Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքական աստղը շուտով խամրելու է». Սեֆիլյանը կոչ է անում ազգովի պատրաստվել պատերազմի

Դեկտեմբեր 04,2020 15:59

«Թուրքական կողմի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի աստղը, որն այս օրերին փայլում է, շուտով խամրելու է, եւ ի օգուտ մեզ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվելու: Ակնհայտ է, թե Թուրքիայի շուրջ ինչպիսի կոալիցիա է ստեղծվել: Եթե ժամանակին մեր արտաքին քաղաքականությունը նման վիճակում չլիներ, մենք վաղուց պետք է հայտնված լինեինք հակաթուրքական կոալիցիայում, որում կանխվեց թուրքական ախորժակը միջերկրածովում: Եթե մենք լինեինք այդ կոալիցիայում, այստեղ էլ այդ ախորժակը կզսպվեր»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման հիմնադիր, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք՝ այսօր նա համոզմունք էր հայտնել, որ պատերազմում կորցրածը հետ ենք բերելու եւ ավելի մեծ նվաճումներ ենք ունենալու, եթե ժամանակավոր կառավարություն ստեղծենք եւ քայլենք ազգային պետություն ունենալու ճանապարհով:

«Մենք դեռ տարիներ առաջ ենք ասել, որ Թուրքիան դատապարտված է: Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ դատապարտված են մասնատման: Պետք է պատրաստվենք դրան եւ ներդրում ունենանք դրանում: Որոշողը մենք չենք, ուղղակի պետք է գիտակցենք՝ եթե ուզում ենք արեւի տակ տեղ ունենալ, պետք է դառնանք ազգ-բանակ: Եթե ուզում ենք նույնանման կորուստները շրջանցել, ազգովի պետք է զինվենք, ազգովի պետք է պատրաստվենք արդիական պատերազմի: Եթե արդիական զենք չունենք, դա չի նշանակում, թե լուծում չկա: Կարելի է անգամ մարտ վարել թշնամու հետ, որը գերազանցում է քեզ, եթե ունես կամք, միտք, ճիշտ մարտավարություն ու ոգեղենություն: Թող որեւէ մեկը չկասկածի դրանում, պատմությունը շատ օրինակներ ունի»,-նշեց Սեֆիլյանը:

Նա պնդեց, որ Արցախում թուրքական բանակին ջախջախելու հնարավորություն ունեցել ենք, պարզապես պետք էր ուղեղ աշխատեցնել, ոչ թե ենթարկվել այս կամ այն աշխարհաքաղաքական ուժին. «Մենք այս պատերազմը պարտվեցինք ոչ միայն Նիկոլի դավաճանության պատճառով, այլեւ 94թ.-ից մինչեւ այսօր քաղաքական խավի ստրկամիտ լինելու պատճառով: Հուսամ՝ այս մեծ կորուստը բոլորիս կսթափեցնի, կփակենք անցյալի էջը, հին ու նորը մի կողմ կթողնենք եւ ազգային պետություն կստեղծենք: Մեր քաղաքական ուժի առաքելությունը սա է լինելու: Վստահ եմ, որ պատերազմից հետո ակնկալիքները մեզանից բազմապատկվել ենք: Երբ այս ամենի մասին խոսում էինք պատերազմից առաջ, մեզ մեղադրում էինք, թե մենք պատերազմ ենք ուզում: Ոչ, հակառակը: Եթե ուզում եք կանխել պատերազմը, պետք է պատրաստվես պատերազմի: Իսկ մեզ պատերազմատենչի պիտակ էին կպցնում»:

Ժիրայր Սեֆիլյանը վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն այս տարածաշրջանում պետք է վերածվի ազգ-բանակի՝ «ոզնու», որպեսզի որեւէ մեկը չհամարձակվի դիպչել մեզ. «Այսօր դրա հնարավորությունն ունենք եւ այդ ուղղությամբ համառորեն աշխատելու ենք: Իմիջիայլոց, երբ խոսում ենք պաշտպանական նոր հայեցակարգերից, մեր գլխավոր շտաբում վերջապես այս ուղղությամբ լուրջ մտադրություններ կան: Անկախ քաղաքական ընթացքից՝ մենք, որպես նախկին զինվորականներ, ամեն ինչով աջակցելու ենք բանակին: Շարունակելու ենք լինել կամավոր: Ժողովրդին հորդորում եմ՝ այն ոգեղենությունը, որն աշխարհում կար հայերի շրջանում, շարունակեք: Դուրս եկեք դեպրեսիայից եւ շարունակեք նույն ոգեղենությամբ օգնել բանակին եւ պաշտպանական ծրագրերին, մինչեւ վերածվենք պետության: Առանց այդ ոգեղենության պետություն չենք ստեղծի: Միակ հենման կետը, որն այսօր կծառայի ազգային պետություն ստեղծելուն, դա բանակն է: Այն ունի շատ սխալներ, որոնք ասելու տեղ կա, այդտեղ կասենք, բայց նորից եմ ասում՝ բանակին պետք է գուրգուրել, բուժել ազգովի: Կորուստը ճնշել է մեզ, բայց պետք է վերականգնվել, բանակին օգնել զինվորական պարագաներով, գումարով, նորարարություններով, անօդաչուներով, Հայաստանով մեկ բունկերների վերածվելով»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031