Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կորցրածը բերելու ենք, նոր նվաճումներ ենք ունենալու». Սեֆիլյանը թվարկում է դրանց հասնելու քայլերը

Դեկտեմբեր 04,2020 13:50

«Առաջիկայում աշխարհաքաղաքական զարգացումները սկսելու են ի օգուտ մեզ գործել: Կուզենայի ժողովրդին հուսադրել` մեր վիճակը շատ տխուր ու ծանր է, բայց դա չի նշանակում, թե այդպես է մնալու: Պետք չէ ընկճվել: Ծանր վիճակից դուրս ենք գալու եւ ոչ միայն վերականգնելու ենք կորցրածը, այլեւ նոր նվաճումներ ենք ունենալու: Սրա նախապայմանն օր առաջ ազգային պետություն ստեղծելն է»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման հիմնադիր, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Նախորդ քսանհինգ տարում ուշադրություն չդարձրինք այդ հարցին: Քաղաքական դաշտը պարտավոր է այս գաղափարի շուրջ համախմբվելու: Առաջին քայլն իշխող վարչակազմից ձերբազատումը պետք է լինի: Առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման՝ հնարավոր չէ որեւէ լուրջ քայլ կատարել: Պետք է գնալ դեպի ժամանակավոր կառավարություն: Լավ կլիներ, եթե Փաշինյանն ինքը նախաձեռներ իր հեռացումը, որպեսզի ճգնաժամից հնարավորինս անցնցում դուրս գայինք: Սակայն, հետեւելով նրա վարքին եւ շարժուձեւին, մեծ հույսեր չկան, որ կունենա գիտակցություն: Թեեւ ուշ չէ: Եթե ոչ, ժողովուրդն ուժ եւ ձեւաչափ պետք է գտնի՝ դա կյանքի կոչելու»,-համոզմունք հայտնեց նա:

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է բովանդակությունն ու ծրագիրը. «Քաղաքական շրջանակներն առաջիկայում կարեւոր հարցերի շուրջ պետք է երկխոսություն ունենան՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները: Առաջին անելիքը հետպատերազմյան վիճակն է: Ժողովրդից գաղտնի Փաշինյանը ապօրինաբար ստորագրեց փաստաթուղթ: Նոր կառավարությունը պետք է ասի, որ այդ թուղթն ուղղակի զինադադար է եւ հումանիտար հրադադար: Դրանից բացի՝ մեր համար մնացած կետերը չպետք է նշանակություն ունենան: Առաջնային է ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձի հարցը: Արցախի հարցի վերաբերյալ նոր կառավարությունը պետք է տեսակետ հայտնի, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլի իրավիճակից ազատվելու եւ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ դիվանագիտական հնարավորություններով Մինսկի խմբի շրջանակում պետք է վերականգնել 94թ.-ի զինադադարի սահմանները»:

Հաջորդ կարեւոր խնդիրը, ըստ Սեֆիլյանի, անվտանգային պաշտպանական վիճակն է. «Այն հնարավոր չէ բարելավել առանց արտաքին քաղաքական ճիշտ դիրքավորման: Օր առաջ պետք է բազմաբեւեռացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը: Սա էլ է ժամանակավոր կառավարության գլխավոր անելիքներից: Եթե շարունակելու ենք նախկին միաբեւեռ, խեղճացած արտաքին քաղաքականությունը, պաշտպանական որեւէ խնդիր չենք կարողանա լուծել: Մյուս կողմից, բոլորս ենք գիտակցում, որ դեռեւս պատերազմի մեջ ենք: Ինչ-որ ժամանակ անց մարտական գործողությունները սկսվելու են արեւելյան եւ արեւմտյան, Նախիջեւանի հատվածներում: Դա ավելի հավանական է: Օր առաջ պետք է պատրաստվել: Ժամանակավոր կառավարությունը եթե խնդիր դնի միայն նոր ընտրությունների կազմակերպումը, վնաս ենք կրելու պաշտպանական իմաստով: Հաջորդը: Խնդիր ունենք երկրում օր առաջ համերաշխության, արդարության մթնոլորտի ձեւավորման, առանց որի մեր պաշտպանությունը չի հաջողելու»:

Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ժամանակավոր կառավարության գործունեության հատվածում ինքնիշխանությանը դեմ արտահայտվող անձանց պետք է կոշտ միջոցներով զսպել. «Պետք է նաեւ գիտակցենք, որ մեր անվտանգությունը կապ ունի ինքնիշխան դրոշի շուրջը համախմբվելու հետ: Միայն դրա շնորհիվ է հնարավոր այս տարածաշրջանում ֆիզիկապես մնալ, այլապես շատ վատ բաներ կլինեն: Այնուամենայնիվ, ես լավատես եմ այդ իմաստով, քանի որ հայ ժողովուրդը հազարամյակներ է գոյատեւել՝ շատերի համար առեղծվածային ձեւով»:

Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ առանց հրապարակային գործունեության՝ աշխատելու են այս ուղղությամբ, որպեսզի ժամանակավոր կառավարությունը հետամուտ լինի իրենց առաջարկներին. «Մինչեւ նոր ընտրությունները կազմակերպելը ժամանակավոր կառավարությունը պետք է նոր սահմանադրության խնդիրը լուծի՝ հարցը հանրաքվեի դնելով: Եթե մենք չազդենք բովանդակային առումով, ստիպված կլինենք ժողովրդի օգնությանը դիմել, եւ եթե կարիք լինի, փողոցային գործողություններին կվերադառնանք: Սակայն ուզում ենք, որ ժամանակավոր կառավարությունը նվիրյալներով ձեւավորվի, այլապես բեռը հնարավոր չի լինի կյանքի կոչել»:


Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031