«Դժբախտությունն այն է, որ Փաշինյանն իրեն ստորացնելով՝ ստորացնում է մեզ: Այսօր նա, այնուամենայնիվ, ՀՀ-ին եւ հայ ժողովրդին է ներկայացնում: Նա ունակ չէ շարունակել կառավարել, չունի այլեւս դրա լիազորությունը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
«Թե ինչպես հեռացնել Փաշինյանին եւ նրա իշխանախումբը, ընդդիմությունն ասել է՝ հանրային ճնշման միջոցով իրականացնել Փաշինյանի պաշտոնազրկումն ԱԺ-ում եւ նոր վարչապետ նշանակել, որն իշխելու է սահմանափակ ժամկետում եւ նպատակ է ունենալու նվազեցնել հանրային ճգնաժամը, արտաքին գործընկերների հետ վերականգնել հարաբերությունները եւ դրա միջոցով փորձել մեղմել պատերազմի աղետալի հետեւանքները»,-շեշտեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հակաճգնաժամային կառավարությունում ներգրավվելու են նաեւ այլ պետական այրեր, փորձագետներ, որոնք կառավարչական փորձառություն ունեն:
Արա Հակոբյանի խոսքով՝ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ինչ ասես՝ կարող է լինել. «Մենք չունենք պետություն, իշխանություն, որը հոգ կտանի մեր մասին: Մենք պաշտպանված չենք, անվտանգային խնդիրը լուծված չէ: Ինչո՞ւ պետք է նա մնա իշխանության»:
Կարդացեք նաև
Արա Հակոբյանը կոչ արեց վաղը 15:00-ին մասնակցել ընդդիմության հանրահավաքին՝ մի կողմ դնելով այս կամ այն քաղաքական գործչին սիրել-չսիրելու հանգամանքները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ