Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազա ունենալը թե ՀԱՊԿ-ի`անվտանգության միջոցառումների, թե օպերատիվ-ռազմավարական տեսանկյունից, ՌԴ-ի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Այս կարծիքին է ՌԴ հրթիռային եւ հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ռազմական գիտությունների դոկտոր ՌՀՀԳԱ փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:
Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման եւ այդ տարածքում ռուսական ռազմաբազա հիմնելու մասին խոսելիս, բանախոսը նաեւ ասաց, որ ՌԴ-ն իր բազաները տեղակայում է ճանաչված պետությունների տարածքում, քանի որ դա սահմանված է ռազմաբազաների տեղակայման միջազգային համաձայնագրերով. «Այդ պատճառով, այս պայմաններում ԼՂ տարածքում ռազմաբազայի տեղակայումը անհնար է: Բայց խաղաղապահների թվաքանակի ավելացումը`ԼՂ կողմի առաջարկով, միանգամայն իրականանալի եւ նորմալ գործընթաց կլինի»:
Փորձագետի գնահատմամբ, ռազմաբազայի հիմնումը բավական բարդ գործընթաց է նաեւ տեխնիկական հնարավորությունների առումով, քանի որ ռազմաբազան ենթադրում է նաեւ այնպիսի հզորությունների ընդգրկում, ինչպիսիք են օդանավակայանը, ռազմական տեխնիկայի նորոգման համար անհրաժեշտ հզորություններ, ռազմամթերքի պահեստներ, բազայի ծառայողների ընտանիքների համար բնակության պայմաններ եւ այլն, ուստի Լեռնային Ղարաբաղում բազա ունենալը նաեւ տնտեսական առումով բավական բարդ կլինի ՌԴ-ի համար: Բացի այդ, բանախոսի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի գոյությունը կբերի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացման, ինչն այս փուլում ՌԴ-ին բացարձակ ձեռնտու չէ:
«Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկու կարծիքով էլ, ՌԴ-ն այդ տարածաշրջանում արդեն ունի ռազմաբազա: Նա նկատի ունի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: Նաեւ մեծաքանակ զորք ունի Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում, ուստի, ռուսական ռազմական մշտական ներկայությունը ԼՂ-ում, որի կարգավիճակը դեռ հայտնի էլ չէ, առնվազն անհասկանալի է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ