«Մարդկանց ակտիվ գործողությունների գիտակցումն օրըստօրե աճում է: Քաղաքական կուսակցություններն ինչ-որ առումով կուլմինացիայի հասցրեցին, ավելի որոշակի դարձրեցին մարդկանց համար հնարավոր քաղաքական ապագան: Այն, ինչի մասին խոսվում էր՝ անցումային կառավարություն եւ այլն, ստացավ որոշակի մարմնավորում եւ օրակարգը դարձավ ամբողջական»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում, խոսելով Վազգեն Մանուկյանի մասին՝ որպես անցումային կառավարության ղեկավարի թեկնածու, ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Նա նշեց, որ Փաշինյանին հեռացնելու գործընթացներն ավելի մեծ թափ են ստանալու. «Անգամ այն մարդիկ, որոնք համաձայն չեն 16, 17-ի օրակարգի հետ, կամ միշտ այն հարցն էր ծագում՝ եթե սա չէ, բա ո՞վ, հիմա այդ հարցը փակվեց: Ընտրել ենք շատ հայտնի եւ մեծ փորձով պետական գործչի, որը կկարողանա երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Անգամ անորոշության մեջ գտնվող մարդիկ, որոնք դեռ քաղաքական նախընտրություն չունեն եւ դրա համար լինելու է այս անցումային ժամանակաշրջանը, միանշանակ եկել են այն եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը վերջացած է՝ որպես պետական գործիչ, որպես քաղաքական ասպարեզում ինչ-որ ֆիգուր»:
Կուսակցության խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ամեն րոպեն, երբ շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ունի կործանարար բնույթ. «Հիմա օր օրի ավելի շատ մարդ է դուրս գալիս շոկային իրավիճակից, գնահատում առկա իրավիճակը եւ դուրս գալիս փողոց՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու: Երբ ասում է՝ չկա իմ հեռացման հասարակական պահանջ, մենք շատ լավ հասկանում ենք ու արդեն համոզվել ենք, որ նրա խոսքը չունի արժեք: Ֆեյսբուքյան գրառումներից ոգեւորվող, տոգորվող Նիկոլի համար ամենակարեւորը ֆեյսբուքյան իրականությունն է, այդ իրականության մի մասն էլ իրենք իրենց ֆեյքերով լցնում են»:
Հարությունյանը վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի իր օրակարգը ու հստակ «դավաճանին հեռացնելու է վարչապետի պաշտոնից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ