Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց զուգահեռ «նոր իշխանական մարմինների» ձևավորման և «հրապարակում պաշտոնատար անձանց նշանակման» հանցավոր կոչերը պետք է դադարեցնել րոպե առաջ. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Դեկտեմբեր 04,2020 17:11

2020թ․ նոյեմբերի 10-ից հետո ընկած ժամանակամիջոցում երկրում լարվող ներքաղաքական զարգացումները շարունակում են շատ կանխատեսելի դերակատարների միջոցով նույնքան կանխատեսելի ընթացքով շարժվել։ Հնչում են կոչեր և հայտարարություններ, որոնք ոչ միայն հակապետական, հակաօրինական և հակասահմանադրական են, այլև հակասում են ՀՀ պետական շահի, ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման գերակայություններին։

Այդ գործընթացները բացի պետականության համար կործանարար լինելուց, ունեն քաղցկեղածին բնույթ և կարող են անդառնալիորեն քայքայել պետական կառավարման համակարգը, ինչը հղի է աղետալի հետևանքներով։

Որքան էլ տարօրինակ է, այդ կոչերը հնչեցնող քաղաքական գործիչները, որոնցից շատերը ոչ վաղ, մյուսները վաղ անցյալում զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ, շատ լավ են պատկերացնում իրենց հայտարարությունների հետևանքը պետականության քայքայման և ի վերջո կործանման համար, բայց դրված նպատակին հասնելու համար ոչնչի առջև չկանգնելու գործելաոճը նորություն չէ և մշտապես ուղեկցել է նրանց։ Պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց զուգահեռ «նոր իշխանական մարմինների» ձևավորման և «հրապարակում պաշտոնատար անձանց նշանակման» հանցավոր կոչերը պետք է դադարեցնել րոպե առաջ։ ՀՀ պետական կառավարման համակարգը ձևավորվել է համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների։ Սա նշանակում է, որ այն միակ լեգիտիմությամբ օժտված հիերարխիկ համակարգն է, որը տիրապետում է  սահմանադրական տրամաբանությունից բխող կարգավորման լծակների։ Այդ համակարգի ամեն մի օղակ կատարում է սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորություններին համապատասխան գործառույթներ, որոնք կազմակերպում է առաջնային մանդատ ունեցող քաղաքական ուժի կողմից ընտրված պետական պաշտոնյան։ Այլ մեխանիզմների կիրառման արդյունքում «հայտարարված» պաշտոնյաների առաջքաշումն ու նրանց միջոցով պետական կառավարման համակարգի գործառույթների իրականացման փորձերը պարունակում են հակասահմանադրական, հեղաշրջման տարրեր և կործանարար են ոչ միայն նախաձեռնող քաղաքական ուժի, այլև հայոց պետականության համար ընդհանրապես։ Երկիշխանության ցանկացած դրսևորում, անկախ կողմերի հարաբերակցության մակարդակից, միանշանակորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության կորուստի։

Այսու, Հայաստանի ուժային կառույցներին, պետական կառավարման համակարգի պատասխանատուներին՝ մեր պետության նորագույն պատմության օրհասական պահին դրսևորել զգոնություն, բարձր գիտակցություն, անվերապահորեն կատարել սահմանադրությամբ և օրենքներով իրենց տրված լիազորությունները, դրանց շրջանակներում կանխել առկա և հնարավոր բոլոր հակաօրինական և հակապետական գործողությունները՝ շարունակելով անվերապահորեն սպասարկել հանրային, պետական և միայն ու միայն պետական շահը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031