնը չեն լսել ու կայացրել են դպրոցի շահերին հակասող որոշում։

Նրանք նաև նախազգուշացնում են՝ եթե փոխվարչապետը չվերանայի իր որոշումը և չլսի իրենց ձայնը, կսկսեն բողոքի ակցիաներ, այդ թվում գործադուլ։ Ի դեպ, խախտվել է նաև դպրոցի տնօրենի նշանակման համար սահմանված ժամկետը, նշանակում պիտի կատարվեր հինգ օրվա ընթացքում, մինչդեռ մրցույթը կայացել է սեպտեմբերի 15-ին, սակայն մինչև սեպտեմբերի 25-ը նշանակում չի կատարվել։

Բանն այն է, որ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում մասնակցել են յոթ թեկնածու, հաղթող են ճանաչվել երկուսը՝ այս դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը և Իրինա Բաղդասարյանը՝ Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրենը։ Մերուժան Մինասյանը, որը դպրոցի կոլեկտիվի բնութագրմամբ, հավասարակշռված անձնավորություն է, 20 տարուց ավել աշխատում է դպրոցում, դպրոցաշինության ակունքներում կանգնած անձնավորություն է, հստակ պատկերացնում է դպրոցի զարգացման հեռանկարը, հավաքել է չորս ձայն, իսկ Իրինա Բաղդասարյանը, որին այս դպրոցի ուսուցիչները չեն ճանաչում, հավաքել է ընդամենը երկու ձայն։ Ու քանի որ նրանցից ոչ մեկը չի հավաքել հինգ ձայն, ուստիև, ըստ գործող կարգի, փոխվարչապետը պիտի նշանակում կատարեր։

Մրցույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, սակայն փոխվարչապետ Ավինյանը ուշացումով՝ դեկտեմբերի 1-ին է նշանակել Իրինա Բաղդասարյանին։ Նշենք, որ դպրոցի աշխատակիցները նախքան նշանակումը նամակ են հղել Տիգրան Ավինյանին, ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանին և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ խնդրելով հաշվի առնել իրենց ձայնը և նախապատվությունը տալ իրենց նախընտրած թեկնածուին։ Նրանք ոչ մի պատասխան չեն ստացել նամակին։

Ինչպես ներկայացրեցին բանախոսները, փոխվարչապետի աշխատակազմի կողմից նոյեմբերի 27-ին հեռավար հարցազրույց են անցկացրել հաղթած երկու թեկնածուների հետ՝ նախապատվությունը տալով իրենց անծանոթ Իրինա Բաղդասարյանին։ Ի դեպ, բանավոր հարցազրույց անցկացնելը, ինչպես նշում էին բանախոսները, ևս օրենքի խախտում է, այն վերապահված չէ փոխվարչապետին։

«Հիմա փակագծեր չենք բացի, բայց կա որոշակի ուղղորդվածություն Իրինա Բաղդասարյանին նշանակելու հարցում, ցավալի է, որ մենք այս կարծիքն ունեինք դեռ մինչև ընտրությունները, ունեցանք այդ օրերին, հետագա ամիսների ընթացքում։ Այս կարծիքը կա ոչ միայն դպրոցի ներսում, այլ անկախ մեզանից քաղաքի տարբեր հատվածներում։

Դրա վկայությունն է նաև այն, որ մեր բողոքի ձայնին ի պատասխան՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երեկ արձագանքեց՝ նշելով, որ ինքը երեկ այս հարցով դիմել է փոխվարչապետին և իր կարծիքով՝ այս նշանակումն անընդունելի է, դասական հովանավորչություն է։ Եթե իշխանությունը ներկայացնող պատգամավորն է ընդունում այս փաստը, մենք այստեղ մեկնաբանություն չենք փորձի անել», -ասաց դպրոցի պատմության ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը։

Նա նշեց, որ փոխվարչապետի անձնակազմի անցկացրած հարցազրույցը թեկնածուների հետ նախևառաջ խնդրահարույց է այն պատճառով, որ տեղի է ունեցել ռազմական դրության պայմաններում, և ինչպես իրենց թեկնածուն, այնպես էլ իրենք, այդ ընթացքում չէին կարող պաշտպանել իրենց իրավունքները ։

«Բացի այդ փոխվարչապետի որոշումը պիտի կայացվեր առկա փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ թեկնածուների, մասնակիցների անձնական գործերի, միգուցե և ծրագրերի ուսումնասիրության արդյունքում։ Հարցազրույց օրենքով նախատեսված չէ, կարող եք նայել 28․1 հոդվածով «Պետական, հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի» վերաբերյալ։ Այստեղ ոչ մի նշույլ չկա, որ հարցազրույցի փուլ պետք է տեղի ունենա։ Ավելին ասեմ, մենք այստեղ նաև տեսնում ենք, որ խորհուրդն է անցկացնում հարցազրույց թեկնածուների հետ, ոչ թե փոխվարչապետը, որը ոչ մի լիազորություն չունի, բայց, ցավալիորեն, ոչ միայն մեր դպրոցի, այլ մյուս դպրոցների պարագայում անցկացնում է նմանատիպ հարցազրույցներ։

Ու հետաքիքրն այն է, որ 15-20 րոպեի ընթացքում մարդիկ ստանում են տպավորություն ու իրենց տպավորությունը գերակշռում է մեր տասնյամյակների տպավորությանը։ Անկեղծ ես զարմանում եմ այդ մարդկանց մտավոր կարողությունների վրա, որոնք 15-20 րոպեում կարող են աշխտորոշել՝ թե որ թեկնածուն կարող է լավ կառավարել, մյուսը՝ վատ կառավարել», -ասաց Թաթուլ Խաչատրյանը։

Մինչ ասուլիս հրավիրելը դպրոցի աշխատակիցները փորձել են կապ հաստատել փոխվարչապետի և վարչապետի աշխատակազմի հետ, սակայն պատասխան են ստացել, որ կորոնավիրուսի հետ կապված փոխվարչապետն ընդհանրապես ընդունելություն չի կատարում։ Ուսուցիչներին փոխանցել են, որ երբ քննեն իրենց նամակը, այդ ժամանակ նոր կպատասխանեն։

Դպրոցի փոխտնօրեն Տոնոյան Շուշանը, որը կառավարման խորհրդի անդամ է, ասաց․ «Եթե ընտրություն է կատարվել․ չորս ձայնի դեմ դուրս է գալիս երկու ձայնը ու հաղթում, ինձ բացատրություն է պետք, պատճառը ո՞րն է։ Ընտրություն է կատարվել ու հանկարծ նշանակում է կատարվում հօգուտ երկու ձայնի։ Եթե մեզ հաշվի չպիտի առնեին , մեր ձայները քանակն ընդհանրապես կապ չուներ, իմաստ չուներ ընտրությունը։

Ակնկալում ենք պատասխաններ, ես մաթեմատիկայի ուսուցչուհի եմ, ո՞նց կարող եմ աշակերտների բացատրել, թե երկուսն ավելի մեծ է, քան չորսը։ Ես չորս ձայնը համադրում եմ երկուսի հետ, ես գիտեմ, որ չորսը մեծ է, եթե իրենք ուրիշ թվաբանական համակարգով են հաշվել, թող բացատրություն տան։ Մեր անձնական իրավունքների խախտում է տեղի ունեցել, մեծամասնության իրավունքն է խախտվում, թող նշեն այն առավելությունը, որի համար նախապատվությունը տվել են մյուս թեկնածուին։ Եթե մեր երկրում դեմոկրատիա է փոքրամասնության համար, ապա կասեի, որ դիկտատուրա է մեծամասնության համար»։

Դպրոցի ուսուցչուհիներից Մարինե Գրիգորյանը, որը ևս կառավարման խորհրդի անդամ է, ասում է, որ դպրոցն աշխատել է ժամացույցի նման, այն քաղաքի հեղինակավոր դպրոցներից է՝ կրթական բարձր մակարդակով, շենքային յուրահատուկ պայմաններով։

«Հաշվի չառնել ո՛չ ուսուցիչների, ո՛չ կառավարման խորհրդի կարծիքը, մենք բացատրություն ենք պահանջում։ Ի՞նչ չափորոշիչներով է փոխվարչապետը կայացրել այդ որոշումը, եթե նշանակովի է, ի՞նչ կարիք կար այս ընտրությունը կազմակերպել ու ունենալ այս բեմականացումը, ուրեմն նշանակեին»,- ասում է Մարինե Գրիգորյանը։

Նոր տնօրենին դեռ չեն ներկայացրել, դպրոցի ուսուցիչները մեկ անգամ ևս նախազգուշացնում են՝ իրենց պահանջը հաշվի չառնելու դեպքում կդիմեն տարատեսակ ակցիաների ու կբացեն հովանավորչության մասին փակագծերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031