ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Անդրանիկ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ նույն զուգահեռն է տանում: Նախ՝ ԱԺ ամբիոնից նոյեմբերի 17-ին հայտարարեց. «Երբ Արարատ Միրզոյանին ես գնացի տեսա, երբ անվտանգության տղաներն ասում էին՝ պարոն Քոչարյան, Արարատը ընկածա, մենք իրանց ասում ենք՝ ինքը մահացած է, էլ մի խփեք, իրենք շարունակում ենք խփել։ Դա նման էր Վահե Ավետյանի սպանությանը»:
Հետո նույն համեմատությունն արեց «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում, որտեղ մասնավորապես ասաց. «Անվտանգության աշխատակիցները, որպեսզի հանդարտեցնեն վայրագ դրսևորումները, կոչով դիմել են չհարվածել՝ ասելով, որ ԱԺ նախագահի մարմինը սառած է, և իմաստ չունի հարվածելը, սակայն շարունակել են հարվածել, այսպիսի իրողությունները, եթե մոռացել եք՝ հիշեցնեմ՝ տեղի էին ունենում նախկինում, երբ որ օլիգարխիկ հրոսակախմբերը շեֆից ստանում էին հրահանգ մինչեւ վերջ սատկացնելու: Հիշեք նույն պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր Վահե Ավետյանի սպանության դրվագը»:
ԶԼՄ-ներն 2019-ին արդեն հիշեցրել են, թե Վահե Ավետյանի մահվանից հետո՝ 2012 թվականին, երբ կատարվեց այդ դեպքը՝ ինչպես էր արտահայտվում Անդրանիկ Քոչարյանը: Առանց որեւէ մեկնաբանության հատվածներ ներկայացնենք նույն ԶԼՄ-ին այդ ժամանակահատվածում տրված մեկ այլ հարցազրույցից: Real Poltik հաղորդաշարի շրջանակում այդ հարցազրույցը վարել էր Արման Բաբաջանյանը, իսկ Անդրանիկ Քոչարյանն այդ ժամանակ «Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի ղեկավարն էր:
«– Պրն Քոչարյան, վերջերս «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքերն առիթ հանդիսացան քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաների մի նոր ալիքի, որի հիմնական թիրախը դարձավ Ռուբեն Հայրապետյանը: Այս իրադարձությունները նաև առիթ հանդիսացան Ձեր և Ռուբեն Հայրապետյանի վաղեմի ընկերական հարաբերությունների շուրջ տարաբնույթ քննարկումների և շահարկումների: Մասնավորապես արծարծվեց այն հարցը, թե ինչու և ինչպես Ռուբեն Հայրապետյանի անունը տեղ չի գտել Մարտի 1-ի սպանդին ուղղակիորեն մասնակցած օլիգարխների ցանկում: Ինչպե՞ս կմեկնաբանեք «Հարսնաքարի» դեպքը, ի՞նչ եք մտածում «Հարսնաքարի», Ռուբեն Հայրապետյանի մասին, որն ուղղակի կապ ունի այս իշխանության հետ և այս իշխանության կարևորագույն սյուներից է, և այն մեղադրանքի, որի մասին ես հիշեցի:
Կարդացեք նաև
– Ինքս էլ նկատել եմ «Ֆեյսբուքի» էջերում նմանատիպ շահարկումներ` կապված իմ և Ռուբեն Հայրապետյանի ընկերական հարաբերությունների և դրանց օգտագործման հետ: Ինձ համար շատ ծանր թեմա է: Ծանր է այն առումով, որ «Հարսնաքարում» տեղի է ունեցել մի բան, որը կապված է իմ վաղեմի ընկերոջ անվան հետ: Բայց ես այնուամենայնիվ չեմ խուսափի այս հարցին պատասխանելուց և կպատասխանեմ առավելագույնս անկեղծ և համոզիչ:
Այո, Ռուբեն Հայրապետյանը եղել է իմ վաղեմի ընկերը: Մենք իրար հետ ապրել ենք, գործել ենք, արել ենք շատ ազնիվ ընկերություն, և մեր ընկերությունից տևական ժամանակ օգտվել են այսօրվա ընդդիմության մեջ եղած շատ երևելի ղեկավարներ ևս: Ռուբեն Հայրապետյանը իր ցուցաբերած օգնությունների, բարեգործությունների մասին երբևիցե չի հնչեցրել, և իր բնավորության մեջ չի տեղավորվում այս մասին բարձրաձայն հնչեցնելը: Դրանք արվել են նաև ինչ-որ տեղ իմ և ընկերական հարաբերությունների շրջանակում: Դա` մինչև 2008 թվականը:
… «Հարսնաքարը» ըստ էության հաստատեց մեր այսօրվա պետության իրական դեմքը: Ինչ է կատարվում մեր երկրում: Ըստ էության, փորձ արվեց ամեն ինչ շահարկել և գցել մի մարդու վրա: Ես չեմ ուզում պաշտպանել Ռուբեն Հայրապետյանին, բայց ես չեմ կարող չխոսել այն քննարկումների մասին, որոնք շատ վտանգավոր ընթացք են ստանում, եթե դեմը չառնեն, որովհետև դա իրավական ուղուց դուրս է գալու: «Հարսնաքարի» դեպքի բացահայտման խնդիր, կասկած, գոնե ինձ մոտ, չկա, որովհետև կան կալանավորված մարդիկ, ի տարբերություն մարտի 1-ի գործի, երբ կալանավորվեցին միայն մի թևի ներկայացուցիչները, իսկ հրաման տվողները և իրականացողները այս պահի դրությամբ ազատության մեջ են: Ավելին` այդ հրաման տվողներից մեկն այսօր ԱԺ պատգամավոր է, ինչը, չգիտես ինչու, պառլամենտի ՀԱԿ անդամներին չի հետաքրքրում: Երբ ես կարդում եմ, որ ՀԱԿ համակարգողը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս «Հարսնաքարի» գործով, կներեք, իմ մեջ հարց է առաջանում` գուցե առաջին հերթին նախաձեռնություններով խեղդեինք` նույն ԱԺ ամբիոնը օգտագործելով Մարտի 1-ի բացահայտմանը միտված քայլերով: Բայց Մարտի 1-ի թեման կարծես Կոնգրեսի համար դրվել է մի կողմ և նոր զբաղմունք է հանդես եկել, իսկ «Հարսնաքարի» պարագայում կան կալանավորվածներ:
– Պայքարող հատվածը ասում է, որ Ռուբեն Հայրապետյանը ուղղակի մեղավորություն ունի:
– Ռուբեն Հայրապետյանը ինքն էլ է այդ մասին հայտարարել: Ավելին` Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն հայտարարել է, Ռուբեն Հայրապետյանը նաև կատարել է քայլ` նա հրաժարական է տվել: Իհարկե նշում են, որ նա հրաժարականը տվել է ստիպողաբար, Սերժ Սարգսյանի պարտադրանքով, հայտարարության տեքստը ինքն է գրել կամ ինքը չի գրել, բայց մենք պետք է ելնենք կատարված փաստից, որ հրաժարականի տեքստի տակ կա Ռուբեն Հայրապետյանի ստորագրությունը և ոչ թե կա հրամանագիր` Ռուբեն Հայրապետյանին հեռացնելու Սերժ Սարգսյանի հրամանագիր: Ռուբեն Հայրապետյանը իր հայտարարության տեքստի մեջ հստակ ասել է, որ ինքը կիսում է պատասխանատվությունը, որովհետև այդ հանցագործությունը կատարել են մարդիկ, որոնք ըստ էության կապվում են իր ընտանիքի գործունեության հետ: Բայց միաժամանակ այդ մարդը օգտվել է Ռուբեն Հայրապետյան անձի` իշխանության համար կարևոր լինելու փաստից, և նրանք իրենց պահել են լկտի: Այստեղ հարց է առաջանում` Ռուբեն Հայրապետյանը դա արեց, մանդատը վայր դրեց, ինչը, իմիջիայլոց, շատ լուրջ քայլ եմ ես համարում այն առումով, որ սրանից հետո գոնե կարգավորվի Հայաստանի դատաիրավական համակարգը: Այսօրվա օլիգարխներն արդեն կարևոր նախադեպ ունեն: Չենք կարող չընդունել, որ այս նախադեպի հեղինակը Ռուբեն Հայրապետյանն է, որին բոլորը չգիտես ինչու մոռանում են և հիշատակում են միայն Նեմեց Ռուբո, և դնում են այնպիսի պահանջներ, որոնք իրավական տիրույթից դուրս են: Մնացած իրավական խնդիրները պետք է լուծի այն իրավական համակարգը, որի բացթողումների արդյունքում է, որ մեր պետության մեջ ամեն օր կարող են լինել «հարսնաքարեր»: «Հարսնաքարը» նոր դեպք չէ, այսպիսի «հարսնաքարեր» եղել են դեռ «Պապլավոկից» սկսած և դրանից առաջ և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր դատաիրավական համակարգը իր իշխանությունը չի զիջել քրեաօլիգարխիկ պաշտոնյաներին:
– Պրն Քոչարյան, ովքե՞ր են ձեռքերը տաքացնում այս հարցում:
– Ձեռքերը տաքացնում են բոլորը, որովհետև այս ամբողջ գործընթացի, շահարկումների մեջ փորձ արվեց ստվերել, օգտագործել իմ և Ռուբեն Հայրապետյանի ընկերական հարաբերությունները և ստվեր գցել նաև Փաստահավաք խմբի զեկույցի վրա: Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք կասկածի տակ են դնում իրենց 4 տարվա պայքարի արդյունքում ստացած զեկույցները, որոնք պատմություն են, որոնց արդյունքում ծնվել է Տիգրան Պասկևիչյանի հրաշալի ֆիլմը, որը փաստագրական ֆիլմ է այն մասին, որ երբեք Մարտի 1-ը հնարավոր չէ կոծկել, մոռանալ: Ամեն մարտի 1-ին ֆիլմը հիշեցնելու է, թե ինչ է եղել Հայաստանում: Ուզում եմ ասել, որ հիմա խաղում են բոլորը, բայց թիրախը ընտրված է մի մարդ: Թիրախ պետք է ընտրեն պետության արատները, ոչ թե Ռուբեն Հայրապետյանի անձը:
Պահանջում են զրկել բիզնեսից, ամեն ինչից, նույնիսկ կատարեցին այնպիսի քայլ, որը անհնար է պատկերացնել: Մարդկանց ուղղորդեցին կոնկրետ մարդու տան շեմ, տուն, որը հայ ընտանիքի համար սրբություն է, և նույն Ռուբեն Հայրապետյանը չի կարող իր ընտանիքը թողնել անպաշտպան: Տուն տանողների մտքով անցե՞լ է, որ եթե մի պրովոկացիա լիներ և ոստիկանությունը չփորձեր կանխել, ինչ կլիներ: Ես կարող եմ ասել, որ պարզապես ամենասառնասիրտը և ամենաճիշտը իրեն պահել է «Բազազ» մականունով Ռոբերտ Մելքոնյանը, որը կարողացավ այդ գերլարված պրովոկացիոն վիճակը հանդարտեցնել:
Իհարկե, մոմավառությունը լավ է, հիշատակի հարգանք է, բայց հիշատակը անընդհատ դարձնում են շահարկման թեմա: Հանել իրավական տիրույթից և ամեն ինչ տանել դեպի անարխիայի և Լինչի դատաստան, կներեք, դա մեզ ոչ մի տեղ չհասցնող քայլ է: Այսօր քաղաքական ուժերն իրենց շահն են հետապնդում, քաղաքացիական նախաձեռնությունները փորձում են իրենց ինքնադրսևորման տեսանկյունից իրենց շահը սպասարկել, տարբեր օլիգարխներ նույնպես փորձում են իրենց շահը սպասարկել:
Եթե մենք ասում ենք` պատասխանատվությունը կրում է միայն Ռուբեն Հայրապետյանը, ապա նա ընդունեց և իր հայտարարությամբ դա հաստատեց: 2008 թվականից սկսած Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ մի բան անուրանալի է. գոնե ֆուտբոլում այդ մարդը` իմ ընկերը, իրեն դրսևորել է որքան հնարավոր է ճիշտ տեսանկյունից և նույնը պահանջել նաև ֆուտբոլի հարցում, որտեղ իրավասություն չունեն պահանջողները: Ինչքան ուզում են` գրեն, ֆուտբոլի աշխարհը պետք է դրան արձագանքի: Եկեք չօգտագործենք ուրիշի դժբախտությունը մեր ներքին խնդիրների, մեր նպատակներին հասնելու համար: Ես կոչ կանեմ, որպեսզի բոլոր տեսակի շահարկումները դադարեցվեն. այն ոչ մի հեռանկար չունի: Պետք է իրականությանը նայել իրական, ճիշտ, պարզ աչքերով, ոչ մի ռենտգեն սարք սրա համար անհրաժեշտ չէ»: