Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան․ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է լիներ առավել խիստ

Դեկտեմբեր 04,2020 16:24

«Քաղաքական ուժերի մասին օրենքը պետք է գրեին քաղաքական ուժերը»,- «Մեդիա կենտրոնի»՝ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված քննարկման ընթացքում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Նա նշեց, որ իրենց կուսակցությունը աշխատանքային խմբում ներգրավված չի եղել, և ի սկզբանե իրենք կարծել են, որ օրենքի ինչպիսին լինելու վերաբերյալ գաղափարները պետք է գեներացնեն քաղաքական շրջանակները, իսկ մասնագիտական շրջանակները դրա մասնագիտական եզրակացությունը կամ ձևակերպումները պետք է տան։ Սակայն, այդպես չի եղել։

«Նախագիծը բավականաչափ զարգացում է ապրել, այսինքն՝ նրա սկզբնական քննարկվող գաղափարներում ներկուսակցական գործընթացներին մասնակցությունը շատ ավելի քիչ էր ենթադրվում կամ ընդհանրապես անընդունելի մի բան էր ենթադրվում՝ միջամտել ներկուսակցական կազմակերպչական խնդիրներին, մեխանիզմներին։ Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այդ առումով այս պահին գոյություն ունեցող նախագիծն ունի առաջընթաց, այսինքն՝ ղեկավար մարմին անպայման պետք է լինի, առնվազն 7 անդամից պետք է բաղկացած լինի, եթե չեմ սխալվում թվի հարցում։ Ներկուսակցական ընտրությունները փակ, գաղտնի քվեարկություններով պիտի կատարվեն։ Սրանք կարևոր ատրիբուտներ են, որոնք այդ թվում նաև մեր օրակարգի մաս են եղել։ Եվ մենք կարծում ենք, որ պետք է էական կարգավորումներ մտցնել կուսակցության ներքին կանոնավարման մեխանիզմների մեջ»,- ասաց նա։

Միքայել Նահապետյանի խոսքով՝ իրենք կարծում էին, որ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է լիներ առավել խիստ և նախատեսված լիներ անցումային շրջանի համար․ «Հիմա բերված է մի օրենքի նախագիծ, որը որոշ վերապահումներով, իհարկե՛, կարելի է համարել բոլոր ժամանակների օրենք։ Այսինքն՝ երկարաժամկետ, ժողովրդավարության մասին օրենք է սա, որպիսին կարծում եմ՝ մեր մոտ չկա և պետք է հաստատել այդպիսի ժողովրդավարություն, ինչը մենք կարծում ենք, որ ավելի խիստ օրենսդրությամբ էր հնարավոր անել՝ միջամտելով հարցերի ավելի լայն շրջանակին և ավելի խիստ միջամտություն ցուցաբերելով։ Մասնավորապես՝ պատժամիջոցների մասում ավելի լայն գործիքակազմ կիրառել, բայց դա արված չէ։ Եվ այս առումով է իմ հիմնական թերահավատությունը, թե այս օրենքը հնարավորություն կտա կարգավորել Հայաստանի կուսակցական դաշտը այնպես, որ այն ազատվի 30 տարիների ընթացքում մեզ հայտնի արատներից»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031