«Դրական եմ վերաբերվում 17-ի այն որոշմանը, որ իրենք իրենց մեջ ուժ գտան ու որոշեցին, թե իրենց մեջից ով կարող է լինել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն: Սակայն հասկանանք, որ 17-ը չի ներկայացնում ողջ հայ ժողովրդին, այլ ներկայացնում է քաղաքական դաշտի մի մասին»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման հիմնադիր, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով 17 քաղաքական ուժերի կողմից Վազգեն Մանուկյանին որպես վարչապետի թեկնածու ընտրելու փաստին:
«Հուսամ քաղաքական դաշտի այլ բեւեռներ կունենան իրենց թեկնածուին եւ ծրագրերը, եւ վերջում այս բոլորն ի մի կբերվեն: Չեմ ուզում ասել, թե ով ինչ տոկոս ունի: Չէի էլ ուզի, որ այսօրվա քաղաքական դաշտի անձինք զբաղվեին իրենց վարկանիշը բարձրացնելով: Եկեք մի կողմ թողնենք դա: Արտահերթ ընտրություններն ուշ պետք է արվեն, ոչ շուտ: Շուտը ճիշտ չէ: Այս դեպրեսիվ վիճակում ընտրություններ հնարավոր չեն, եւ ժամանակավոր կառավարության գործառույթներից մեկը պետք է լինի ժողովրդին դեպրեսիայից հանելը, այլապես չենք կարող մեր ողնաշարն ուղղել: 17-ին հորդորում եմ հասկանալ, որ իրենք ընդամենը մի մասն են ներկայացնում քաղաքական դաշտի, ոչ ամբողջը, ոչ էլ կեսը»,-հավելեց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ իրենք, օրինակ, փակում են անցյալի քաղաքական տարակարծությունների էջը եւ երկխոսելու, իրավիճակը փրկելու ելքեր են որոնում. «Վերջապես սովորենք սեղանի շուրջ հանգիստ իրար հետ խոսել: Այլապես պետություն չենք ստեղծի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ