Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնարարը դատապարտվել է 19 տարի ազատազրկման. Թագուհի Մանսուրյանի նկատմամբ բռնության դեպքի ավելի քան 3 տարի տևած դատավարությունը հանգուցալուծվեց

Դեկտեմբեր 04,2020 13:10

Բռնարարը դատապարտվել է 19 տարի ազատազրկման: Թագուհի Մանսուրյանի գործով ավելի քան երեք տարի տևած դատավարությունը, որը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի առանցքայիններից է, հանգուցալուծվեց։

📌Կացնահարության այս սարսափելի դեպքը հանրային մեծ արձագանք գտավ և բռնության դատապարտման ճանապարհը շատ երկար ու բարդ էր:
📌Կնոջ նկատմամբ բռնության այս դեպքի հանրայնացումը, իրավական և հասարակական մակարդակներում բռնարարի դատապարտումը շատ կարևոր քայլ է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գործում:
📌 Տարիներ շարունակ դատական համակարգում եղել են բազմաթիվ անտրամաբանական վճիռներ, և բռնարարները երբեմն կնասպանության դեպքում անգամ դատապարտվել են ընդամենը 3,5 տարվա ազատազրկման։
📌 Այս դատավճռով կարծես թե բեկում արձանագրվեց և մենք լիահույս ենք, որ դատավճիռը շարունակական կդարձնի կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների միանշանակ դատապարտումը թե´ իրավական, թե´ հասարակական մակարդակներում:

Գործի մանրամասները․
2016 թվականի հուլիսի 8-ին, Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքում, Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նույն օրը՝ Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսինը հերթական անգամ սպառնալիքներով եկել էր նախկին կնոջ ծնողների տուն և փորձել ներս մտնել: Կնոջ ծնողները ոստիկանություն էին զանգահարել, իսկ ոստիկանները՝ ժամանելուն պետ Թագուհուն և նրա մորը տարել էին ոստիկանական բաժանմունք՝ բացատրություն տալու, Իսկ բռնարար ամուսինը մնացել էր տեղում՝ հայտարարելով, որ վատ է զգում, քանի որ նախկին կնոջ ծնողներն իր նկատմամբ բռնություն են գործադրել։ Բացատրություն տալուց հետո ոստիկանները մորը և դստերը հետ են բերել տուն՝ գիշերվա ժամը 4-ին: Իսկ մուտքում՝ նրանց սպասում էր կացնով զինված և դարանակալված Վլադիկ Մարտիրոսյանը։

«Իջեցրեցին [մեքենայից]՝ մենք մտել ենք մուտք: Աստիճանները բարձրացանք, հասա դռան դեմը՝ ինքը կացնով արդեն հարձակվեց: Իմ գլխին է խփել, մեջքիս, ուսիս ու փորիս հատվածում: Ես գոռացել եմ ՝ օգնություն, էլ չեմ հիշում», – պատմում է Թագուհի Մանսուրյանը։

Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ սպանություն, և դիտավորությամբ՝ երկու և ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը։
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը:

Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը, սակայն դատապարտելով ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այդ ընթացքում տղամարդը հասցրեց կատարել նոր հանցագործություն։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել