Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք հրճվում էին, երբ մենք տարածքներ էինք զիջում հակառակորդին». Սեֆիլյանը՝ Շուշին հանձնելու եւ դավաճանների մասին

Դեկտեմբեր 04,2020 14:28

«Շատ մոտիկից ենք հետեւել դրան, շատ տեղեկացված ենք, թե ինչ է եղել: Բոլորը գիտեն, որ Շուշին մինչեւ վերջ երբեք չի հանձնվել: Նման բան չի եղել: Այո, ժամանակ է եղել, որ քաղաքը մեծամասամբ մեր ձեռքում չի եղել, սակայն երբեք Շուշիի բարձրավանդակից մենք չենք իջել»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման հիմնադիր, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեղեկությունների է տիրապետում Շուշին կորցնելու առնչությամբ:

«Ավելին՝ հինգ-վեց օրում, մինչեւ ամսի իննը, եղել է, որ ամբողջությամբ ենք վերականգնել: Մենք գիտենք, որ Լիսագորից դեպի Շուշի հայկական կողմը Շուշիի ազատագրման գործողություն էր սկսել: Մեկ-երկու օր էլ եթե չստորագրվեր տխրահռչակ փաստաթուղթը, Շուշին  կազատագրվեր: Անշուշտ, այդ ամենը եղավ քաղաքական նենգ դավաճանության պատճառով»,-նշեց Սեֆիլյանը:

Նա շեշտեց. «Առայժմ կարող եմ ասել, որ պատերազմի ժամանակ գետնի վրա գոյություն ուներ աներեւույթ կառույց, որն ամեն ինչ անում էր, որ հայկական կողմը տանուլ տա: Երբ ՀՀ-ում ժամանակավոր իշխանություն եւ քննչական խումբ ձեւավորվի, այս ամենը պետք է քննվի: Վստահ եմ, որ հազարավոր մարտիկներ գետնի վրա տեսել են այն, ինչի մասին խոսում եմ: Անգամ տեսել են մարդկանց, որոնք հրճվում էին, երբ մենք տարածքներ էինք զիջում հակառակորդին՝ հույս ունենալով, որ դրա արդյունքում Նիկոլ Փաշինյանն իշխանությունը տապալելու է: Դժբախտաբար, արցախյան ռազմաճակատում նաեւ նման մթնոլորտ ենք ունեցել: Վստահ եմ, որ դա բացահայտվելու է, դա թաքցնել հնարավոր չի: Այս պատճառով է, որ ռազմաճակատը հասավ մինչեւ Շուշի, եւ ստորագրվեց տխրահռչակ թուղթը:

Ասեմ, որ այլընտրանք կար: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այլ լուծում չկար, չարաչար սխալվում է: Կար: Քաշաթաղ, Քարվաճառ. այս անառիկ բնակավայրերը ո՞նց կարելի է առանց կրակոցի տալ: Մենք տասնամյակներով կարող էինք այդտեղ պաշտպանվել, անգամ՝ առանց օդային պաշտպանության եւ մի քանի տասնյակ հազար տղամարդկանցով: Եվ Շուշիում, եւ Քարվաճառում, եւ Մարտակերտում…բնությունը մեզ այդ հնարավորությունը տալիս էր, եւ, իհարկե, ժողովրդի ոգեղենությունը: Նախորդ պատերազմում կամավորականության այնպիսի մթնոլորտ, ինչպիսին այս պատերազմում է, չի եղել: Այն, ինչ ես տեսա, դա աննախադեպ է՝ տասնապատիկ անգամ ավելի ոգեղեն վիճակ էր, իսկ դավաճանությունը եղավ քաղաքական ղեկավարության մոտ: Ժողովուրը պատրաստ էր Սարդարապատի…»:

Ապա Սեֆիլյանը դարձավ դավաճանական կառույցին, սակայն փոշմանեց՝ ասելով, որ հիմա չի ուզում փակագծեր բացի, առաջիկայում կխոսի:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031