Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։
ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով իրականացվում են գործառույթները՝ սահմանը հատողներին մատուցելով որակյալ մաքսային սպասարկում. «Աշխատանքային բնականոն ռեժիմի անցած մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: Դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսակետով սահմանն արդեն հատել է շուրջ 1700 բեռնատար: Եթե դեկտեմբերի 1-ին այդ թիվը կազմել է 410, ապա դեկտեմբերի 3-ի ընթացքում սահմանը հատել է շուրջ 700 բեռնատար»:
Գեղամ Վանունին վստահեցնում է, որ մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով և սարքավորումներով, որպեսզի սպասարկումը լինի հնարավորինս արագ ու հարմարավետ և սահմանը հատողները կարողանան կարճ ժամանակում իրականացնել մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին, ռազմական դրության պայմաններում, Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգությունից ելնելով՝ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար հորդորել էր Բագրատաշենի անցակետի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը:
Ի դեպ, դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին