Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՆ-ն ներքաղաքական շահարկումներ մեջ ներքաշելը վնաս է ՀՀ-ին». նախարար Արա Այվազյանը լրագրողների հարցերին չպատասխանեց

Դեկտեմբեր 04,2020 17:19

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին`ասելով, որ «դիվանագիտությունը լռություն է սիրում»: Նա ընթերցեց իր հայտարարության տեքստը:

ԱԳ նախարարի հայտարարությունը հետեւյալն է.

1. ՀՀ ԱԳՆ-ն մեր ինքնիշխանության ու պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել ՀՀ-ի եւ հայ ժողովրդի շահերը: Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը եւ ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը: Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն:

Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները եւ հայրենակիցները:

2. Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջեւ, որը հերոսաբար դիմակայեց Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծած ագրեսիային եւ տապալեց ցեղասպան եռյակի դաշինքի պատմական հայրենիքում հայ ժողովրդի ոչնչացնելու նկրտումները: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես եւ մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել եւ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը եւ անհնարինը՝ իմաստավորելու հայ ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը եւ այդ ձեւով վառ պահելու նրանց հիշատակը:

3. Այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում երեկ հարցազրույցում եւ ԵԱՀԿ նախարարական խորհրդում ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիարժեք եւ համապարփակ լուծման ուղղությամբ:

4. Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի, ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որեւէ մեկնաբանություն:

Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ, հավատալ եւ վստահել հայ դիվանագիտությանը:

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հ. Գ. ԱԳ նախարարի այս հայտարարությանը ֆեյսբուքյան էջում արդեն իսկ արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մասնավորապես գրելով. «Տարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031