Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ

Դեկտեմբեր 04,2020 16:20

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի հայտարարությունը

ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որևէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում:

Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

Կորոնավիրուսի համավարակի և բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, և հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարևորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռևս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է և պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին:

Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։

Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ:

Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ և մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաև մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է և կա որպես հայերենագիտության զարգացման անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր:

Երևանի պետական համալսարան-YSU

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031