Սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի ժամանակ Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առաջ դրված խնդիրը. այն է` Ղարաբաղի տարածքի լիակատար վերահսկողություն: Այս կարծիքին է ռազմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հրթիռային եւ հրետանային գիտությունների ակադեմիայի տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:
Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում ռուս փորձագետը կարծիք հայտնեց, որ սխալ է գնահատել ռազմական գործողությունների արդյունքները` առանց զինված ուժերի նախնական վիճակը հաշվի առնելու: Նա հիշեցրեց, որ թուրք զինվորականները եւս մասնակցում էին ռազմական գործողությունների անմիջական ղեկավարմանը, այս մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը, ինչի համար էլ զրկվեց պաշտոնից: Բացի այդ, նաեւ արեւմտյան աղբյուրներն են նման տվյալներ փոխանցել:
«Այնպես որ, ես չեմ կարծում, որ այս դեպքում հայկական կողմը պարտություն է կրել: Այն պայմաններում, որում նա հայտնվեց` հակառակորդի ուժերի հրեշավոր` վեցապատիկ գերազանցությամբ, աշխարհում ոչ մի բանակ ավելիին հասնել չէր կարող»,- ասաց փորձագետը`հավելելով, որ պաշտպանական մարտերում թշնամուն կոտրելն ուժերի նման հարաբերակցության պայմաններում` նույնիսկ տարածքի մի մասի կորստի գնով, մեծագույն սխրանք է եւ հաղթանակ:
«Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկու գնահատմամբ էլ պաշտպանությունն իրականացվել է հիմնականում Լեռնային Ղարաբաղի տարածքում զինվորների եւ սպաների հերոսական գործողություններով, ովքեր պաշտպանում էին իրենց հայրենի հողը, քանի որ ԼՂ պաշտպանական համակարգը բավականաչափ արդյունավետ չի կառուցվել, նաեւ չհաջողվեց կանխատեսել եւ կանխել ադրբեջանական բանակի գործողությունները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ